«Մտահոգված չեմ»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին
Փաշինյանը մտահոգված չէ ՀԱՊԿ-ից ՀՀ հեռացմամբ
«Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր՝ ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել 2 տարի անդամավճար չվճարելու համար ՀՀ նկատմամբ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը։
Թեև ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկում են հիմնականում կառույցից ՀՀ հնարավոր հեռացման սցենարը, սակայն Լավրովը նման հայտարարությամբ հանդես չի եկել։ Պարզապես նկատել է, որ կառույցի կանոնադրության համաձայն՝ անդամավճար չվճարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդն իրավունք ունի կասեցնել տվյալ երկրի քաղաքացիների՝ կառույցում քվոտային պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել ՀԱՊԿ մարմիններում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքի լրիվ մարումը։
Հայաստանը չի վճարի անդամավճարները։ Փաշինյանն այդ մասին խոսելիս արձանագրել է․ «Չենք պատրաստվում որևէ բան փոխել»։ Ավելին, հայտարարել է նաև, որ իրեն չի մտահոգում ռազմական դաշինքից ՀՀ հեռացման հնարավորությունը։
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից մեկը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը ՀԱՊԿ մարմինների գործունեությանը, իսկ եթե միտումը շարունակվի՝ որոշում կայացնել այդ երկիրը կազմակերպությունից հեռացնելու մասին։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ եթե հարցը հասնի այդ փուլին, Հայաստանը քվեարկությանը չի կարող մասնակցել։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած առաջին ճեպազրույցում Փաշինյանն անդրադարձել է նաև արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք այլ հարցերի։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
- «Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
- «Հաղթահարեցինք մեծ արհավիրքն ու ինֆորմացիոն ինտերվենցիաները»․ Հայաստանի ԽԱՊԿ նախագահ
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ-ն «չճանաչի» ՀՀ ընտրությունների արդյունքները․ Փաշինյանի արձագանքը
Ճեպազրույցին ներկա լրագրողներից մեկը Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առիթով և հավելել, որ դա անում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն։
«Դե հա, չի շնորհավորել։ Հույս ունենանք` կշնորհավորի»,– արձագանքել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ Մոսկվայից հնչող գնահատականներին, այդ թվում՝ «ընտրախախտումներին»։ Շեշտել է՝ ՌԴ նախագահը «ռացիոնալ մարդ է, որը հենվում է փաստերի և փաստարկների վրա»․
«Եթե նրանք ունեն մտահոգություններ, մենք դրանք համբերատար կփորձենք փարատել ու կշարունակենք աշխատել։ Ոչ մի խնդիր չկա»։
Լրագրողներից մեկն էլ հարցրել է՝ արդյո՞ք ՀՀ-ՌԴ հարաբերություններն ավելի կլարվեն, եթե նախագահ Պուտինը չշնորհավորի Փաշինյանին և «չճանաչի» ընտրությունների արդյունքները։
«Ի՞նչ է նշանակում չճանաչել ընտրությունները։ Նախ ինստիտուցիոնալ մակարդակով կա ԱՊՀ դիտորդական առաքելություն։ Եվ մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու ՌԴ ինստիտուցիոնալ մեխանիզմը այդ առաքելությունն է։ Այդ առաքելությունն իր եզրակացությունը տվել է, ներառված են եղել նաև ՌԴ դիտորդները»,- պատասխանել է Փաշինյանն ու հավելել՝ մնացածը հռետորաբանության հարց է, որը կքննարկենք։
«Եթե հրավեր լինի, չեմ մերժի». Մոսկվա կատարելիք այցի մասին
«ՌԴ այցի հետ կապված եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Եթե հրավեր լինի, կգնամ, չեմ մերժի այդ հրավերը հաստատ»,- հայտարարել է Փաշինյանը։
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Ռուսաստան է այցելելու հունիսի երկրորդ կեսին, նախագահ Պուտինի հետ արդեն հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերել։
Պուտինի խոսնակը, սակայն, նախօրեին պնդել է՝ հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Եվս մեկ անգամ հիշեցրել է՝ Մոսկվան սպասում է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը։
«Կախված այս ընտրական իրավիճակի արդյունքից, մենք որոշումներ կկայացնենք հանդիպման վերաբերյալ՝ երկկողմ մակարդակով»,- շեշտել է Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական գազի գնի թանկացումը չի լինի պայմանագրային գործելակերպ»
