Վրաստանում Սաչխերե քաղաքի հիվանդանոցում բժիշկը վարակված է կորոնավիրուսով, 100 աշխատակից տեղափոխվել է ինքնամեկուսացման ռեժիմ
Վրաստանի արևմուտքում Սաչխերե քաղաքի հիվանդանոցում բժիշկ-ինֆեկցիոնիստի մոտ հաստատվել է COVID-19 վարակով հիվանդության ախտորոշումը:
Ախտորոշվել է թեթև ձևը, բայց բժիշկը դեռ առանձին հիվանդասենյակում է:
Վարակված բժիշկը Սաչխերեի քաղաքապետի կինն է: Քաղաքապետն ինքը վարակված չէ: Այնպես, ինչպես Սաչխերեի բժշկական կենտրոնի 10 աշխատակիցները, որոնք ուղղակիորեն շփման մեջ են եղել վարակված ինֆեկցիոնիստի հետ:
Սակայն հիվանդանոցի շուրջ 100 աշխատող անցել են ինքնամեկուսացման ռեժիմի:
Ապրիլի 6-ի դրությամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 188 դեպք: Կարանտինում են 5,056 մարդ, ստացիոնար հսկողության տակ են 386-ը: 36 հիվանդ առողջացել են, երկուսը մահացել:
Հիվանդանոցի տնօրեն Միխայիլ Կամուշաձեի խոսքերով՝ վարակը կարող էր փոխանցված լինել հիվանդից:
Սաչխերեի հիվանդանոցը վարակված հիվանդներ է ընդունում Վրաստանում COVID-19- ի տարածման առաջին իսկ օրերից: Այժմ հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ բուժում են ստանում երեք հիվանդ:
Սա Վրաստանում բժշկի վարակվելու հինգերորդ դեպքն է:
Մինչ այդ վարակվել էին՝ Բաթումի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրը, Թբիլիսիի Ծովային հիվանդանոցի երկու բուժքույրերը և Թբիլիսիում շտապօգնության բժիշկը: Չնայած վերջինս, ի տարբերություն մյուս բուժաշխատողների, վարակվել էր ոչ թե աշխատավայրում, այլ տանը՝ կնոջից:
Մարտի 21-ից Վրաստանում գործում է արտակարգ դրություն՝ որպես համաճարակի հետագա տարածման կանխարգելիչ միջոցառում:
Մարտի 23-ից վարակի ներքին տարածման պատճառով փակ են Քվեմո Քարթլի շրջանի Մառնեուլ և Բոլնիս քաղաքները:
Մարտի 31-ից Վրաստանում պարետային ժամ է սահմանվել՝ 21:00-6:00: