Ի՞նչ են մտածում Վրաստանի բնակիչները խորհրդարանական ընտրություններից մեկ ու կես ամիս առաջ․ հարցում
Գործազրկությունը Վրաստանի բնակչության գլխավոր խնդիրն է։ Այսպիսի եզրակացության է եկել ԱՄՆ Ազգային–ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտությունը, որը հրապարակվել է սեպտեմբերի 14–ին։
Այս խնդիրը չի կորցնում առաջնահերթությունը 2009 թ–ից։ Գործազրկությանը հետևում է աղքատությունն, իսկ տարածքային ամբողջականությունն այդ ցանկում երրորդ տեղն է զբաղեցնում։
Հոկտեմբերի 31–ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, որոնց արդյունքը շատ փորձագետներ չափազանց կարևոր են համարում երկրի քաղաքական ապագայի համար։
Առաջին անգամ քվեարկությունն անցկացվելու է խառը համակարգով։ Խորհրդարանի 150 տեղից 120–ը կբաշխվի կուսակցությունների և դաշինքների միջև։ Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է մեկ տոկոսից ավելի ձայն հավաքեն, դաշինքը՝ մեկական տոկոս յուրաքանչյուր մասնակցող կուսակցության հաշվարկով։ Մնացած 30 տեղերը կբաշխվեն մեծամասնական թեկնածուների միջև։
Ընտրությունների նախաշեմին բնակչության սպասելիքներն աճել են, հարցվածների 88 տոկոսը պատրաստվում է ընտրություններին մասնակցել։ Սակայն նրանց մեծ մասը չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու։
Մեծ մասը դեռ չի որոշել, թե ում օգտին քվեարկել
• Հարցվածների՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող 88 տոկոսից 59–ը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու։ Հետևաբար, ընտրությունների ելքը կախված է լինելու հենց նրանցից։
• Հարցվածների միայն 27 տոկոսն է նշել, թե ում է ընտրելու։ Նրանցից իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին կքվեարկեր 17 տոկոսը, իսկ հինգ տոկոսը՝ «Միացյալ ազգային շարժման» օգտին։ Այս կուսակցությունը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
• Հարցվածների 30 տոկոսն ասել է, որ նախընտրական քաղաքական դաշտի հիմնական խնդիրը ընտրողներին կաշառելու փորձերն են։
• Ընտրողների համար վճռորոշ է կուսակցությունների քաղաքականությունը տնտեսության, առողջապահության ոլորտներում, դիրքորոշումը՝ օրենքի գերակայությունն ապահովելու հարցում։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ առանձին կուսակցությունների արդյունքներն այնքան ցածր են, որ «դրանք հնարավոր չէ օգտագործել ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար»։