Վրաստանում բժիշկները եկեղեցուն խնդրում են օգնել մարդկանց համոզել, որ պատվաստումը կարևոր է
Միայն 1 375 մարդ է կորոնավիրուսի դեմ պատվաստվել Վրաստանում մարտի 15-ին պատվաստման մեկնարկից ի վեր, դա շատ քիչ է, լրագրողներին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հասարակությունում տարածված անվստահությունը հաղթահարելու համար նա դիմել է Սուրբ Սինոդին և քահանաներին՝ պատվաստման գործընթացը սատարելու խնդրանքով։
«Վրաստանում մարդիկ հաճախ քահանաներին ավելի շատ են վստահում, քան բժիշկներին, այդ պատճառով էլ եկեղեցու ներկայացուցիչների դերը հատկապես կարևոր է», — խոստովանել է Գամկրելիձեն։
Կորոնավիրուսի համավարակի նկատմամբ Վրաց եկեղեցու վերաբերմունքն ի սկզբանե բարդ է և շատ հարցեր է առաջացնում հասարակությունում։ 2020 թ-ի գարնանն ամենածանր փուլն էր, երբ օրական աճում էր կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Իշխանությունները խիստ պատժամիջոցներ սահմանեցին, երկրում ամեն ինչ փակ էր, չէր աշխատում հանրային տրանսպորտը, արգելված էր տեղաշարժվել նույնիսկ սեփական մեքենաներով։
Սակայն երկրի ամենաազդեցիկ ինստիտուտը՝ ուղղափառ եկեղեցին, այն ժամանակ հրաժարվեց պահպանել արտակարգ դրության պայմանները։
Կոշտ լոքդաուն էր այն ժամանակ հայտարարվել աշխարհի երկրների մեծ մասում։ Եվ գրեթե ամենուր քրիստոնեական տաճարների դռները փակվել էին ամիսներով։ Սակայն Վրաստանը գրեթե միակ ուղղափառ եկեղեցին էր, որտեղ ոչ միայն չէին չեղարկվել պատարագները, այլև հավատացյալներին կոչ էին անում եկեղեցի գալ աղոթելու։
Վրաստանում պատվաստումը մեկնարկել է մարտի 15-ին։ Երկիրը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը COVAX միջազգային հարթակի միջոցով՝ 43 200 չափաբաժին։ Պատվաստանյութի արտադրողն AstraZeneca-SKBio հարավկորեական ընկերությունն է։
Պատվաստանյութի գնման հարցում Վրաստանին օգնել է ՄԱԿ Մանկական հիմնադրամը։ Պատվաստումն իրականացվում է 82 բուժհաստատություններում։
- Բուժվել Facebook-ում, կամ «այլընտրանքային առողջապահական համակարգ» Վրաստանում։ Տեսապատմություն
- AstraZeneca փրկությո՞ւն, թե՞ վտանգ։ Ամեն ինչ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ վերջին վեճերի մասին
- Չինական պատվաստանյութն Ադրբեջանում․ հարցեր, որոնք ունեն պատասխաններ
- Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին, արդյո՞ք դրանք կհաղթեն համավարակն ու ե՞րբ