«Միամիտ ցանկությո՞ւն, թե՞ արդարացում»․ կարծիք՝ ԵԱՏՄ նիստում Փաշինյանի ելույթի մասին
Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ ընդլայնված նիստին
«ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»,- Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ-ն Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերից մեկն է, ինչպես մյուսները, այս միության նպատակը ևս ՌԴ ազդեցությունը հետխորհրդային տարածքի մի մասում պահպանելն է։ Կարծում է՝ Մոսկվան ինտեգրացիոն նախագծերն օգտագործում է բոլոր, այդ թվում՝ անվտանգային առումով։
Հիշեցնում է՝ 2013 թ․-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին՝ այն ժամանակ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բացատրում էր հենց անվտանգային բաղադրիչով։ Շեշտում է՝ ԵԱՏՄ-ն «անպայմանորեն ունի քաղաքական ենթատեքստ»։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանն է ստանձնելու ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը։
ՀՀ վարչապետի ելույթի կարևոր դրվագները, փորձագիտական կարծիք
«ԵԱՏՄ-ն չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»
Ընդլայնված կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում նման արձանագրում է արել Հայաստանի վարչապետը։ Այս «բազային հիմնադրույթն», ըստ նրա, ընկած է նաև ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման հիմքում։
«Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի։
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը խոսել է նաև ԵԱՏՄ-ի ներսում կուտակված մի շարք չլուծված խնդիրների մասին։ Դրանց շարքում նա առանձնացրել է՝
- անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելը,
- էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ոլորտների ընդլայնումը,
- ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների մեջ։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստ է «ճկուն մոտեցում» ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով։
«Բոլորիս համար այս դժվարին պահին պետք է ջանքերը կենտրոնացվեն ԵԱՏՄ ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները»,- ամփոփել է Փաշինյանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է՝ այն, որ տնտեսական ինտեգրացիոն գործընթացը կարող է քաղաքական ենթատեքստ չունենալ, Հայաստանի վարչապետի միամիտ ցանկությունն է․
«Կամ էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմքեր ստեղծել անվտանգային ոլորտում ռուսական ծրագրերին, հատկապես՝ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի չմասնակցելը արդարացնելու համար»։
JAMnews-ի հետ զրույցում Ղևոնդյանը նշել է, որ այդուհանդերձ հայտարարությունն արտահայտում է կառույցին անդամակցող ևս մեկ երկրի՝ Ղազախստանի շահերը։ Նրա փոխանցմամբ՝ դեռևս ԵԱՏՄ ձևավորման ժամանակ Ղազախստանի այն ժամանակվա ղեկավար Նազարբաևը նույն կերպ էր արտահայտվել՝ նշելով, որ ԵԱՏՄ գաղափարը պետք է լինի զուտ տնտեսական, իսկ քաղաքական ենթատեքստերը պետք է այնտեղ ներառված չլինեն։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այսօր Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ին այլընտրանք չունի։
Շեշտում է՝ գործող իշխանությունը վերջին հինգ տարիներին չի ձևավորել այդ այլընտրանքը։ Ղևոնդյանի կարծիքով՝ ինչ-որ ժամանակ անց նման հնարավորություն ունենալու համար պարտադիր աշխատանք է տնտեսության դիվերսիֆիկացումը։ Հայաստանն, ըստ նրա, պետք է այլընտրանքներ ձևավորի, այլ ուղղություններով աշխատի այնպես, ինչպես ԵԱՏՄ-ում։
«Այդ պարագայում Հայաստանի համար շատ ավելի շահավետ կլինի ԵԱՏՄ-ից դուրս գալը, ինչն իր հերթին չի նշանակելու, թե ՀՀ-ն խզում է կապերը, օրինակ՝ ռուսական, ղազախական կամ բելառուսական շուկաների հետ։ Ընդհակառակը՝ ՀՀ առևտրաշրջանառությունը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, եթե երկիրն այդ պետությունների հետ տնտեսական գործընթացներ ձևավորի երկկողմ համաձայնագրերով»,- պարզաբանել է նա։
Մյուս կողմից նկատում է՝ միայն այլընտրանքների առկայությունը դեռևս չի նշանակում, թե «ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից»։ Օրինակ է բերում ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքը։ Ղևոնդյանը կարծում է՝ թեև կան նոր հնարավորություններ և հանրային պահանջ, իշխանությունները հապաղում են դաշինքից դուրս գալու որոշման կայացման հարցում․
«ՀՀ իշխանությունն ուղղակի պատրաստ չէ դուրս գալ ռուսական ինտեգրացիոն նախագծերից։ Միամտություն է կարծելը, թե եթե այլընտրանք լիներ, Հայաստանը ԵԱՏՄ-ն լքելու էր»։
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ներկա պահին ՀՀ համար լավագույն լուծումը կլիներ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց շարունակել անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ասում է՝ ՌԴ-ն Հայաստանի վրա ունեցած իր ազդեցությունն ամբողջությամբ օգտագործում է, այս պահին ավելի մեծ վնաս հասցնել չի կարող՝ պայմանավորված Ուկրաինայում ընթացող պատերազմով և իր նկատմամբ կիրառված պատժամիջոցներով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ ընդլայնված նիստին