Անդրադառնալով ռուսական գազի թանկացման հնարավորությանը՝ վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ կան երկարաժամկետ պայմանավորվածություններ, պայմանագրեր․
«Դժվար եմ պատկերացնում, թե պայմանագրի կողմը այդ պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի։ Դա պայմանագրային գործելակերպ չէ»։
Նկատել է՝ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները նոր չեն, պարբերական բնույթ են կրում։ Ինքը՝ Փաշինյանը, վերջին 8 տարիների ընթացքում այդ խոսակցությունների մեջ է «տարին երկու անգամ»։
Վստահեցրել է՝ կառավարությունը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։
«Լինելու է խաղաղություն»․ ՀՀ- Ադրբեջան կարգավորման մասին
Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին կարող է լինել աղետաբեր պատերազմ։
Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ՔՊ-ն ստացել է 727․827 ձայն կամ 49,825 տոկոս։ Կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա, բայց ոչ սահմանադրական։
«Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- արձագանքելով «աղետաբեր պատերազմի» մասին հիշեցումներին՝ նկատել է նա։
Փաշինյանի դիտարկմամբ՝ խաղաղության շատ կարևոր հենասյուն է երկու երկրների միջև երկկողմ առևտուրը․
«Հիմա մենք պետք է կենտրոնանանք TRIPP ճանապարհի իրագործման վրա, ինչպես նաև շարունակենք մեր աշխատանքը խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ»։
Շեշտել է՝ Հայաստանը չի մոռացել նաև Բաքվում անազատության մեջ պահվող իր հայրենակիցների խնդիրները։ Բացի այդ, Ադրբեջանի հետ համատեղ ուժերով աշխատելու է երկու երկրներում անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ։
«Առանց ընտրակաշառքի ԱԺ անցնելու շեմը չէին հաղթահարի»․ ընդդիմության մասին
Վարչապետի գնահատմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 100 տոկոս օրգանիկ քվե, իսկ ընդդիմադիր 3 ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 100 տոկոսով ընտրակաշառքով քվե։
«Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կունենանք 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան»,- հայտարարել է նա։
Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, ստիպված ենք լինելու խորհրդարանի ամբիոններին տեսնել «փողի կալոդներ» փռած, որոնք որևէ քաղաքական արժեք չունեն։
Ասում է՝ ընդդիմադիրներն անցել են ոչ թե խորհրդարանի անցողիկ շեմը, այլ «փողի շեմը»։ Կարծում է՝ դատաիրավական համակարգը պետք է արձագանքի տեղի ունեցողին․
«Այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքներն ամփոփելը պիտի բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության, և պետությունը պետք է արձագանքի»։
Ինքը՝ Փաշինյանը, այդ արձագանքը պատկերացնում է «մաֆիան արմատախիլ անելու» ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու տեսքով։
Բացի դրանից, Հայաստանի վարչապետը, ըստ էության, դատավորներին մեղադրել է կոռումպացված լինելու մեջ։
«Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու են։ Անունները, ըստ քրեական գործերի կհրապարակվեն, երբ որ լինեն այդպիսի գործեր»,- շեշտել է նա։
«Եթե ասում են` գործարք են առաջարկել, թող ասեն` ով, ում»
Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ նախնական արդյունքների, չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը՝ 4 տոկոսը։ Պակասել է ընդամենը 0,004 տոկոսային կետ։ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմումներ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Լրատվամիջոցներում շրջանառվել են տեղեկություններ, թե, իբր, կուսակցությունն ի սկզբանե հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն «իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար»։ Նման պնդում է արել «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նիկոլ Փաշինյանը հերքել է գործարքի մասին պնդումն ու հարց առաջ քաշել․
«Եթե ասում են` գործարք են առաջարկել, թող ասեն` ով, ում։
Վարչապետի գնահատմամբ՝ եթե իրենք Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեին, ծնկաչոք ընդառաջ կգար։
«Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել։ Դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ տարբեր տեղեր գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է` իրեն ընդամենը հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ չէ»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը մտահոգված չէ ՀԱՊԿ-ից ՀՀ հեռացմամբ