Մայիսի 1-ից պաշտոնապես կդադարեցվի վրացական «Մտավարի» անկախ հեռուստաալիքի հեռարձակումը: Այդ մասին հեռուստաալիքի աշխատակիցներին տեղեկացրել է գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիան:
Հեռուստաալիքի հիմնադրի և «Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից մեկի՝ Նիկա Գվարամիայի հայտարարության համաձայն՝ «հիմնական ալիքը կփակվի, բայց նոր ալիք կբացվի»:
«Այլ կերպ լինել չի կարող, ես հավատում եմ և գիտեմ: Կարևորն այն է, որ երկիրը չփակվի, այլապես իմաստ չի ունենա ո՛չ բացելը, ո՛չ էլ փակելը [հեռուստաալիքներ]»,- գրել է Գվարամիան սոցցանցերում:
«Մտավարիի» փակման մասին տեղեկատվությունը մեկնաբանել են նաև հեռուստաալիքի լրագրողներն ու աշխատակիցները: Լրագրող Իրակլի Բախտաձեն սոցցանցերում պատմել է, որ իր աշխատանքի հնգամյա ժամանակահատվածն ավարտվել է, հարկադրաբար լքում է «տունը», որտեղ գտնվել է դրա ստեղծման պահից ի վեր:
Նմանատիպ գրառում է կատարել լրագրող Թաթիա Ցոցոնավան՝ նշելով, որ աշխատակիցները լրատվամիջոցի ստեղծման և պահպանման համար պայքարել են իրենց առողջության և կյանքի գնով:
2024 թվականի դեկտեմբերի 11-ին «Մտավարիի» գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիան հայտարարել էր, որ հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը՝ գործարար Զազա Օկուաշվիլին, գիտակցաբար հեռուստաալիքը տանում է փակման:
Գաբունիայի խոսքով՝ մի քանի ամիս առաջ Օկուաշվիլին հեռուստաալիքի տնօրեն է նշանակել իր վստահված անձին՝ Գոգի Կուրդաձեին, որը դիտավորյալ խոչընդոտում է հեռուստաալիքի աշխատանքը՝ արգելափակելով ընկերության բոլոր ֆինանսական գործարքները և հրաժարվելով ստորագրել հեռուստաալիքի համար կենսական նշանակություն ունեցող պայմանագրերը:
Ընդգծել էր՝ կան հիմնավոր կասկածներ, որ Օկուաշվիլին գործում է կա՛մ ուղղակիորեն «Վրացական երազանքի» հետ համաձայնությամբ, կա՛մ օգտագործում է «Մտավարին» որպես իշխող կուսակցության հետ սակարկության առարկա: Այդ ժամանակ Գաբունիան հայտարարել էր, որ լրագրողները կպայքարեն և կմնան եթերում այնքան, որքան կկարողանան, թեև նշել էր, որ հաշվի առնելով հիմնադիրներից մեկի ստեղծած ճգնաժամը՝ դա անելը դժվար կլինի:
Հիշեցնենք, որ «Մտավարի» հեռուստաալիքը հիմնադրվել է 2019 թվականի սեպտեմբերին ընդդիմադիր Նիկա Գվարամիայի նախաձեռնությամբ, իսկ հետագայում բաժնետոմսերի մի մասն անցել է գործարար Զազա Օկուաշվիլիի ընկերություններին: Փետրվարից հեռուստաալիքի ուղիղ հեռարձակումները դադարեցված էին, եթերում հիմնականում սերիալներ էին ցուցադրվում: