Հայաստանի վարչապետի և Ղարաբաղի նոր նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում՝ տոնական օրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում կայացել է տոնական, ոչ աշխատանքային օրը։
Մայիսի 28–ին Հայաստանի բնանկիչներն ու ողջ հայկական սփյուռքը նշում են Հանրապետության տոնն ու Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի օրը։ Խոսքը Հայաստանի Առաջին հանրապետության մասին է, որը հռչակվել է 1918 թ–ին, և հայկական զինված կազմավորումների ու թուրքական բանակի միջև Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ճակատամարտի մասին։
Հայաստանի վարչապետը խորհրդանշական է համարում այն, որ Հայաստանում առաջին պաշտոնական հանդիպումը ԼՂ նորընտիր նախագահի հետ անցկացվել է հենց այս օրը։
Հայաստանի Հանրապետությունը, որը հռչակվել է 1918 թ–ի մայիսի 28–ին, ընդունված է անվանել Առաջին։ Հետևաբար, Խորհրդային Հայաստանը երկրորդն էր, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որն իր անկախությունն է հռչակել 1991 թ–ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, երրորդն է։
«Հայաստանն ու Ղարաբաղն անվտանգության ընդհանուր տարածք են»
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդները հանդիպման ընթացքում պայմանավորվել են երկարաժամկետ ռազմավարական նախագծերի իրականացման մասին։
«Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի», — ասել է Հայաստանի վարաչպետը։
ԼՂ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ ինտեգրման խորացումն իր համար այդ պաշտոնում լինելու է գլխավոր բաղադրիչներից մեկը։ Նա անգամ ինտեգրման հատուկ կոմիտեի ստեղծման պլաններ ունի․
«Մենք նպատակներ ունենք անվտանգության և տնտեսության ոլորտներում։ Մենք հաշվի ենք առնում նաև Արցախի առանձնահատկությունները, Արցախի նկատմամբ հատուկ ուշադրությունը։ Ակնկալում ենք անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում»։
Ինչպե՞ս է նշվել Հանրապետության տոնն այս տարի
Ամեն տարի ավանդաբար հազարավոր մարդիկ են այցելում «Սարդարապատի» հուշահամալիր, որը կառուցվել է հերոսամարտից 50 տարի անց։ Հայկական զինված կազմավորումների և Թուրքիայի կանոնավոր բանակի միջև մարտերը տեղի են ունեցել 1918 թ–ի մայիսի 21–28–ը։
Հայաստանում համարվում է, որ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակը կանխել է հայ ժողովրդի բնաջնջումը։ Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլքերը գրել է, որ պարտության դեպքում «շատ հավանական է, որ «Հայաստան» բառը պահպանվեր ընդամենը որպես պատմական աշխարհագրության եզր»։
Այս տարի հուշարձանը փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Սարդարապատի ճակատամարտի և Առաջին հանրապետության հռչակման 102-ամյակի կապակցությամբ հուշահամալիր էին այցելել միայն պաշտոնատար անձինք՝ Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունը։
