Վրաստան․ ի՞նչ է լինելու զբոսաշրջության հետ
Վրաստանում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ արտակարգ դրություն է գործում կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Համավարակը հանգեցրել է բազում, նախևառաջ՝ առևտրային գործունեության սահմանափակումների։
Գործարար ակտիվությունը երկրում փաստացի ամբողջովին կասեցված է։ Դեռ շատ վաղ է հաշվարկել վնասը, սակայն տնտեսագետներն ասում են, որ մի բան հաստատ կարելի է ասել․ ամենամեծ կորուստները լինելու են զբոսաշրջության և ծառայությունների ոլոտում։
Տուժել է այն ամենն, ինչ վերաբերում էր զբոսաշրջությանն ու զբոսաշրջիկներին։
Սակայն հենց դրա հետ էին վերջին տարիներին շատերը կապել իրենց բիզնեսն ու ապագայի հույսերը։
Այժմ գործարարները բիզնեսը փրկելու ուղիներ են փնտրում և փորձում են հարմարվել նոր իրականությանը, որովհետև հասկանում են, որ երկիրն առանց զբոսաշրջիկների է ապրելու դեռ երկար ժամանակ։
Կառավարությունն, ըստ ամենայնի, ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունը՝ առանձնապես հույսեր չկապելով զբոսաշրջության ոլորտի հետ։
«Վելվետ»․ արդյո՞ք կարելի է ապրել առանց զբոսաշրջիկների
«Վելվետ» խանութը հին իրերի և վերականգնած կահույքի վաճառքով է զբաղվում։
Այդ փոքր բիզնեսը հիմնել են մի խումբ ընկերներ։ Նրանք տարածք են վարձակալել հին Թբիլիսիի ամենաաշխույժ զբոսաշրջային հատվածում և հետաքրքիր հին իրեր են փնտրում ողջ Վրաստանով մեկ։
Վաճառքները հատկապես լավ էին ընթանում վերջին ժամանակներս։
Հին խորհրդային հեռախոս, 60–ականների լուսամփոփներ, հազվագյուտ գրքեր և խունացած վինիլային սկավառակ՝ վրացական հին օպերայի ձայնագրությամբ․ այսպիսի իրերը շատ էին դուր գալիս արտասահմանցիներին։
Այսօր այս խանութն, ինչպես նաև շատ այլ խանութներ՝ բացառությամբ մթերայինների և դեղատների, փակ է։
Նատա Ցնոբիլիաձեն «Վելվետի» հիմնադիրներից մեկն է։ Նա ասում է, որ ելքն արագ են գտել։ Խանութն ամբողջությամբ անցավ առցանց վաճառքի։ Արտասահմանցի գնորդներին ապրանքը սկսեցին ուղարկել փոստով։
«Կորոնավիրուսից առաջ էլ ենք ացանց վաճառքներ իրականացրել, բայց քիչ։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրեցինք։ Դա մեզ թույլ տվեց պահպանել մեր աշխատակիցների մի մասին և վճարել հաշիվները», — ասում է նա։
Ավելի ուշ առաքումը ստիպված էին կասեցնել արտակարգ դրության նոր սահմանափակումների պատճառով։ Սակայն ընկերությունը պլանավորում է հետագայում էլ զարգանալ հենց այս ուղղությամբ։
Նոր տեսակի ծառայություններ՝ կարանտին
Նույնպիսի խնդիրների են բախվում նաև խոշոր ընկերությունները, որոնք կորցրել են եկամտի հիմնական աղբյուրը՝ զբոսաշրջիկներին։
Շատերը փորձում են վերափոխել իրենց գործունեությունը։ Էկոնոմիկայի նախարարություն հարյուրավոր հայտեր են ներկայացվում տարբեր ընկերություններից՝ արտակարգ դրության պայմաններում իրենց բիզնեսը վերսկսելու խնդրանքով․ դրա համար ընկերությունները պետք է ապացուցեն, որ աշխատում են սոցիալական հեռավորության և սանիտարական բոլոր նորմերի պահպանմամբ։
- Վրաստան․ զբոսաշրջիկներ չկան, հյուրանոցները սնանկացման եզրին են
- Վրաստանի Շատիլի պատմական գյուղը․ թե ինչպես են լեռներն առանց մարդկանց մնում
Georgian Bus–ն ընկերություն է, որը կարողացել է հարմարվել նոր իրավիճակին և ֆորսմաժորային պայմաններին։
Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը զբոսաշրջիկների փոխադրումն էր, ինչպես նաև կանոնավոր ավտոբուսային երթուղիները Վրաստանի տարբեր քաղաքներից դեպի Քութայիսիի միջազգային օդանավակայան։
Այդ օդանավակայանից էին օգտվում բյուջետային ավիաընկերությունները, և հիմնական ուղևորները զբոսաշրջիկներն էին՝ կամ արտասահմանցիները, կամ Վրաստանից Եվրոպա մեկնող զբոսաշրջիկները։ Թռիչքների չեղարկումից հետո ընկերությունն առանց աշխատանքի մնաց։ Սակայն ելք գտնվեց։
«Մարտի 12–ից մեր միակ գործունեությունը Վրաստան վերադարձող մեր հայրենակիցների տեղափոխումն է կարանտինային գոտիներ։ Օդանավակայաններից զատ, մենք մարդկանց տեղափոխում ենք նաև ցամաքային սահմաններով։ Մեր ավտոբուսները սպասման ռեժիմի մեջ են բոլոր սահմաններին։
Օրինակ՝ վերջերս Վրաստանի քաղաքացիների ենք տեղափոխել Երևանից, դա արտգործնախարարության պատվերն էր։ Այժմ պայմանագրով աշխատում ենք զբոսաշրջության գերատեսչության հետ», — ասում է Georgian Bus–ի տնօրեն Շալվա Խուցիշվիլին։
Նրա խոսքով՝ ընկերությունն իր վրա է զգացել գնաժամի առաջին հարվածը։
«Սակայն հետո հայտնվեց այս նոր ծառայությունը, որը մեզ թույլ տվեց փոխհատուցել կորուստների որոշակի հատվածը։ Այժմ մենք կարող ենք աշխատավարձ տալ մեր աշխատակիցներին, և նրանց ազատելու կարիք չկա», — ասում է Խուցիշվիլին։
Ընկերությունում կարծում են, որ պետպատվերները կտևեն մինչև մայիսի վերջ, ինչը շատ կարևոր է ընկերության ֆինանսական կայունության համար։
Թեև զբոսաշրջիկներ այլևս երկիր չեն գալիս, շատ հյուրանոցներ նախկինի պես աշխատում են․ նրանց եկամտի միակ աղբյուրը մարդկանց կարանտինի մեջ տեղավորելն է։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի կարանտինային գոտիների հյուրանոցներում ապրիլի 22–ի դրությամբ տեղավորվել է 5,015 մարդ, այնտեղ էլ, որպես կանոն, ապրում է բուժանձնակազմն ու անվտանգության ծառայության աշխատակիցները։
Ինչպես մեզ հաղորդեցին Բակուրիանիի «Վիլա պալաս» հյուրանոցում, պետությունը հյուրանոցը վարձակալել է մարտի 21–ից մինչև մայիսի 20–ը 300 հազար լարիով [մոտ $95 հազար]։
Հյուրանոցը կարանտինում գտնվողներին ապահովում է երեքանգամյա սննդով և պատասխանատու է սանիտարական նորմերի պահպանման համար։
Ապրիլի 1–ի դրությամբ Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալությունն ավելի քան 10 մլն լարի [մոտ $3.2 մլն] է տրամադրել հյուրանոցների՝ որպես կարանտինային հարթակների վարձակալման համար։
Որոշ խոշոր բրենդային հյուրանոցներ (օրինակ՝ Թբիլիսիի Sheraton–ն ու Holiday Inn–ը) պետությանն իրենց ծառայություններն են առաջարկում անվճար՝ սոցիալական պատասխանատվության շրջանակում։
Իսկ նրանց ծառայությունների դիմաց տնտեսված գումարը բաշխվում է փոքր հյուրանոցների միջև։
Ո՞ւմ բախտը չի բերել
Հազարավոր փոքր հյուրանոցների, հոսթելների, հյուրատների և վարձով բնակարանների տերերն առանձնապես բարդ վիճակում են։
Արտասահմանցի զբոսաշրջիկների թվի մշտական աճի ֆոնին վարձակալությամբ բնակարան տալը Վրաստանում վերջին տարիներին գործունեության ամենաաճող և լայնորեն տարածված տեսակներից է դարձել։
Այն շատ ընտանիքների եկամտի միակ և հիմնական աղբյուրն էր։ Հատկապես՝ Թբիլիսիի հին պատմական թաղամասերում։
Գուգա Չապիչաձեն արդեն երկու տարուց ավելի է, ինչ Թբիլիսի կենտրոնում զբոսաշրջիկներին վարձակալությամբ բնակարան է տրամադրում Airbnb–ով կամ Booking.com–ով։
