«Հայաստան-Թուրքիա կարգավորման պահը մոտենում է»․ Փաշինյան
Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումը շատ ավելի դրական ընթացք է ապահովել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների համար։
Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու հայ-թուրքական սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց են, քանի որ «որևէ էական խոչընդոտ չկա»։
«Կարծում եմ, որ դա տեղի կունենա, բայց թե ինչքան արագ, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ»,- նշել է վարչապետ Փաշինյանն ու հավելել՝ «այդ պահը մոտենում է»։
Ստույգ ժամկետ, սակայն, կառավարության ղեկավարը չի մատնանշել։
Քննարկման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հաղորդակցության ուղիների բացմանը, ինչպես նաև ներքաղաքական հարցերի, մասնավորապես՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
- «Հայաստանը սպասում է Թուրքիայի գործուն քայլերին»․ կարգավորման ներկայիս փուլի մասին
- «Լսումները վերածվել են բացահայտ ֆարսի»․ Ռուբեն Վարդանյանը՝ պաշտպանից հրաժարվելու մասին
- ԱՄՆ Կոնգրեսի PEACE Act օրինագիծը. «Պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում»
«Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը պատմական փոփոխություն է»
Վարչապետը, հերթական անգամ, արձանագրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել է խաղաղություն և հավելել․ «Մենք տեսնում ու զգում ենք դա տեղում»։
Խաղաղության հաստատման գործում Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու հիշեցրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։
«Գիտեք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիրը և նախագահ Թրամփն այն ստորագրեց որպես վկա։ Մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Եվ դա իրոք պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերություններում, այլ նաև մեր տարածաշրջանում ընդհանրապես։ Քանի որ առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործել տնտեսական համագործակցության փուլ՝ ոչ միայն խաղաղ, այլ նաև բարեկեցիկ տարածաշրջան ունենալ»,- ընդգծել է Փաշինյանը։
«ԱՄՆ-ի հետ ակտիվորեն աշխատում ենք TRIPP-ի կյանքի կոչման ուղղությամբ»
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ ԱՄՆ-ում ձեռք է բերվել տարածաշրջանային կապերը բացելու շուրջ պայմանավորվածություն։ Եվ այն պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա։
«Հայաստանն ու Միացյալ Նահանգները երկկողմ կարգով կիրագործեն «Թրամփի ուղի» ծրագիրը, որը ի կատար կածվի ՀՀ-ի տարածքում։ Դա երկկողմ ծրագիր է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև։ Սակայն կապն Ադրբեջանի հետ դրա համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ պետք է Արևելքից Արևմուտք հասանելիություն ունենալ։ Դա անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, քանի որ այդ պարագայում մենք միմյանց պետք ենք, որպեսզի ունենանք հասանելիություն հաղորդակցության ուղիների միջոցով»,- մանրամասնել է նա։
ՀՀ վարչապետը հայտնել է՝ Երևանն ու Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում են ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ։
Երկրի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը նշանակում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքն օգտագործել ինչպես ներքին ու երկկողմ, այնպես էլ միջազգային կապի համար։ Դա, իր հերթին, նշանակում է՝ ՀՀ տարածքով «կբացվի մի նոր ուղի միջազգային տարանցման համար»։
«Հաշվի առնելով, որ հիմա աշխարհում մատակարարման շղթաների ճգնաժամ կա, դա միջազգային առևտրի տեսանկյունից կարող է իրավիճակ փոխել, նաև իրավիճակ փոխել մեր տարածաշրջանում»,- նկատել է Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ ապաշրջափակման արդյունքում կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, իսկ Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։
«Պայմանագրի ստորագրմամբ կարելի է լուծել բոլոր խնդրահարույց հարցերը»
Վարչապետ Փաշինյանը խոսել է նաև Բաքվի նախապայմանի մասին։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, քանի որ այնտեղ «տարածքային պահանջներ կան» իր նկատմամբ։ Երևանը բազմիցս է հերքել այս մեղադրանքն ու հայտարարել՝ մայր օրենքի փոփոխությունն իր ներքին գործն է։
«Ադրբեջանը բարձրացնում է այդ թեման, բայց իրավիճակը հետևյալն է։ 2024 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, ինչը բարձրագույն մակարդակի իրավական որոշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանի նկատմամբ չի պարունակում»,- նշել է նա։
Ընդգծել է նաև, որ Երևանի ու Բաքվի միջև առկա բոլոր խնդրահարույց թեմաները, այդ թվում՝ Սահմանադրության շուրջ հարցերը, արդեն իսկ հասցեագրված են նախաստորագրված խաղաղության պայմանագրում։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ համաձայնագրում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել նաև ապագայում։
«Բոլոր այդ թեմաները փակելու և լուծելու համար մեզ անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել պայմանագիրը։ Եվ դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ, ու այլ մեկնաբանությունների հնարավորություն չի լինի»,- ամփոփել է երկրի ղեկավարը։
«Կասկած չունեմ, որ ՀՀ քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին»
Քննարկման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է նաև 2026 թ․-ի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության և կայունության համար։
«Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի նրան, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին