Հայ և ադրբեջանցի վերլուծաբանները՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման մասին
Փաշինյան-Ալիև-Միշել բանակցությունների արդյունքները
Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հինգերորդ հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հենց նա էլ բանակցությունների ավարտին հայտնեց դրանց արդյունքների մասին՝ ընդգծելով «անհերքելի առաջընթացը»։
Հայտարարության մեջ գլխավորն այն էր, որ կողմերը կրկին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, որտեղ Ադրբեջանի տարածքը մատնանշվում է 86600 կմ²: Սա նշանակում է Ադրբեջանի տարածքի ճանաչում, ներառյալ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը։ Հայաստանում կարևորել են այն, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են «պահվող անձանց» շուտափույթ վերադարձի շուրջ։
Համառոտ՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի ելույթի թեզերը, ինչպես նաև բանակցությունների արդյունքների վերաբերյալ գնահատականներ Երևանից և Բաքվից
- «Բաքուն ուզում է Հայաստանից պոկել ավելին»․ կարծիք Սոթքի էսկալացիայի մասին
- Էսկալացիա հայ-ադրբեջանական բանակցությունների նախօրեին՝ «ավանդույթի» համաձայն
- Անկարան սպառնում է, Երևանն՝ արդարանում․ «Նեմեսիս» հուշարձանի բացումը
Շառլ Միշելի հայտարարության թեզերը
- Կարծիքների փոխանակումը եղել է անկեղծ, բաց և արդյունքին միտված։
- Առաջնորդները կիսում էին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ընդհանուր պատրաստակամությունը։
- Վերջերս ԱՄՆ-ում կայացած դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել վճռական քայլերի թափը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
- Առաջընթաց սահմանային հարցերում. առաջնորդները պայմանավորվել են վերսկսել համապատասխան երկկողմ հանդիպումները։
- Բանակցողները վերահաստատեցին իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի (29,800 կմ²) և Ադրբեջանի (86,600 կմ²) տարածքային ամբողջականությանը:
- Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ դիրքորոշումները շատ մոտ են, մասնավորապես՝ դեպի Նախիջևան և Նախիջևանի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։
- Համապատասխան խմբերին հանձնարարվել է համաձայնեցնել երկաթուղային կապի բացման պայմանները և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ սկզբունքները՝ կոնկրետ ժամանակացույցով:
- Ղեկավարները պայմանավորվել են այս հարցում ստանալ Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը:
- Պահվող անինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Ես ընդգծել եմ փոխըմբռնման անհրաժեշտությունը այն զինվորականների վերաբերյալ, ովքեր պարզապես մոլորվել են և անցել մյուս կողմ, և որ նրանց հետագայում էլ կշարունակեն ազատ արձակվել արագացված կարգով»։
- Քննարկվել է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը։ «Ես կոչ եմ արել Ադրբեջանին մշակել դրական օրակարգ՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու համար։ Ես բարձրացրել եմ նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության հարցը»։
- ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի։ Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։
- Մենք պայմանավորվել ենք Բրյուսելում հանդիպել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի: Առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։
- Մոտ ժամանակներս մենք կրկին կհանդիպենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
- Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՀԽ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում:
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով բանակցողների կողմից հերթական անգամ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին, այս անգամ՝ նաև թվերով, որոնցից պարզ է դառնում՝ Ադրբեջանի 86,6 քառ․ կմ-ը ներառում է Լեռնային Ղարաբաղը, ասում է․
