«Բարեկամ երկրների լռությունը տարօրինակ է»․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին
Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին
«Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»,- խոսելով Լաչինի միջանցքի փակման մասին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետն ու շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք արձագանքել են։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ 120 հազար մարդ «փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում»։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վարչապետը բնորոշել է որպես հումանիտար ճգնաժամ, որն առաջացել է «Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով»։
Կառավարության ղեկավարը խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ընդգծելով, որ «անհեթեթ, տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանն այդ «միջանցքի» տրամադրման բանավոր խոստում է տվել»։
Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սակայն նշված գործընթացում «Հայաստանի սուվերենության սահմանափակում» 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։
Չորրորդ օրն է, ինչ ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից դադարեցված է նաև գազամատակարարումը, ինչի հետևանքով բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Աշխատանքները դադարեցրել են նաև գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները։
Արցախի շուրջ 120 հազարանոց հայ բնակչությունը շրջափակման մեջ է և հումանիտար ճգնաժամի առաջ․ մի քանի օրվա սնունդ և դեղորայք ունեն։ Տուն վերադառնալու հնարավորությունից զրկված է շուրջ 1100 արցախցի, այդ թվում՝ 270 երեխա։ Նրանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում։ Արցախում կա 5 ծանր հիվանդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք բուժման նպատակով պետք է տեղափոխվեն Երևան, սակայն դա այս պահին անհնար է։ Խնդրի լուծման նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
Բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով Արցախում ռազմական դրության աշխատանքային ռեժիմ է հայտարարվել։
JAMnews-ն առանձնացրել է վարչապետի ելույթի կարևորագույն թեզերը։
«Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը»
Փաշինյանը շեշտել է՝ Բաքուն շարունակաբար և կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանը «պետք է միջանցք տրամադրի»։
«Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև ՀՀ կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Անհեթեթ, նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկին»,- հայտարարել է վարչապետը։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը «ցանկացած պահի պատրաստ է» ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանն ու շահագործմանը, սակայն գործընթացները պետք է կազմակերպվեն երկրի օրենսդրությանը համապատասխան։
«ԼՂ-ում հումանիտար իրավիճակը ծայրաստիճան սրվել է»
Վարչապետը հիշեցրել է՝ Ադրբեջանը ոչ միայն արգելափակել է Լաչինի միջանցքը, այլև փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը։ Սրա հետևանքով բնակիչները կանգնել են ձմեռային պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարության առաջ։
Նա խոսել է նաև առաջացած պարենային, առողջապահական, կրթական և մյուս խնդիրների մասին, ստեղծված իրավիճակը բնորոշել է որպես հումանիտար ճգնաժամ․
«Այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից»։
Փաշինյանը հիշատակել է հայտարարության 6-րդ կետը, որի համաձայն՝
- Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո,
- Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
Փաշինյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ԼՂ-ի հայերին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունի։ Նկատում է՝ Ադրբեջանն իրագործում է «ԼՂ-ն առանց հայերի» քաղաքականությունը, հայկական կողմը պետք է անի ամեն ինչ, որպեսզի դա «պատշաճ քաղաքական գնահատականի արժանանա»։
«Պետք է խորհրդարանի ուղերձը հասցնել հասցեատերերին»
Հղում անելով նախօրեին Հայաստանի խորհրդարանի ընդունած հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ լիարժեք պաշտպանում է այն, ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը․
«Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»։
Վարչապետն արտաքին գերատեսչությանը հանձնարարել է Հայաստանի օրենսդիր մարմնի այս ուղերձը «արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին»։
«Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում»
Ասել է Հայաստանի վարչապետն ու Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մի քանի օրինակներ բերել։ Փաշինյանը հիշեցրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացիան, ներխուժումը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ, Հայաստանի տարածքների օկուպացիան 2021 թ․-ի մայիսի 11-ի, 2021 թ․-ի նոյեմբերի 14-ի և 2022 թ․-ի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները։
Նրա խոսքով՝ խախտվել է հայտարարության առաջին կետը, որի համաձայն՝ հակամարտության գոտում կրակն ու բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեին, ինչպես նաև երրորդ կետը, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղում ձևավորվում է շփման գիծ, որը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո է»։
Վարչապետը շեշտել է՝ կոպտորեն խախտվում է նաև ութերորդ կետը, ըստ որի՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում․
«Ադրբեջանը մինչև այժմ պահում և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց»։
Ասում է՝ եռակողմ հայտարարության խախտում են նաև «Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»։ Բացի այդ՝ խախտվում է նաև նույն հայտարարության յոթերորդ կետը, որի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնային ԼՂ-ի տարածք ու հարակից տարածքներ։
«Ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, և չընդունելով նման տարածքային միավորի գոյությունը, Ադրբեջանն, ըստ էության, հայտարարում է, թե փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծել է վարչապետը:
Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին