«Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի կնքման հասցնելու խնդիր դրված չէ»․ կարծիք
Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպում Լոնդոնում
Լոնդոնում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Փաշինյան—Ալիև հանդիպման մասին նախապես տեղեկություններ չէին տարածվել։ Նախօրեին, սակայն, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական կողմին մեղադրեց բանակցություններից հրաժարվելու մեջ։ Հաջիևի փոխանցմամբ՝ առաջարկել են հանդիպել մյունխենյան ձևաչափով, այսինքն՝ հանդիպման մեկնարկին մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, այնուհետև Փաշինյանն ու Ալիևը օրակարգային հարցերը քննարկեին երկկողմ ձևաչափով։ Նման հանդիպում տեղի ունեցավ Մյունխենում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
Ադրբեջանական կողմի այս հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը հայտնեց՝ Հայաստանն է հանդիպման առաջարկն արել, Ադրբեջանն էլ մերժել է։
«Առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը Եվրոպական քաղաքական համայնքից ստացել է առավելագույնը։ Նկատի ունի 2022 թ․-ին Պրահայում ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Բադալյանի խոսքով՝ անկախ հարթակից՝ Բաքուն չունի խաղաղության գործընթացը հավասարակշռված, փոխզիջումների հիման վրա առաջ տանելու մոտիվացիա։
Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովների շրջանակներում Փաշինյան-Ալիև երկու հանդիպում է կայացել։ Առաջինը 2022 թ․-ին էր՝ Պրահայում։ Մասնակցում էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Քառակողմ հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագրի։
2023 թ․-ի հունիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Այս անգամ բանակցություններին մասնակցում էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Երրորդ հանդիպումը պետք է կայանար 2023 թ․-ի հոկտեմբերին Գրանադայում, սակայն Ադրբեջանը բոյկոտեց այն։ Այդ ժամանակվանից մինչ օրս ադրբեջանական կողմը Ֆրանսիային մեղադրում է հայամետ լինելու մեջ և հայտարարում, որ Փարիզը չի կարող լինել անաչառ միջնորդ Երևանի և Բաքվի միջև։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքը
Բաքուն խուսափում է իր հանձնառություններից
«Ինչո՞ւ Իլհամ Ալիևը չի ուզում հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Իհարկե, այդ շրջանակում իրենք առավելագույնը ստացան դեռևս Պրահայում, հետո կարողացան խուսափել այն հարցերի վերաբերյալ հանձնառություններից, որոնք իրենց համար էին ենթադրում որևէ պարտավորություն [միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում, Ալմա-Աթայի հռչակագրի ընդունում՝ որպես սահմանազատման գործընթացի հիմք]:
Այդ պարտավորություններից խուսափելու հարցում Ալիևը թերևս պետք է շնորհակալություն հայտնի ձևաչափի միջնորդներին, առնվազն երեք դերակատարի՝ Մակրոնին, Շոլցին և Շառլ Միշելին, որոնք կամ իրենց ցանկության բացակայության կամ պարզապես քաղաքական տկարության պատճառով Ալիևին թույլ տվեցին շահարկել, օգտագործել այդ ձևաչափը։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը խաղաղության գործընթացը հավասարակշռված, փոխզիջումների հիման վրա առաջ տանելու հարցում մոտիվացիա չունի։ Եթե, օրինակ, Ալիևը կամ Արդբեջանի արտգործնախարարը մասնակցում են Հայաստանի հետ այս կամ այն հանդիպմանը, այդ մասնակցությունն իրենց համար ունի մի նպատակ՝ աշխատել կազմակերպիչների հետ, միևնույն ժամանակ՝ պարզապես Երևանին առաջադրել իրենց պայմանները։ Լոնդոնը նույնպես բացառություն չէր։
Բաքուն առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ՝ կամ կլինի իր պայմանների ամբողջական ընդունում, կամ խաղաղության պայմանագրի ստորագրում չի լինի»։
Լոնդոնում տեղի ունեցավ բանակցային ձևաչափերի բախում
«Ակնհայտ է, որ այն, ինչ կատարվեց Լոնդոնում, կատարվեց հենց տեղում ծավալված ինչ-որ գործընթացների արդյունքում։ Եթե բոլորին հայտնի էր, որ լինելու է այդ գագաթնաժողովը և կա հավանականություն, որ այնտեղ են լինելու Փաշինյանն ու Ալիևը, ապա այդ հանդիպման նախապատրաստությունը պետք է մեկնարկեր առնվազն շաբաթներ առաջ։ Պետք է ուրվագծվեր առնվազն ձևաչափը։ Պետք է հստակ լիներ, որ ահա, այս ձևաչափով կա առաջարկ, մնում է հետևյալը՝ կողմերը համաձայնելո՞ւ են, թե՞ ոչ։
Բայց մենք տեսանք, որ Լոնդոնում տեղի ունեցավ ձևաչափերի բախում, այսինքն՝ մի կողմից բրիտանական առաջարկ, մյուս կողմից՝ առաջարկ եվրոպական համայնքի շրջանակում։ Եվ այդ ամենում նույնիսկ նշմարվում է դիմակայություն «բրիտանական» և «եվրոպական» դերի միջև։ Սա է մտահոգիչ, որովհետև այդ դիմակայությունը փաստորեն դարձել է պատճառ, որ ցուցադրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բավական էական անհամաձայնության հանգամանքը։
Խնդիրը միայն այն չէ, որ հանդիպում կարող էր լինել, բայց չեղավ։ Հարցն այն է, որ տեղի է ունեցել բախում ոչ միայն Երևանի և Բաքվի, այլ շատ ավելի խոշոր խաղացողների միջև՝ անհամաձայնության տեսքով։
Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ անգամ ինչ-որ ձևաչափի շուրջ, ընդ որում՝ հանդիպում, որը որևէ մեկին ինչ-որ առանձնակի բան չէր էլ պարտավորեցնելու․․․ Բայց տեսնում ենք, որ անգամ այդ հարցում չեն կարողանում համաձայնության գալ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են որևէ էական համաձայնության գալ շատ ավելի լուրջ՝ բովանդակային հարցերում»։
Երևանի համար շատ կարևոր է սեփական դիրքերը պահելն ու ծուղակում չհայտնվելը
«Չկա այդպիսի հարթակ, որտեղ հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման։ Հիմա, ըստ իս, նման խնդիր դրված էլ չէ։ Կարծես թե կա խնդիր քայլ առ քայլ ինչ-որ առաջընթաց արձանագրել՝ թեկուզ լոկալ համաձայնություններով։ Նկատի ունեմ, օրինակ՝ ստանալ մի այնպիսի համաձայնություն, ինչպիսին եղավ Տավուշում [սահմանազատման գործընթացն ու 4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին]:
Կամ էլ գոնե նախաստորագրել շրջանակային համաձայնագիր հիմնարար սկզբունքների շուրջ։ Ընդ որում, այդ տարբերակը բարձրաձայնել է հենց Իլհամ Ալիևը։
Բայց այստեղ ևս շատ կարևոր է բովանդակությունը՝ ինչ սկզբունքներ են լինելու։ Այդ սկզբունքները ենթադրելու են նաև որոշակի դիվանագիտական դիրքեր։ Բնական է՝ նաև այդ պարագայում Ադրբեջանը փորձելու է ՀՀ-ին պարտադրել իր պահանջները։
Ինչպես խաղաղության պայմանագրի, այնպես էլ շրջանակային համաձայնագրի պարագայում Երևանի համար շատ կարևոր է լինելու սեփական դիրքերը պահելն ու ծուղակում չհայտնվելը»։
Որևէ մեկը պատրաստ չէ միջնորդի հաստատուն կարգավիճակ ստանձնել
