Վրաստանում բնակվող ադրբեջանցիները պատրաստ են կռվելու Ադրբեջանի կողմից։ Ռեպորտաժ Մառնեուլիից
Վերջերս Մառնեուլիի չայխանաներն առանձնապես մարդաշատ են։ Այստեղ առավոտյան հավաքվում են տղամարդիկ, տաք թեյ խմում և միմյանց հետ կիսվում վերջին նորություններով։
Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացումն այստեղ՝ հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված շրջանում, խոսակցությունների հիմնական թեման է, որը խամրեցրել է կայանալիք խորհրդարանական ընտրություններն ու կորոնավիրուսի համավարակը։
Լուրերը վրացական Քվեմո Քարթլի շրջան են հասնում հիմնականում ադրբեջանական հեռուստաալիքների միջոցով։ Տեղացիները դիտում են նաև ռուսական ալիքներ։ Վրացական ալիքներին քչերն են հետևում, քանի որ շատերը չգիտեն վրացերեն։
«Մենք հավատում ենք Ադրբեջանի նախագահին»
Տեղի ադրբեջանցիների մեծ մասը հայտարարում է Ադրբեջանի իշխանություններին և նախագահ Իլհամ Ալիևին սատարելու մասին։
«Ես կողմ եմ պատերազմին, քանի որ այն ուրիշների հողերը գրավելու համար չէ, այլ մեր հողերը թշնամուց ազատագրելու։ Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն փախստական կա այդ պատերազմի հետևանքով, և եթե մենք հաղթենք, այդ խաղաղ մարդիկ կվերադառնան իրենց տներ»,— ասում է 65-ամյա Դիլգար Հանիևը Մառնեուլիից։
«Մենք հավատում ենք Ադրբեջանի նախագահին, շատ շուտով ադրբեջանցի զինվորականները մեր փառահեղ դրոշը կբարձրացնեն Ղարաբաղում։ Դա հայերի հողը չէ, թշնամու հողը չէ, մենք վերադարձնում ենք մեր հողը», — ասում է 54-ամյա Մազահիրա Ալիևան՝ Քվեմո Սարալի գյուղից։
Տեղի ադրբեջանցիների շրջանում քիչ չեն նրանք, որոնք կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտությունն առանց պատերազմի չի լուծվի։
«Ես հաճախ եմ հիշում հին ժամանակները, գեղեցիկ Շուշան [քաղաք Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանցիներ են բնակվել։ Հայերն այն Շուշի են անվանում — JAMnews]։ Այնքան եմ ուզում, որ մենք հաղթենք և լսենք, որ Ղարաբաղում ադրբեջաներեն են խոսում։ Ես կողմ եմ պատերազմին, քանի որ այլ կերպ Ադրբեջանը չի կարող վերադարձնել հողերը», — ասում է Սոլմազ Յուսուբովան։ Նա հիշում է, որ ուսանողական տարիներին հաճախ էր Ղարաբաղ մեկնում վերապատրաստման։
«Սա մեծ անարդարություն է, որ հակամարտությունը 30 տարի չի լուծվում։ Աշխարհի առաջատար երկրները պետք է ներգրավված լինեին այս երկխոսությանը, սակայն նման բան տեղի չունեցավ։ Չափազանց ուշ է։ Ադրբեջանը միայն մեկ լուծում է տեսնում՝ իր հողերը պատերազմով վերադարձնելը։ Ես կողմ եմ պատերազմին, քանի որ ուզում եմ, որ Ղարաբաղի հողերում Ադրբեջանի դրոշը բարձրացվի։ Ադրբեջանն արժանի է այս հաղթանակին։ 90-ականներին ադրբեջանցի ժողովուրդը համապատասխան ռազմական տեխնիկա չուներ, ինչը հանգեցրեց մեր հողերի գրավմանը։ Սակայն այսօր Ադրբեջանն ուժեղ է, մենք ունենք ռազմական ուժեր, այդ պատճառով էլ հաղթանակ է սպասվում», — ասում է 58-ամյա Վագիֆ Գուլիևը Քվեմո Սարալի գյուղից։
«Մենք վախենում ենք, ցավում ենք, յուրաանչյուր զոհ մեր ցավն է։ Պատերազմը լավ բան չէ։ Երիտասարդները մահանում են։ Արտասվում են երկու կողմերում էլ։ Սակայն Ադրբեջանն այլ ելք չուներ։ Հաղթանակի ենք սպասում։ Ուրախ եմ, որ այսօր Ադրբեջանն աջակցություն ունի, դա շատ բան է նշանակում։ Նույնպիսի աջակցություն և ուժ եմ մաղթում հայրենիքիս՝ Վրաստանին։ Այսօր, երբ Ղարաբաղի գյուղերն ազատագրվում են, ուզում եմ, որ նույն բանը տեղի ունենա նաև Աբխազիայում, և կարողանանք վերադարձնել այդ հրաշք հողը», — ասում է 52-ամյա Թահիրա Մեմեդովան Մառնեուլիից։
Վրաստանում բնակվող ադրբեջանցի երիտասարդությունը և ուսանողները ցույցի են դուրս եկել Թբիլիսիում՝ ի աջակցություն Ադրբեջանի
