Ցույց Թբիլիսիում՝ հատուկ գործողությունից և ընդդիմության առաջնորդի կալանավորումից հետո։ Ֆոտոռեպորտաժ
Հազարավոր մարդիկ են փետրվարի 23-ին Թբիլիսիի կենտրոնում հավաքվել՝ բողոքի ակցիայի։ Դրա մասին հայտարարել էր միավորված ընդդիմությունն այն բանից հետո, երբ վաղ առավոտյան հատուկ գործողություն էր իրականացվել և կալանավորվել էր «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։
Փետրվարի 23-ին առավոտյան 7-ին հատուկ նշանակության ջոկատը գրոհել էր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը, որտեղ մոտ երկու տասնյակ մարդ էր հավաքվել։ Մելիայի կալանավորումը տեղի էր ունենում հատուկ սարքավորումների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան 20 ակտիվիստ։ Առգրավվել են նաև «Միասնական ազգային շարժման» գրասենյակի սերվերները։

Բողոքի ցույցը սկսվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ երկրի պետական հիմնի կատարումով։ Ընդդիության առաջնորդները հայտարարել են կառավարությանն ուղղված երկու հիմնական պահանջի մասին․ ազատ արձակել Նիկա Մելիային և արտահերթ ընտրություններ նշանակել։
Այնուհետև ցույցի մասնակիցները տեղափոխվել են Ռուսթավելու պողոտա՝ խորհրդարանի շենքի մոտ։ «Գլխավոր չարիքը միամանդատ խորհրդարանն է», — հայտարարվել է ակցիայի ժամանակ։
Ընդդիմության պատգամավորների բացարձակ մեծամասնությունը բոյկոտում է խորհրդարանը՝ 2020 թ-ի հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունները կեղծված համարելով։ Այդ պատճառով էլ նոր խորհրդարանն իր աշխատանքը սկսել է դեկտեմբերի 11-ին որպես միակուսակցական (միայն իշխող «Վրացական երազանքի» պատգամավորների մասնակցությամբ)։ 2021 թ-ի փետրվարին խորհրդարանում սկսել է աշխատել ընդդիմության չորս պատգամավոր։

Ցուցարարները պարզել են «Վրաստանը Խորհրդային Միություն չի վերադառնալու» գրառմամբ պաստառներ։

«Սրացման տրամաբանությունը գերիշում է, քաղաքական ճգնաժամը խորանում է։ Բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն ստանձնեն և գործեն ի շահ երկրի և Վրաստանի ժողովրդի։ Չարժե հրաժարվել ընդհանուր լեզու գտնելու փորձերից», — հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարթցելը Վրաստանում քաղաքական ճգնաժամի առնչությամբ։

Նիկա Մելիային այցելել են օմբուդսմենի ներկայացուցիչները։ Հաղորդվում է, որ նրա առողջական վիճակը նորմալ է։
«Նախնական կալանքը չի կարող օգտագործվել որպես պատժի ձև, այն պետք է կիրառել միայն, եթե հիմնավոր կասկածներ կան, որ մեղադրյալը թաքցնում կամ ոչնչացնում է ապացույցները։ Միջազգային գործընկերները կառավարությանը զգուշացրել են, որ իրադարձությունների նման զարգացումը հեռացնում է երկիրը միջազգային գործընկերներից և տանում դեպի փակուղի։ Իշխանություններին կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի հանդարտեցման համար։ Նման քայլերից մեկը կարող էր Նիկա Մելիայի ազատ արձակումը լինել», — ասել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան։

«Կառավարությունը պետք է հնարավորինս արագ իրավական գործիքներ գտնի և ազատ արձակի Նիկա Մելիային։ Այնուհետև արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ թույլ չտալու համար, որ երկիրն առճակատման բարդագույն շրջապտույտի մեջ մտնի», — ասել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Ակտիվիստները սկսել են խորհրդարանի մոտ վրաններ տեղադրել և մտադիր են անժամկետ ցույց իրականացնել մինչև իրենց պահանջները բավարարվեն։
