«Չենք քննարկել և չենք քննարկում»․ Փաշինյանը՝ 300 հազար ադրբեջանցիների ՀՀ վերադարձի մասին
Փաշինյանը՝ Մուստաֆաևի այցի մասին
«Երբեք Ադրբեջանի հետ նման հարց չենք քննարկել և չենք քննարկում»,-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել լրագրողների հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետի այցի օրակարգում է եղել նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման։
Հերքելով պնդումները՝ ՀՀ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում ներառված չեն նաև Լեռնային Ղարաբաղի, Բաքվի և «մնացած տեղերի» հայերի վերադարձի հարցը։
«Ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին թեժացնում են»,- պնդել է նա՝ տեղի ունեցողը որակելով «էժան ներքաղաքական շահարկում»։
Փաշինյանի համոզմամբ՝ արցախցիների և ադրբեջանցիների վերադարձի թեմաները ներքաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, որոնք փորձում են «տեղ բացել» մի խոսակցության համար, որը փակվել է իշխող ուժի վարած քաղաքականության արդյունքում; Օրինակ է բերել, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
«Օրինակ՝ 100 տոկոսով համոզված եմ, որ կալուգացի օլիգարխը չի հասկանում, թե ինչ է ասում և ինչի համար․ իրեն հանձնարարում են, ասում է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին։
Ճեպազրույցում կառավարության ղեկավարն անդրադարձել է մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի այցին, հայ և ադրբեջանցի գործարարների շփումներին, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում
- «Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին
- «Մեզ է անհրաժեշտ, ոչ թե ուրիշներին»․ Փաշինյանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
«Փոխվարչապետների փոխայցերը պատմական են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների փոխայցելությունները որակել է որպես կարևոր և պատմական իրադարձություններ։
«Դրանք նշանավորում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ուժեղացման մի նոր և կարևոր շրջափուլ»,- նշել է նա՝ բարձր գնահատելով փոխվարչապետների կատարած արդյունավետ աշխատանքը։
Վարչապետի դիտարկմամբ՝ երկու երկրների հարաբերությունները պետք է է շարունակաբար լավարկվեն, իսկ խաղաղությունը՝ գնալով ուժեղանա։
«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների մեկնարկից՝ 2022 թ.-ից ի վեր առաջին անգամ կողմերը սկսել են հանդիպումներ անցկացնել ոչ թե երրորդ երկրներում կամ ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին, այլ հենց իրենց տարածքում։ 2025 թ․-ի նոյեմբերի 28-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան, սահմանազատման հանձնաժողովների նիստ էր կայացել Գաբալայում։ Ապրիլի 29-ին ՀՀ-ում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը, նիստն անցկացվեց Աղվերանում։
«Հայաստանից Ադրբեջան արտահանումների արգելք չկա»
Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են նաև երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ քննարկման մասին, որ կազմակերպվել էր փոխվարչապետների գլխավորությամբ կայացած հանդիպման շրջանակում։
Կառավարության ղեկավարը նշել է՝ գիտի, թե ՀՀ-ից որ գործարարներն են մասնակցել ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը։ Անուններ, սակայն, Փաշինյանը չի հնչեցրել։
«Եթե իրենք հարկ համարեն, իրենք կհրապարակեն։ Այդ թվում՝ ձեզ հայտնի պատճառներով՝ մարդկանց որոշ լուսանցքային խմբակների կողմից բուլինգի չենթարկելու համար»,- պարզաբանել է նա։
Անդրադառնալով երկու երկրների առևտրատնտեսական կապերին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերից մինչ օրս Ադրբեջանի տարածքով ՀՀ է եկել շուրջ 26 հազար տոննա ապրանք։
«Գործնականում քաղաքական կամ տեխնիկական որևէ արգելք, որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն Ադրբեջան»,- հայտարարել է նա։
Հիշեցրել է՝ արդեն փոխանակել են ապրանքախմբերի ցանկերն ու հույս հայտնել, որ առաջիկայում տեղի կունենա հայկական արտադրության որոշ ապրանքախմբերի արտահանում Ադրբեջան։
«Գերիների վերադարձի հարցը քննարկում ենք Բաքվի հետ՝ երկկողմ ձևաչափով»
Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին՝ Փաշինյանն ընդգծել է՝ նրանց ազատ արձակման ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք։
«Երբ կլինեն արդյունքներ, բոլորս կտեսնենք։ Այսպես եմ ասում ոչ թե նրա համար, որ ինչ-որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ որևէ մեկը չի հատել ՀՀ սահմանը, առնվազն լուրջ չէ ազդարարել նման հնարավորության մասին»,– մանրամասնել է նա։
ՀՀ վարչապետի փոխանցմամբ՝ Երևանը գերիների վերադարձի թեման քննարկում է Բաքվի հետ՝ երկկողմ ձևաչափով։ Ինքը՝ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում նշել է՝ այլ ձևաչափերը արդյունավետ չի համարում։
«Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում և մեծ պոտենցիալ չունեն։ Այնտեղ, որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ՝ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաև այլ ձևաչափով քննարկելուց»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ Մուստաֆաևի այցի մասին