«Այս պայմաններում կարգավիճակի թեմայի վերաբերյալ քննարկում ակնկալելն իրատեսական չէ։ Արցախի կարգավիճակի հեռանկարը կախված է ինչպես ԼՂ-ի քաղաքական վերնախավի համառ աշխատանքից, այնպես էլ Հայաստանի կարողությունից, Արցախի կողքին լինելու հանգամանքից։ Ճկունությամբ պետք է փորձ անել բաց պահել Արցախի կարգավիճակի հարցը, թույլ չտալ փակել, հետո փորձել քայլ առ քայլ այն բերել օրակարգ։ Իհարկե, դա էլ կախված է լինելու միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությունից»։
«ԼՂ-ի հայերի համար Ալիևին որևէ բան չեն ստիպի»
Բադալյանի կարծիքով՝ արևմտյան միջնորդներն Ադրբեջանի նախագահին որևէ բան չեն ստիպի անել հայերի իրավունքները պաշտպանելու համար, քանի որ Եվրոպան մի շարք առումներով ունի Ադրբեջանի կարիքը։ Ասում է՝ Միշելն ընդամենը կոչ է անում Ալիևին «մի քիչ դրական տոնայնություն հաղորդել գործընթացներին», որպեսզի կարողանան պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը․
«Հանդիպման ընթացքում և դրանից հետո Միշելը որևէ կերպ չանդրադարձավ ԼՂ-ի շրջափակման թեմային, չասաց, որ, մեղմ ասած, հակամարդկային և ըստ այդմ՝ հակաեվրոպական քաղաքականություն է շրջափակման ենթարկել 120 հազար մարդու»։
«Երկաթուղու հարցում առաջընթացի էական նախադրյալ չկա»
Քաղաքական մեկնաբանն ասում է՝ շատ բարդ է պատկերացնել, թե ինչպիսի առաջընթաց կարող էր գրանցվել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ․
«Եթե բանը հասել է այսպիսի համաձայնությունների և դրանք իսկապես գործնական են, ապա դա նշանակում է՝ կամ Ադրբեջանն է նահանջ կատարել իր մոտեցումներից կամ Հայաստանը»,- ասում է Բադալյանը։
Նրա դիտարկմամբ՝ տեխնիկականից բացի կան նաև քաղաքական հարցեր, որոնք միայն կողմերին չէ, որ վերաբերում են։ Օրինակ է բերում բեռնափոխադրումների ռեժիմի հարցն ու նշում, որ այստեղ տարբեր են ՌԴ, Իրանի, Թուրքիայի պատկերացումները։ Դժվար է պատկերացնում, թե կարող էին ձեռք բերվել երկարաժամկետ առարկայական համաձայնություններ այս հարցում։
«Բանակցություններում առարկայական արդյունքը դեռ քիչ հավանական է»
Հակոբ Բադալյանի խոսքով՝ առարկայական արդյունք կարող է լինել, եթե՝
- ՌԴ-ն հանձնի իրավիճակն արևմտյան հարթակին և չփորձի խանգարել, և եթե նույն կերպ վարվի Թուրքիան,
- ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Եվրոպան մոտեցումների այնպիսի ընդհանրություն ունենան, որ միասնաբար գործեն դրանց իրագործման ուղղությամբ։
Ընդգծում է՝ այդ պարագայում ուժեղ միջնորդական ձևաչափը Հայաստանին և Ադրբեջանին ինչ-որ համաձայնության կբերի։ Սակայն վերոնշյալ երկու տարբերակներն այս պահին իրատեսական չեն, ուստի դժվար է պատկերացնել նաև առաջընթացը։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Ռուսաստանը նկատել է, որ իր մոտ կան «արդյունավետ մոդերատորության խնդիրներ» և փորձում է նախաձեռնությունը թավշյա կերպով զիջել Արևմուտքին․
«Արևմուտքը մի կողմից չի կարող չվերցնել այդ նախաձեռնությունը, մյուս կողմից պետք է ցույց տա, որ ինքը ավելի արդյունավետ է և ինչ-որ առաջընթաց արձանագրում է։ Այս դիվանագիտական հանդիպումների շղթան էլ ունի այդ նպատակը»։
«Գերիների վերադարձը մարդասիրական ժեստ է, բայց ոչ միայն»
Բադալյանը չի բացառում, որ «կալանավորված անձանց ազատ արձակման» վերաբերյալ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի և գերիների որոշակի խումբ տուն կվերադառնա։ Նման համաձայնությունը ողջունում է, բայց նաև հավելում՝ մեծ հաշվով ավելի շուտ քարոզչական նշանակություն ունի․
«Սա կլինի դրական քաղաքականության օրինակներից մեկը, որ Ադրբեջանը կանի։ Բացի այդ, թույլ կտա Միշելին, կամ արևմտյան հարթակին ցույց տալ, որ ինչ-որ արդյունքի հասնում են։ Գերիների վերադարձի հանգամանքը պետք չէ ընկալել միարժեք՝ որպես մարդասիրական ժեստ, գործի է դրվում քաղաքական սակարկության բանաձև»։
Հիշեցնում է՝ Միշելի հայտարարության մեջ խոսվում է արագացված ընթացակարգով մոլորված անձանց ազատ արձակման մասին և հավելում՝ հայկական կողմից նման անձինք կարծես թե չկան։ Ադրբեջանական կողմից նույնպես չկան, թեև Բաքուն փորձում է Հայաստանի տարածք ներխուժած երկու ադրբեջանցիներին ներկայացնել որպես մոլորված զինծառայողներ։ Նրանցից մեկը մեղադրվում է նաև մարդասպանության մեջ։