Ապրիլ–մայիսն ամենալավ սեզոնն էր, երբ Թբիլիսիի էին գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ։
«Փետրվարի վերջից բոլոր ամրագրումները չեղարկվել են, մի հատիկ անգամ չի մնացել։ Այս համաճարակից առաջ ես վարկ էի վերցրել, երկրորդ բնակարանը գնել և վերանորոգել այն։ Այժմ կորցրել եմ եկամուտս, սակայն բանկի պարտքը մնացել է», — ասում է Գուգան։
Խոշոր առևտրային բանկերը հետաձգել են քաղաքացիների վարկային վճարումները երեք ամսով, այդ թվում՝ հիփոթեքային վարկերի տոկոսների։ Սակայն վճարելն, այնուամենայնիվ, պարտադիր է, այդ թվում՝ եռամսյա արձակուրդի տոկոսագումարները։
Բնակարանների որոշ տերեր ժամանակավոր ելք են գտել․ երկու շաբաթով սկսել են իրենց բնակարանները տրամադրել համաքաղաքացիներին ինքնամեկուսացման համար։ Սակայն այդպիսի ծառայությունների պահանջարկը մեծ չէ։
«Թռիչքները դեռ երկար են սահմանափակվելու։ Այդ պատճառով էլ զբոսաշրջության ոլորտում զբաղվածների համար այս ճգնաժամն էլ ավելի լուրջ է լինելու, և ոչ ոք չգիտի, թե երբ ենք վերադառնալու նախկին վիճակին», — ասում է Գուգան։
Վերջ զբոսաշրջության հույսերի՞ն
Վերջին տասնամյակում զբոսաշրջության հատվածն ակտիվորեն աճում էր և վերածվել էր վրացական տնտեսության կարևորագույն բաղադրիչի։
Անցյալ տարի Վրաստան է ժամանել 9.3 միլիոն արտասահմանցի այցելու (երկրի բնակչությունից 2.5 անգամ ավելի), ինչը ռեկորդային ցուցանիշ է։
2011-2018 թթ–ին Վրաստանում արտասահմանյան այցելուների աճի տեմպը կազմել է տարեկան 15 տոկոս, ինչը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։
Շնորհիվ այդ արդյունքների՝ Վրաստանը շրջանցում է ոչ միայն իր հարևաններին, այլև, օրինակ, այնպիսի պոպուլյար զբոսաշրջային ուղղություններն, ինչպիսիք են Պորտուգալիան, Նիդերլանդները, Լեհաստանն, Իռլանդիան, Կիպրոսը և այլն։
Որքան աճում էր արտասահմանցի այցելուների թիվն, այնքան աճում էր նաև այդ հատվածի եկամուտը։
Օրինակ՝ 2018 թ–ին զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել էր 3.2 մլրդ դոլար։ Ինչը 19,1 տոկոսով ավելին էր, քան 2017 թ–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2012 թ–ի համեմատ՝ (1.4 մլրդ դոլար) այն աճել էր գրեթե երեք անգամ։
Տարեցտարի բնակչության ավելի ու ավելի մեծ հատվածն էր կախվածության մեջ ընկնում զբոսաշրջությունից, ինչպես նաև վրացական տնտեսության ավելի ու ավելի մեծ հատվածը։ 2018 թ–ին զբոսաշրջության մասնաբաժինը Վրաստանի ՀՆԱ–ում կազմում էր 7.6 տոկոս։
Զբոսաշրջության եկամուտների կեսից ավելին Վրաստանը ստանում էր հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի զբոսաշրջիկներից։ Սակայն վերջերս բարձր եկամուտներ ունեցող զբոսաշրջիկների, մասնավորապես, ԵՄ երկրներից ժամանողների մասնաբաժինն աճում էր։
2018 թ–ի դրությամբ Վրաստանի յուրաքանչյուր տասներորդ զբոսաշրջիկ Եվրամիությունից էր, ինչը 36 տոկոսով ավելին է, քան 2017 թ–ին։
Ակնկալվում է, որ ընթացիկ ճգնաժամի ֆոնին, նախևառաջ, նվազելու է զբոսաշրջիկների հոսքը Եվրոպայից և բարձր եկամտով այլ երկրներից, ինչը զգալի ազդեցություն կունենա Վրաստանի զբոսաշրջային հատվածի վրա, կարծում են փորձագետները։
Կորոնավիրուսի պատճառով ոլորտը հսկայական վնաս է կրելու, և հատկապես տուժելու են զբոսաշրջային գործակալությունները, զբոսավարներն ու վարորդները, կարծում է տուրօպերատորների ասոցիացիայի ղեկավար Իա Տաբագարին։