«Տեսնում ենք, որ ընդհանրապես չկա հաստատուն ձևով միջնորդական կարգավիճակ ստանձնելու ակտիվ նախաձեռնություն որևէ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենք տեսնում են, որ Երևանի և Բաքվի միջև կա անհամաձայնություն սկզբունքային հարցերում։ Եվ որևէ մեկը չի ստանձնում այդ պայմաններում միջնորդական պատասխանատվություն, որովհետև կամ պետք է ինչ-որ արդյունք գրանցվի, կամ այդ միջնորդը մնում է անարդյունավետության պատասխանատվության տակ, կրում առնվազն դիվանագիտական վարկի վնասներ։
Անընդհատ խոսվում է այն մասին, որ Երևանն ու Բաքուն պետք է ուղիղ երկխոսեն, սակայն ինչ-որ տեղերում հանդիպումների նախաձեռնություններ լինում են։ Մյունխենում Շոլցը հանդիպում կազմակերպեց, հետո տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպում Բեռլինում։ Բայց հետո Գերմանիան առանձնապես նախանձախնդիր չեղավ այդ ձևաչափով հանդիպումները շարունակելու հարցում։
Որևէ մեկը պատրաստ չէ ստանձնել միջնորդական հաստատուն կարգավիճակ։ Որովհետև կամ պետք է Ադրբեջանին բերեն փոխզիջումների դաշտ, ինչը շատ բարդ է, և առանձնապես շահագրգիռ էլ չեն․ իրենց համար Բաքվի հետ գործընկերությունը կարևոր է։ Կամ էլ պետք է Հայաստանին համոզեն ընդունել Ադրբեջանի պայմանները։ Դա էլ է բարդ, որքան էլ, որ ՀՀ-ն առաջնորդվում է մեղմասացությամբ։
Ադրբեջանի պահանջը խաղաղ ճանապարհով Հայաստանի լիակատար կապիտուլյացիան է։ Որպես պետություն ՀՀ-ն դեկորացիայի վերածելու պահանջներ են։
Մենք տեսնում ենք անուղղակի խաղ։ Որևէ մեկն ուղղակի միջնորդ լինել չի ուզում։ Ադրբեջանը իր խնդիրներն է փորձում լուծել այս գործընթացում։ Երևանն էլ փորձում է իր կարողությունների շրջանակում դիմադրել, մանևրել, հարաբերվելով տարբեր կենտրոնների հետ՝ մեղմել ինչ-որ ռիսկեր»։
Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում, որ ՀՀ Սահմանադրությունը փոխվի
«Ադրբեջանը մի քանի խնդիր է փորձում լուծել։ Իհարկե, մի կողմից դա պահանջ է խաղաղության պայմանագրի հարցում իրենց ապակառուցողականությունն արդարացնելու կամ հիմնավորելու համար, մյուս կողմից՝ սեփական պայմանները թելադրելու համար։ Կասկած չկա, որ այդ պահանջը կատարելու դեպքում լինելու են նոր պահանջներ։
Բայց Ադրբեջանի այս նախաձեռնությունն ունի ավելի խորքային նպատակ։ Մեծ հաշվով, եթե ՀՀ-ում ընդունվում է նոր Սահմանադրություն, որն անջատվում է Անկախության հռչակագրից, դա, ըստ էության, նշանակում է հայկական պետականության իրավաքաղաքական բոլորովին նոր հիմք։
Այսինքն՝ իրավաքաղաքական առումով ստացվում է մի պետություն, որն այն պետությունը չէ, որը մասնակցել է ղարաբաղյան կարգավորման ամբողջ գործընթացին, որի հետ Ադրբեջանը բանակցել է խաղաղ կարգավորման համար, քննարկել տարբեր պայմաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ու միջազգային մանդատի ներքո։
Ադրբեջանն այդ պահանջով փորձում է ևս մի շերտով ջնջել ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությունը։ Փոխել է ստատուս քվոն, ռազմական ճանապարհով գրավել է Արցախը, բայց քաղաքական հետագիծը ջնջված չէ։ Պատահական չէ, որ Ալիևը դնում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարց՝ ասելով, թե դրա անհրաժեշտությունն այլևս չկա։
Ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ Սահմանադրության դեպքում Ալիևի շեշտադրումը նույնն է՝ եթե սա չանեք, ուրեմն տարածքային հավակնություն ունեք։ ՀՀ Սահմանադրության փոփոխման պահանջով Բաքուն փորձում է ջնջել այդ [Լեռնային Ղարաբաղի] իրավաքաղաքական հետագիծը, որպեսզի հարցն ընդհանրապես բարձրացվելու և հիշեցվելու շանս չունենա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպում Լոնդոնում