«Առնվազն տեսնում եմ մեծ հավանականություն, որ խոսքը վերաբերում է նրանց վերադարձնելուն»,- ասում է Բադալյանը։
«Որևէ մայրաքաղաք ընտրել-չընտրելու հարց չէ»
Վերլուծաբանն այսպես է մեկնաբանում Երևանից հնչող հայտարարությունները, թե անկախ նրանից՝ որտեղ են տեղի ունենում բանակցությունները, հայկական կողմի օրակարգը նույնն է։ Որակում է սա որպես ճիշտ և անհրաժեշտ դիրքորոշում․
«Կարևոր է սահմանել, որ գնում են այս կամ այն մայրաքաղաք ոչ թե իրենց խաղը խաղալու, այլ մեր խնդիրները, իրավունքներն ու շահերը պաշտպանելու։ Եվ որտեղ արդյունավետ պաշտպանություն կլինի, բնականաբար, ավելի ինտենսիվ կաշխատենք այդ ուղղությամբ»։
Մեկնաբանություն Բաքվից
Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման համար որևէ պայմանի բացակայությունը քաղաքական մեկնաբան Հաջի Նամազովն անվանել է Բրյուսելում կայացած բանակցությունների «գլխավոր ձեռքբերում»։
«Մինչ այժմ Հայաստանը հայտարարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, սակայն միշտ բաց էր պահում Ղարաբաղի լեռնային հատվածի հարցը։ Դրան հաջորդում էին հայտարարություններ Երևանից այն մասին, թե ղարաբաղյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ՝ ասելով, որ այդ հարցը պետք է դիտարկել խաղաղության պայմանագրից դուրս։
Առաջին անգամ նշվում են երկրների տարածքները, որոնցում նրանք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա շատ կարևոր է խաղաղ կարգավորման գործում կողմերի առջև ծառացած խոչընդոտները հաղթահարելու համար։
Հիմա ոչ ոքի մոտ կասկածի տեղիք չպետք է տա Ղարաբաղի այն հատվածի հարցը, որտեղ ապրում է հայ բնակչություն։ Մնում է պայմանավորվածություն ձեռք բերել անվտանգության հարցերի շուրջ։ Բայց դեռ կան կետեր, որոնք պահանջում են հստակեցում։
Հայերն իրենք են պահանջում Բաքվի և Խանքենդիի (Ստեփանակերտ) միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ։ Նշեմ, որ կողմերը պաշտոնապես հանդիպել են երկու անգամ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ինչն իրականում միջազգային մեխանիզմ է, քանի որ Ղարաբաղում գտնվող ռուսական բանակը ոչ մի կերպ չի կարելի շահագրգիռ կողմ անվանել։
Երկու անգամ Ղարաբաղի հայերը հրավիրվել են Բաքու բանակցությունները շարունակելու, սակայն երկու անգամ էլ նրանց կողմից դրական պատասխան չի ստացվել։ Կարծում եմ, որ շուտով կհաջորդի ևս մեկ նմանատիպ հրավեր, որից Խանքենդիի անօրինական վարչակարգի ներկայացուցիչները չեն կարողանա հրաժարվել՝ ելնելով այն հանգամանքներից, որոնցում հայտնվել են ներկա պահին։ Այդ հանդիպումը նրանց ավելի շատ է պետք, քան պաշտոնական Բաքվին։
Ինչ վերաբերում է պահվող անձանց փոխանակման հարցին, ապա այստեղ Բաքուն դժվար թե գնա «բոլորը բոլորի դիմաց» սխեմային։ Հայաստանում ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնց Բաքվում գերի են անվանում, իսկ Երևանում՝ դիվերսանտ։ Ճիշտ նույն ձևակերպումներն են օգտագործվում Ադրբեջանում բանտարկված Հայաստանի քաղաքացիների կարգավիճակը սահմանելու համար։ Ամենայն հավանականությամբ, կլինի փոխանակում «երկուսը երկուսի դիմաց»:
Այժմ գլխավոր հարցը Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հաստատումն է Մոսկվայում, որտեղ արդեն հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների մակարդակով հանդիպումների մասին։
Եթե ուղիղ ասենք, կոնկրետ տարածքներում երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը Կրեմլի պլանների մեջ չէր մտնում։ Նրանք միշտ փորձել են բաց պահել Ղարաբաղի հարցը։ Որովհետև Ղարաբաղի հայ բնակչության հարցի նեղացումը մինչև Ադրբեջանի կազմում նրանց անվտանգության ու իրավունքների խնդիր մեծ հարցականի տակ է դնում 2025 թվականից հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը»,- ասել է Նամազովը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Ալիև-Միշել բանակցությունների արդյունքները