Հայաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարկան տալ մինչև ընտրությունները
Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում քննարկման համար մեկ թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Գրեթե ամեն օր լուրեր են հայտնվում այն մասին, թե նա պատրաստվում է հայտարարել իր հեռանալու մասին։ Ժողովրդին հասցեագրված իր ուղերձում վարչապետը հայտարարել է, որ հրաժարական չի տալու, քանի դեռ ընտրություններ չեն անցկացվել։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Արցախում իրավիճակի սրման և ռուս խաղաղապահների առաքելության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են և չեն կարող վիճարկվել Ադրբեջանի կողմից։ Վարչապետը հայտարարել է նաև, որ շուտով կսկսվի գերիների վերադարձի գործընթացը։
- Սրացում Արցախում․ հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները
- Կարծիք․ ի՞նչ է սպասվում Արցախին և Հայաստանին
Հրաժարականի մասին
«Ես հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ այսօրվա գլխավոր խնդիրը երկրի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և իր կառավարությունը մտադիր է ոչ թե հեռանալ, այլ զբաղվել այդ հարցը լուծելով։
Վարչապետն անդրադարձել է նաև ակտիվորեն տարածվող մեկ այլ լուրի․
«Արդեն մեկ ամիս ստահոդ տեղեկություններ են շրջանառվում, իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ»։
Փաշինյանը խոսել է այն մասին, որ վերջերս բացի սահմանային անվտանգությունից, կառավարությունն առերեսվում է տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ, «տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց է սկսվել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ»։ Ըստ նրա՝ տարածվում են ամենատարբեր սուտ տեղեկություններ, որոնց նպատակը խուճապ ստեղծելն է, և «չենք կարող բացառել դրանց առնչությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»։
Այս կապակցությամբ վարչապետը կառավարությանը հանձնարարել է ավելի ինտենսիվ տրամադրել հասարակությանը պաշտոնական տեղեկություններն ու ավելի արագ լուսաբանել կատարվող գործընթացները։
Արցախում իրավիճակի սրման մասին
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 11-ին Արցախի Հադրութի շրջանում իրավիճակի սրացումն առաջին լուրջ փորձությունն էր ռուսական կողմի՝ հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորակազմի համար։
Խոսքը երկու գյուղերում տեղի ունեցած միջադեպի մասին է, որոնք արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մնացել են հայկական վերահսկողության տակ։ Դրանք վերածվել են էքսկլավի, քանի որ ողջ Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ադրբեջանական ԶՈւ հարձակումն ու մարտերը գյուղերում, ըստ Հայաստանի վարչապետի, բացահայտ սադրիչ բնույթ ունեին և ուղղված էին Արցախում ռուս խաղաղապահների դերի արժեզրկմանը։
Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հաղորդում էր, որ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն […]՝ օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն»։
«Իհարկե, առանձին քննարկման առարկա է, թե ինչու խաղաղապահները մինչև շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում։ Բայց այժմ կարևոր է, որ նրանք արդեն այնտեղ են», — ասել է Փաշինյանը։
Հայաստանի պետական սահմանների մասին
Վարչապետը մեկնաբանել է նաև Հայաստանի Սյունիքի մարզի Ագարակ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ հանգստյան օրերին ակտիվորեն քննարկվում էր սրացումն Ադրբեջանի հետ սահմանի այս հատվածում։
Հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Ագարակի մոտ գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ և պահանջել լքել դրանք։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը միանգամից հայտնեց, որ ոչ մի հրաձգություն չի եղել, սակայն ադրբեջանցիները իրոք բարձրախոսներով պահանջել են նահանջել։
Վարչապետը պարզաբանել է, որ խնդիրը կապված է Արցախի Կովսական և Սանասար շրջանների հետ, որոնք սահմանակից են Հայաստանի Սյունիքի մարզին։ Արցախում ռազմական գործողությունների հետևանքով դրանք անցել են Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։ Այժմ այդ հատվածում անհրաժեշտ է սահմանազատում և սահմանանշում կատարել։
Հենց սրա հետ է, ըստ վարչապետի, կապված ադրբեջանական ԶՈւ ակտիվությունը։ Այս թեմայով ակտիվ բանակցություններ են տարվում, քանի որ Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, ինչպես նշել է Փաշինյանը, Կովսականի և Սանասարի հարցին անդրադարձ չկա․
«Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել»։
Գերիների վերադարձի մասին
Վարչապետը հաղորդել է, որ շատ շուտով սպասվում է մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկը, այսինքն նրանց, ում «գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից»։
Այնուհետև վարչապետը խոստանում է կենտրոնանալ անհետ կորածների որոնման վրա, որոնք նույնպես կարող էին գերության մեջ հայտնվել։
Շարունակվում է նաև զոհվածների մարմինների որոնումը և չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը։ Փաշինյանի խոսքով՝ մինչև տարեվերջ չի հաջողվի այն լրիվ ավարտել:
Դեկտեմբերի 19-ին՝ պատերազմի ավարտի քառասուներորդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել պատերազմի զոհերի հիշատակի ոգեկոչման համար։ Երևանում հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։