Ցխինվալում էլեկտրոնային վճարային տերմինալներ կգործարկվեն
Ցխինվալում առաջին անգամ վճարային նոր համակարգ՝ էլեկտրոնային վճարային տերմինալներ, կգործարկվեն: Այդ տերմինալների շնորհիվ Ցխինվալի բնակիչները կկարողանան բջջային հեռախոսները վերալիցքավորել, պետական տուրքերը մուծել ու կոմունալ վճարումներ կատարել:
«Համակարգ» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կաբիսովի խոսքով՝ Ցխինվալում էլետրոնային տերմինալների ներդրման աշխատանքը մոտ 5 տարի է տևել և ֆինանսավորվել է հանրապետության բյուջեից:
«Ռուսաստանում մի քանի վճարային ընկերություն կա: Մենք ի սկզբանե ցանկանում էինք պայմանագիր կնքել Qiwi ընկերության հետ, որը մեր վճարումների մշակման դիմաց չափազանց մեծ տոկոս պահանջեց: Որից հետո մենք այստեղ մեր սեփական սերվերը տեղադրեցինք, որը տվյալները մշակում է ռուսական մեկ այլ՝ «Սիսպլատ», ընկերության միջոցով», — նշել է Կաբիսովը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ «Մեգաֆոն Հարավային Օսիա» ընկերության հետ համատեղ պլանավորվում է 35 տերմինալ տեղադրել, դրանցից 15-ն արդեն պատրաստ են շահագործման:
Արդեն հաջորդ շաբաթ «Համակարգ» ընկերությունը մտադիր է 4 տերմինալ տեղադրել Ցխինվալի ամենաբանուկ փողոցներում: Մնացած 11 տերմինալները կառաջարկվեն տեղադրել մասնավոր գործարարներին և հաստատություններին:
Վճարումների միջնորդվճարը կկազմի 7%, որը կներառի բանկային տոկոսը, ռուսական վճարային համակարգի ծառայությունների և օպերատոր ընկերության ծախսերը:
Սակայն, Կաբիսովի խոսքով, եթե կազմակերպություններն, օրինակ բնակարանային-կոմունալ տնտեսությունը, ցանկանան իրենց վրա վերցնել միջնորդավճարները, ապա քաղաքացիների համար կոմունալ վճարումների ծառայությունն անվճար կդառնա:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքներն ու պարտադիր չէ, որ արտացոլեն խմբագրության դիրքորոշումը: