«Եթե ճնշում չլինի, Բաքուն չի գնա խաղաղության»․ հայ քաղաքագետը՝ կազանյան հանդիպման մասին
Փաշինյան-Ալիև հանդիպում Կազանում
BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին Ռուսաստանի Կազան քաղաքում հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
Պաշտոնական Երևանը սուղ տեղեկություններ է հրապարակել՝ հայտնելով, որ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են «երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր»։ Դրանց շարքում մատնանշվել են խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը։ Չի նշվում՝ արդյո՞ք անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի հաղորդուղիների բացմանը։ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները, սակայն, BRICS-ի իրենց ելույթներում հենց այդ թեման են արծարծել։
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են «շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»։
«Կազանում հայ-ադրբեջանական բանակցությունների իրականացումը Մոսկվայի համար կարևոր էր Արևմուտքին ցույց տալու համար, թե՝ այնպես չէ, որ մենք չենք տիրապետում իրավիճակին։ Իզուր չէ, որ Ալիևը միշտ ձայնակցում է Պեսկովին, որ առանց ՌԴ-ի խաղաղությունը Հարավային Կովկասում անհնար է։ ՌԴ-ում գիտեն նաև 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովրդի բացասական վերաբերմունքն իրենց հանդեպ, ուզում են ցույց տալ, որ միևնույն է, ձեր հարցերը լուծելու համար այստեղ եք գալու»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։
Կազանյան հանդիպման առարկայական արդյունքների մասին որևէ բան չէր հաղորդվում։ Նյութի հրապարակման պահին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հաստատել է երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Այն հաստատել է նաև ՀՀ նախագահը, երկրի խորհրդարանը կանոնակարգը վավերացրել էր հոկտեմբերի 23-ին։
Ի՞նչ շեշտադրումներ են արել Փաշինյանն ու Ալիևը, մեկնաբանություն
«ՀՀ Սահմանադրության հետ կապված մտահոգությունները փարատված են»
BRICS-ի գագաթնաժողովում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը խոսել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման մասին։
«Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները, իբր, ՀՀ Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ»։ Նրա փոխանցմամբ՝ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։
Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական խոչընդոտը երկրի Սահմանադրությունն է։ Բանն այն է, որ փաստաթղթում հղում է արվում 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, որի առաջին պարբերությունում էլ հիշատակվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի և ԼՂ-ի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Երևանը սահմանադրական փոփոխությունների հարցը համարում է իր ներքին գործը։
Փաշինյանն ու Ալիևը՝ հաղորդուղիների բացման մասին
«Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով արդեն իսկ դարձել է Եվրասիայի կարևոր տրասնպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը: Հյուսիս -հարավ և արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքները Ադրբեջանի տարածքով են անցնում: Այդ տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները Ադրբեջանի տարածքում շատ լավ գործում են»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
Տարածաշրջանի հաղորդակցության ուղիներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով պատրաստ է արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը կապող հանգույց դառնալ և հավելել, որ դա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի ու Պարսից ծոցի, Կասպից ու Մարմարա ծովերի միջև․
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը»։
Վստահեցրել է՝ Հայաստանն ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռների, մարդկանց և տրանսպորտի տարանցման անվտանգությունը։ Խոսելով ապաշրջափակվող ճանապարհների վերահսկողության մասին՝ հերթական անգամ հերքել է պնդումները, թե «ՀՀ-ն համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը չի քննադատում BRICS-ի գագաթնաժողովին ՀՀ մասնակցությանը։ Ասում է՝ կարևորն այն է, որ թե այնտեղ, թե «3+3» ձևաչափով հանդիպումների ժամանակ Հայաստանի իշխանություններն առաջ տանեն ՀՀ և հայ ժողովրդի շահերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, կարծում է․
«Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը հռչակագրային բնույթ էր կրում, հանդիպեցին, որ ցույց տան՝ ուզում են գնալ խաղաղության։ Բայց Ադրբեջանի տեսակետները չեն փոխվել, իրենք խաղաղության չեն գնա, նորանոր պահանջներ են ներկայացնելու»։
Հիշեցրել է Բաքվի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզը, ըստ որի՝ «Արևմտյան Ադրբեջան» է հռչակվում ՀՀ ողջ ինքնիշխան տարածքը։ Դալլաքյանի փոխացմամբ՝ օրերս Միլլի մեջլիսում (Ադրբեջանի խորհրդարան) ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի խումբ։ Հարցնում է՝ նման գործողություններով և հռետորաբանությամբ ո՞վ է խաղաղության գնում․
«Արևմտյան Ադրբեջանի» փախստականների վերադարձը հաստատ պահանջ է դառնալու։ Բաքվից անընդհատ խոսում են, ասում՝ պետք է վերադառնանք, նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները չեն խոսում հայերի՝ ԼՂ վերադառնալու մասին։ Այնպես չէ, որ դա «հայելային» պահանջ է»։
Դալլաքյանի գնահատմամբ՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումն անիրատեսական է։ Կարծում է՝ Ուկրաինայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները փոխկապակցված են և հավելում՝.
