«Հայաստանը պլացդարմ կամ ֆորպոստ չէ»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ՀՀ անվտանգության ապահովման մասին
Հայաստանի վարչապետը հայտարարել է՝ կողմերի միջև առկա անվստահությունն է պատճառը, որ մինչ այս պահը Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։
«Ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ մեր հայտարարությունների մեջ տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է անդրադառնում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ պայմանագիր կքնելու ՀՀ քաղաքական կամքը մնում է անսասան, սակայն կան «հստակեցնելու մի քանի առանցքային հարցեր»։ Դրանցից մեկն, ըստ նրա, պայմանագրի տեքստի հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։ Կարևոր է համարում նաև անվտանգության երաշխիքների ստեղծումը, որ «խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»։
Գործադիրի ղեկավարը խոստացել է ակտիվացնել այս հարցերի լուծմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական աշխատանքը, արդյունքների մասին պարբերաբար զեկուցել հանրությանը։
«Բաքվի հետ համաձայնեցվել է 3 սկզբունք»
Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու կամք ունի, սակայն միայնակ այն ստորագրել չի կարող։ Նրա փոխանցմամբ՝ 2023 թ․-ի մայիսի 14–ին և հուլիսի 15–ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են երեք հիմնական սկզբունքներ․
- «Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29․ 800 քառակուսի կմ է, իսկ Ադրբեջանի տարածքը 86․ 600 քառակուսի կմ։
- 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքն է։ Ըստ էության, կա նաև ըմբռնում այն մասին, որ դելիմիտիացիայի համար պետք է օգտագործվեն Խորհրդային միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-90 թվականների քարտեզները։ Համաձայնեցված է նաև հետևյալը, որ ՀՀ և Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նույնպես նման պահանջներ առաջ չքաշել։
- Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության հիման վրա»։
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ խաղաղության օրակարգն ուղղված է արժեքային և շահերի համակարգերի գագաթնակետերի սպասարկմանը։ Ըստ նրա՝ դրանք ենք Հայաստանի Հանրապետությունն ու երկրի տնտեսական զարգացումը։
«Հայաստանին և անձամբ ինձ խոստումներ են վերագրվում»
Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ նկատել է նա։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր խոստումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, այնտեղ արձանագրված են նաև ՀՀ-ին տրված խոստումները։
«Պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծի իրագործումը և ակնկալում ենք տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության աջակցությունը»,- հայտարարել է նա։
«Որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»
Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2024 թ․-ի բյուջեի համաձայն՝ հաջորդ տարի 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվելու են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Նրա գնահատմամբ՝ դա նշանակում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստություն։ Խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն, ըստ նրա, քաղաքացների պաշտպանվածության զգացողությունն է։
«Վստահ եմ, որ բոլոր հարևան երկրները համոզված են՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,- շեշտել է նա։
Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և սպառազինության ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չի համարում։ Նախ շեշտում է՝ ԶՈՒ բարեփոխումը յուրաքանչյուր ինքնիշխան պետության պարտականությունն է, որն էլ իրագործում է Հայաստանը։ Եվ հետո հիշեցնում է՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը երեք անգամ գերազանցել են ՀՀ ծախսերին։
Ո՞րն է Հայաստանի պետական շահը
Հայաստանի վարչապետի բնորոշմամբ՝ ժամանակները պատմական են, քանի որ կանգնած ենք «պետության և պետականության ֆունկցիոնալ նշանակության» վերագնահատման անհրաժեշտության առաջ։ Ասում է՝ այդ գնահատման արդյունքը պետք է լինի հետևյալ արձանագրումը․
«Հայաստանը ոչ թե պլացդարմ կամ ֆորպոստ է իր սահմաններից դուրս մշակված և այդ սահմաններից դուրս պլաններ իրագործելու համար, այլ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու միջոց»։
Պետությունն, ըստ նրա, պետք է առաջնորդվի այդ նպատակներն իրագործելու տրամաբանությամբ։
«Տնտեսական զարգացումն է ՀՀ պետական շահը և բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ նրա, թե որքանով են համապատասխանում այդ շահին»,- նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ ՀՀ անվտանգության ապահովման մասին