Ցույցը կայացել է Թբիլիսիի պատմական թաղամասում՝ Հեյդար Ալիևի արձանի մոտ։
Երիտասարդների ձեռքում «Ղարաբաղն Ադրբեջան է» գրառմամբ պաստառներ կային։
Հավաքվածները հայտարարել են, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Վրաստանում բնակվող իր հայրենակիցներին, այդ պատճառով էլ իրենք պարտավոր են Ադրբեջանի նկատմամբ համերաշխություն դրսևորել դժվար ժամանակներում։
Ցուցարարները ծափահարել են այն փաստին, որ ադրբեջանցի զինվորականները ռազմական հաջողության են հասել, և մարտական գործողությունների արդյունքում մի քանի գյուղ զբաղեցրել, որոնք ավելի վաղ հայկական կողմի վերահսկողության տակ էին։
Ցույցին մասնակցած երիտասարդները JAMnews-ին պատմել են, որ, թեև իրենք Վրաստանի քաղաքացի են, պատրաստ են բանակ գնալ և անհրաժեշտության դեպքում կռվել առաջնագծում։
«Վրաստանի ադրբեջանցիները պայքարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար 1990-ականների ղարաբաղյան պատերազմում։ Ինչպես նաև այս տարվա հունվարին՝ Թովուզի մարտերին։ Գնդապետ Իլգար Միրզաևը, որը զոհվեց Թովուզի մարտում, Վրաստանից էր՝ Գարդաբանիից»,— ասել է ցուցարար Այգյուլ Իսաևան։
Նրա խոսքով՝ համընդհանուր զորահավաքի դեպքում Վրաստանում բնակվող ադրբեջանցիները նույնպես կռվելու պատրաստակամություն կհայտնեն։
Վրաստանում բնակվող երիտասարդ ադրբեջանցիներն, ուսանողներն ակտիվ են սոցիալական ցանցերում։
Ֆեյսբուքում մի քանի խումբ կա, որոնց անդամ են հազարավոր երիտասարդներ։
Այդ խմբերում նրանք տարբեր հարցեր են քննարկում, այդ թվում՝ ցույցերի և միջոցառումների պլանավորումը։
Ղարաբաղյան պատերազմի մեկնարկից ի վեր այստեղ առանձնհատուկ ակտիվություն է դիտվում։
Ահա մի քանի տարածված կարծիք խմբերից մեկում անցկացված քննարկումից․
«Իմ կարծիքով՝ սա այն հարցը չէ, որը կարելի է լուծել բանակցությունների միջոցով և խաղաղ ճանապարհով»։
«Մենք չպետք է մոռանանք, որ մեր հայրենիքը Վրաստանն է, մենք Վրաստանի քաղաքացի ենք, ծնվել ենք Վրաստանում։ Ճիշտ չի լինի, որ երիտասարդները միանան պատերազմին, կարծում եմ, որ խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով»։
«Շատ երիտասարդներ չեզոք են տրամադրված, սակայն այս հարցում չեզոքություն չկա։ Ինչ էլ լինի, մեր երակներով ադրբեջանական արյուն է հոսում»։
«Այս հակամարտությունը խաղաղ լուծում չունի, միակ լուծումը պատերազմն է»։
«Վրաստանը պետք է չեզոք լինի այս հարցում, այլապես կորուստներ կկրի երկու կողմից էլ»։
«Վրաստանը գիտի, թե ինչ է նշանակում տարածքներ կորցնել, այդ պատճառով էլ պետք է սատարի Ադրբեջանին», — սրանք խմբում երիտասարդների կատարած գրառումներից մի քանիսն են։
Ադրբեջանի օգտին կռվել պատրաստ են նաև վրաստանցի պատգամավորները։
Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորներն ակտիվորեն հայտարարություններ են անում Ղարաբաղի վերաբերյալ և աջակցություն հայտնում Ադրբեջանին։
Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը) պատգամավոր Ազեր Սուլեյմանովը դիմել է Ադրբեջանի նախագահին։ Վրաստանցի պատգամավորը գրում է, որ պատրաստ է կռվել հանուն Ադրբեջանի։
Սուլեյմանովը նշել է, որ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներն «այնպես, ինչպես մասնակցել են 1990-ականների Ղարաբաղի և Աբխազիայի պատերազմներին, պատրաստ են ընդունել ցանկացած մարտահրավեր, որը կանգնած է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության առջև»։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Ռուսլան Հաջիևը կատարվածը «հաջող ռազմական գործողություն» է անվանել, ինչպես նաև զուգահեռ անցկացրել Աբխազիայի հարցի հետ։ Նրա խոսքով՝ անջատողականությունը շարունակվում է նաև Վրաստանում։