«Տուրօպերատորներն, ըստ ամենայնի, ամենամեծ ռիսկի տակ են։ Մոտ ապագայում նրանց միակ հույսը ներքին զբոսաշրջություն է լինելու, որը բավարար չէ։ Ձմեռն, առանց այդ էլ, պասիվ փուլ էր, և դրանից անմիջապես հետո սկսվեց կորոնավիրուսը։ Այսօր դժվար է խոսել որևէ հեռանկարի մասին», — ասում է Իա Տաբագարին։
Նա կարծում է, որ կառավարությունը պետք է ոլորտին օգնելու երկարաժամկետ պլան մշակի, որպեսզի մարդիկ առանց աշխատանքի չմնան։ Օրինակ՝ նա վստահ է, որ նախկին զբոսավարներին, որոնք շատ լավ գիտեն այս կամ այն շրջանի բնության առանձնահատկությունները, պետությունը կարող էր ներգրավել բնապահպանության ոլորտի նախագծերում։
Ինչո՞վ է օգնելու կառավարությունը
Կառավարությունն արդեն հայտարարել է գործարարներին օգնություն տրամադրելու որոշ միջոցների մասին։
Պլանի համաձայն՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած վնասի պատճառով կառավարությունը չորս ամսով հետաձգել է գույքահարկի և եկամտահարկի վճարումը զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների համար։
Արտոնությունները տարածվելու են հյուրանոցների, ռեստորանների, զբոսաշրջային գործակալությունների, տրանսպորտային ընկերությունների, էքսկուրսիաների և մնացած զբոսաշրջային ծառայությունների վրա։
Բացի այդ, վեց ամսվա ընթացքում պետությունը կվճարի 4-50 համար ունեցող հյուրանոցների վարկերի տոկոսադրույքները։
Վերջնական արդյունքում, ըստ կառավարության գնահատականի, հարկերի հետաձգումը մոտ 18 հազար ընկերության կվերաբերի, որոնցում զբաղված է ավելի քան 50 հազար մարդ։ Ըստ կանխատեսումների՝ այդպիսով մասնավոր հատվածում կմնա շուրջ 100 մլն լարի [մոտ $31 մլն]։
Վրաստանի տնտեսության նման բարդ վիճակում հայտնվելու պատճառներից մեկն այն է, որ վերջին տարիներին պետությունը չափազանց մեծ ուշադրություն էր դարձնում զբոսաշրջությանը, կարծում է տնտեսագետ Մերաբ Ջանիաշվիլին։
«Մեծ սխալ էր տնտեսությունն այնպիսի խոցելի ոլորտի հետ կապելն, ինչպիսին է զբոսաշրջությունը։ Ցանկացած ճգնաժամի դեպքում զբոսաշրջային հատվածն առաջինն է տուժում, որովհետև մարդիկ, նախևառաջ, սկսում են գումար տնտեսել ճամփորդությունների հաշվին։ Այդ պատճառով էլ այն ճգնաժամերի նկատմամբ առավել զգայուն հատված է, և մեզ վատ հետևանքներով է սպառնում», — ասում է Ջանիաշվիլին։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին պետական օգնությունը բիզնեսին հիմնականում ուղղված էր զբոսաշրջային ոլոտին, թեև այդ հատվածում մասնավոր ներդրումներն, առանց այդ էլ, բարձր էին։
«Օրինակ՝ եթե դիտարկենք խոշորագույն պետական ֆինանսական կազմակերպություններից մեկի՝ Գործընկերության հիմնադրամի վերջին 15 նախագծերն, ապա ճնշող մեծամասնությունը հյուրանոցների ֆինանսավորում է, իսկ դա ճիշտ չէ», — ասում է Ջանիաշվիլին։
Տնտեսագետի խոսքով՝ զբոսաշրջային ոլորտի ընկերությունների հարկերի հետաձգումը նրանց որոշ ժամանակ կօգնի, սակայն արդյունքում՝ աշխատակիցների մի մասն, այնուամենայնիվ, ժամանակավորապես կկորցնի աշխատանքը։
Ջանիաշվիլին կարծում է, որ այս իրավիճակում պետությունը պետք է ճիշտ եզրակացություններ անի և կենտրոնանա տնտեսության պակաս խոցելի հատվածների վրա՝ արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն, այլ ոչ թե զբոսաշրջություն։
Մեդիացանցի աջակցությամբ