«ՌԴ խաղն է՝ թույլ չտալ կոնֆլիկտների լուծում և ամեն տեղ ունենալ ներկայություն։ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ խաղաղության պայմանագիրը չստորագրվի կամ ստորագրվի իրենց հովանու ներքո, բայց լինի այնպիսի պայմանագիր, որ խաղաղություն, ըստ էության, չլինի, չլինի երաշխավորների ինստիտուտ»։
Կարծում է՝ ադրբեջանական կողմը չի ուզում գնալ խաղաղության և չի էլ գնա, եթե որևէ լուրջ ճնշում չլինի, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Արևմուտքի կողմից։
«Ադրբեջանը փոքր երկիր է, աշխարհաքաղաքական կենտրոն չէ, որքան էլ Ալիևը փորձի այդպես ներկայանալ։ Նրան կարող են ստիպել գնալ խաղաղության։ Դրա համար էլ հետքայլի տեղեր է թողնում, Արևմուտքին դիվանագիտական պատերազմներ է հայտարարում։ Բայց Իլհամ Ալիևը խորամանկ քաղաքական գործիչ է։ Երբ հասկանա, որ այլ տարբերակ չունի, կստորագրի»,- պարզաբանում է նա։
Դալլաքյանն ասում է՝ խոշոր կենտրոններն իսկապես կարող են ազդեցություն գործել Ադրբեջանի վրա։ Մյուս կողմից նկատում է՝ աշխարհաքաղաքական իրավիճակը խառն է, Բաքուն ժամանակ է ձգում, սպասում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտին։
Պաշտոնից հեռացող Ջո Բայդենն, ըստ նրա, չի կարողանում ճիշտ ժամանակին ամբողջ գործիքակազմը կիրառել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում։
Կազանյան հանդիպումից առաջ Երևան և Բաքու էր այցելել Բայդենի օգնականը, Փաշինյանին և Ալիևին նամակներ էր փոխանցել։ Նշվում էր, որ դրանցում խաղաղության պայմանագրի հետ կապված «համարձակ նախաձեռնությունների» առաջարկներ կան։ Դրանց բովանդակության մասին, սակայն, որևէ բան հայտնի չէ։ Ամերիկյան կողմը նաև փոխզիջումներ էր առաջարկել։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը չի պատկերացնում՝ ինչ փոխզիջում պետք է լինի ՀՀ-ից։ Ըստ նրա՝ Հայաստանն արդեն իսկ զիջումների գնացել է, այդ թվում՝ զիջելով իր լեգիտիմ իրավունքները Լեռնային Ղարաբաղում։ Չի բացառում, որ խոսքը Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին է։
«ԱՄՆ-ում հասկանում են, որ դա պատրվակ է, բայց գուցե Ալիևին քարտ չտալու համար ասում են՝ ասեք, որ հետագայում կփոխեք։ Բայց դա պետք է լինի հայելային պահանջ։ Առաջին հանրապետության իրավահաջորդությամբ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հարավային Կովկասի երկրների նկատմամբ։ Իշխանությունները պետք է առաջ տանեն այդ գիծը՝ երբ կփոխեք, մենք էլ կփոխենք»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Ալիև հանդիպում Կազանում