Վրաստան․ ընդդիմության հայտնի պատգամավորները զրկվել են մանդատներից
Վրաստանում ընդդիմության պատգամավորները զրկվել են մանդատներից
Վրաստանի խորհրդարանը փետրվարի 15-ին դադարեցրել է ընդդիմության երեք հայտնի պատգամավորների՝ Բադրի Ջափարիձեի («Լելո» կուսակցության առաջնորդներից մեկը), Շալվա Նաթելաշվիլիի (Լեյբորիստական կուսակցության առաջնորդ) և Էլենե Խոշտարիայի («Դրոա» կուսակցության առաջնորդ) լիազորությունները։
Կողմ է քվեարկել խորհրդարանի 79 անդամ, դեմ՝ 28։
Էլենե Խոշտարիան ինքն է պահանջել դադարեցնել իր պատգամավորական մանդատի գործողությունը՝ միանալով այն պատգամավորներին, որոնք 2020 թ-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունները կեղծված են անվանում։
Բադրի Ջափարիձեն մանդատից զրկվել է, քանի որ 2022 թ-ի հունվարին դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել յոթ տարվա ազատազրկման։ Նրա հետ միասին այդ գործում ներգրավված էր «Լելո» կուսակցության համահիմնադիր, հայտնի գործարար Մամուկա Խազարաձեն։ Ջափարիձեն ու Խազարաձեն Վրաստանի ТВС առաջատար բանկի հիմնադիրներն են։ Յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև գործարար, «Պիրվելի» պոպուլյար հեռուստաալիքի հիմնադիր Վախթանգ Ծերեթելիի հայրը։
Բադրի Ջափարիձեն հայտարարել է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել և մտադիր է բողոքարկել իրեն մանդատից զրկելու մասին որոշումը։ Մամուկա Խազարաձեն հայտարարել է օրենքի խախտման մասին և դիմել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին, որը համարվում է Վրաստանի ստվերային ղեկավարը։
Խազարաձեն ասել է, որ «վրացի ժողովուրդը չի հանդուրժի նման անարդարություն»։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին մանդատից զրկվել է խորհրդարանի նիստերը բաց թողնելու համար։ Սակայն նա հայտարարել է որոշման բացարձակ անհիմն լինելու մասին։
Նաթելաշվիլին պաշտոնապես վերադարձել է աշխատանքի խորհրդարան 2022 թ-ի փետրվարի 10-ին՝ դադարեցնելով բոյկոտը, որը հայտարարվել էր 2020 թ-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Սակայն չի կարողացել մասնակցել լիագումար նիստին, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Նախագահի և ընդդիմության առաջնորդների վրդովմունքը
«Ամոթ է, որ երկրում այսպիսի սարսափելի կառավարություն է, որը գլխավորում է ռուս օլիգարխը։ Սա անելանելիություն է, կառավարությունը չունի ո՛չ նպատակ, ո՛չ պլան։ Միակ բանը, որով նրանք առաջնորդվում են, անձնական բարեկեցությունը պահպանելու ցանկությունն է», — գրել է «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն Ֆեյսբուքի իր էջում։
Բադրի Ջափարիձեն ասում է, որ իրեն խորհրդարանից արտաքսում են արդեն երկրորդ անգամ․
«Առաջին անգամ 1990-ականների սկզբին էր, ես Վրաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր էի և առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի համախոհը։ Այն ժամանակ երկրում պետական հեղաշրջում տեղի ունեցավ։ Այժմ սրանք օտարածին կառավարության գործողություններ են»։
«Պետությունը զավթվել է։ Այդ պատճառով էլ նրա կայացրած որոշումներն անարդար, ապօրինի են և հակասում են ժողովրդի շահերին», — հայտարարել է Ջափարիձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես վրդովմունք է հայտնել ընդդիմության պատգամավորների լիազորությունների դադարեցման առնչությամբ։
«Այն ներքին և արտաքին մարտահրավերների ֆոնին, որոնց առջև հայտնվել է երկիրը, ես համաձայն չեմ պատգամավորների լիազորությունների դադարեցմանը», — գրել է նախագահը Ֆեյսբուքի իր էջում։