Վրաստանում ամերիկյան М4 կարաբինների և ԱԹՍ-ների արտադրություն կհիմնվի
Անօդաչու թռչող սարքերի և М4 ավտոմատիկ հրազենի արտադրություն է պլանավորվում գործարկել Վրաստանում 2022թ-ից։ Նաև կսկսվի կանոնավոր բանակ զորակոչման համակարգի բարեփոխում, մասնավորապես՝ կկրճատվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։
Հարավաֆրիկյան, լեհական և իսրայելական ընկերությունների և ՆԱՏՕ-ի երկրների հետ «տեխնիկական մանրամասների հստակեցման և «Պաշտպանության ուժեր-2030» ծրագրի ապահովման շուրջ» բանակցությունների մեկնարկի մասին է հաղորդել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
«Ծրագրի որակյալ և ադեկվատ մատակարարումը երաշխավորելու համար կարևոր է տեղական արտադրություն գործարկել, այնուհետև զարգացնել այն», — ասել է նախարարը։
ԱԹՍ-ների արտադրության գործարկման մասին պայմանագիրը ստորագրվելու է 2021 թ-ին, թողարկումը կսկսվի 2022-ին։ Ինչ վերաբերում է М4 ավտոմատ հրազենի արտադրությանը, ապա, նախարարի խոսքով, դրա գործարկումը պլանավորված է 2021 թ-ի վերջին, վրաց-իսրայելական «Դելտա» ձեռնարկության հիմքի վրա։
M4-ը (կարաբին 5,56 մմ) բազմաֆունկցիոնալ ամերիկյան ավտոմատ զենք է։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել զրահափոխադրիչների համար, սակայն դրա փորձարկումներից հետո Պենտագոնն արտադրողից պատվիրել է ավելի խոշոր խմբաքանակներ՝ ԱՄՆ զինված ուժերի զինման համար։
2021 թ-ի փետրվարին վրացական բանակն ԱՄՆ աջակցությամբ ստացել է նոր տեսակի ականանետներ և նռնականետներ, հաղորդել է Ջուանշեր Բուրչուլաձեն։
Վրաստանում կկրճատվի զինվորական ծառայության ժամկետը
Վրաստանում պաշտպանության հայեցակարգի նոր նախագիծ է մշակվում, որը պարտադիր զինվորական ծառայություն է նախատեսում միայն պաշտպանության նախարարության համակարգում։ Այդ նախագծի շրջանակում կկրճատվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետն ու այլ փոփոխություններ կկատարվեն։
«Այս բարեփոխման նպատակը պարտադիր զինվորական ծառայության հետագա պոպուլյարիզացիան է, ընդհանուր պատրաստություն անցած զինծառայողների բազայի ստեղծումն ու պահեստազորի ապահովումը», — ասել է պաշտպանության նախարարը։