Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ. Վրաստանը դեմ է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
Վրաստանն ու Արևմուտքը դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին
Վրաստանի ՆԳՆ-ն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը և արևմտյան կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններից հետո հանդես են եկել հայտարարություններով։
Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանի հազարավոր բնակիչներ բողոքում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրինագծի ընդունման դեմ։ Հասարակական կազմակերպությունները, անկախ լրատվամիջոցները, Վրաստանի բոլոր արևմտյան գործընկերները օրինագիծն անվանում են ռուսական մոդել և հայտարարում, որ Վրաստանը կտրուկ շրջադարձ է կատարել արևմտյան ուղուց։ Մարտի 7-ին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց այն բանից հետո, երբ հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը: Հավաքը ցրում էին արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցարարներին աջակցող հայտարարություն է արել։ «Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում, ոչ մեկին թույլ չի տա խլել այդ ապագան։ Այդ ապագան պատկանում է մեր հաջորդ սերնդին։ Ոչ ոք իրավունք չունի ձեզնից խլել ձեր ապագան։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ թակարդը գցել»,- հայտարարել է նա և կրկին խոստացել օրենքի ընդունման պարագայում վետո դնել դրա վրա։
ՆԳՆ. 66 մարդ բերման է ենթարկվել, 50 ոստիկան վիրավորվել է
Հաղորդագրության համաձայն՝ գիշերվա իրադարձությունների արդյունքում բերման է ենթարկվել 66 մարդ, վիրավորվել՝ 50 ոստիկան։ Մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու փաստերով հարուցվել են գործեր։
Հարուցվել է նաև երկու քրեական գործ:
Մեկը՝ Քրեական օրենսգրքի 353 հոդվածով՝ հարձակում իրավապահ մարմնի աշխատակցի վրա։ Հոդվածը նախատեսում է տուգանք / տնային կալանք՝ 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով։ Եթե ապացուցվի, որ հարձակումը կատարվել է խմբակային՝ ազատազրկում 4-7 տարի ժամկետով։
Մեկ այլ գործ էլ հարուցվել է Քրեական օրենսգրքի 187 հոդվածով՝ օբյեկտի վնասում կամ ոչնչացում։ Այս դեպքում պատիժը տուգանք է / համայնքային աշխատանք կամ ուղղիչ աշխատանք մինչև մեկ տարի ժամկետով: Հնարավոր է նաև տնային կալանք՝ 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։
- «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կվտանգի մեր գործունեությունը Վրաստանում»․ ՄԱԿ
- «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը Վրաստանի ընտրությունը չէ»․ ՀԿ-ների և ԶԼՄ-ների համատեղ բողոքի ակցիան
- «Ժողովրդի ուժը». հակաարևմտյան շարժում, որը ծառայում է Վրաստանի իշխող թիմին
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է՝
- Գրանցվել են խորհրդարան ներթափանցելու փորձեր, և ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել՝ դրանք կանխելու համար։
- Բողոքի ակցիան խաղաղ չի եղել, տեղի է ունեցել կարգի զանգվածային խախտում՝ ցուցարարները նետել են հրկիզող խառնուրդներ, քարեր, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել են ֆիզիկական ուժ, կոտրել խորհրդարանի շենքի ապակիները, վնասել ցանկապատերը։
Իշխող ուժ. «Կառավարությունը օրենք է ընդունում լրտեսներին բացահայտելու համար»
Մարտի 8-ի առավոտյան նման հայտարարությամբ է հանդես եկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Հիմա մեր հասարակությունն ամեն ինչ կիմանա. ով է ֆինանսավորել [դավադիրների գաղտնի հանդիպումները] Բակուրիանիում, ով է ֆինանսավորում ծայրահեղական «Ամոթ», «Ժամանակ» կազմակերպություններն ու մյուսները, որոնք ուղղափառ եկեղեցու դեմ բոլշևիկյան քարոզչություն են տանում, որոնց ֆինանսավորումը խոչընդոտում է երկրի էներգետիկայի զարգացումը և ոչ միայն: Այս ամենը Եվրոպայի ու եվրոպական արժեքների հետ որևէ ընդհանրություն չունի»։
«Վերջապես կրքերը կհանդարտվեն, և հասարակությունը կմնա հասարակական կազմակերպությունների ֆինանսների թափանցիկության հետ։ Մենք կարծում ենք, որ հասարակությունը պետք է լիարժեք տեղեկատվություն ունենա այս ամենի մասին և համապատասխան եզրակացություններ անի»,- ասել է Կոբախիձեն։
ԵՄ բարձր ներկայացուցիչ. «Այս օրենքն անհամատեղելի է Եվրամիության արժեքների հետ»
Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը «շատ վատ իրադարձություն է Վրաստանի և նրա ժողովրդի համար»:
«Այս օրենքի նախագիծն իր ներկայիս տեսքով պարունակում է բացասական ազդեցության վտանգ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների համար։ Օրինագիծն անհամատեղելի է Եվրամիության արժեքների և չափանիշների հետ։ Այն հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Դրա հնարավոր ընդունումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների վրա:
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին կատարել իր պարտավորությունները ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խթանման ուղղությամբ և հիշեցնում է, որ մարդիկ ունեն խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու իրավունք»,- ասված է հայտարարության մեջ։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն. «Սա սև օր է վրացական ժողովրդավարության համար»
«Սև օր է եկել վրացական ժողովրդավարության համար: Կրեմլից ոգեշնչված օրենքի քննարկումը խորհրդարանում անհամատեղելի է Եվրոպային ինտեգրվելու և երկրի ժողովրդավարական զարգացման Վրաստանի հստակ ձգտման հետ։
Նման օրենքի ընդունումը կվնասի ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին և կխաթարի այն կարևոր աշխատանքը, որն իրենց համաքաղաքացիներին օգնելու համար անում են վրացական շատ կազմակերպություններ։ Այս գործընթացը հարցեր է առաջացնում իշխող կուսակցության՝ եվրաատլանտյան ինտեգրման իրական հանձնառության վերաբերյալ», — ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս. «Մենք լծակներ ունենք պատասխանատվության ենթարկելու յուրաքանչյուրին, ով ներգրավված է մարդու իրավունքների սահմանափակման մեջ»
«Ես չեմ խոսում կոնկրետ անձանց մասին, որոնք կարող են հայտնվել ԱՄՆ կառավարության պատժամիջոցների տակ։ Բայց մենք ունենք մի շարք լծակներ, որոնք մեզ թույլ կտան պատասխանատվության ենթարկել ամբողջ աշխարհում յուրաքանչյուրին, ով պատասխանատու է մարդու իրավունքների սահմանափակման համար:
Կան բազմաթիվ նորմեր, որոնք ամրագրված են տարբեր օրենքներում և հրամանագրերում, որոնք մենք հաշվի կառնենք, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր գործողություններ են ձեռնարկում վրաց ժողովրդի կամքին և ակնկալիքներին հակառակ»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. «Այս օրենքը բխում է Ռուսաստանի շահերից»
«Միանշանակ է, որ այս օրենքը բխում է ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի շահերից։ Մենք կարծում ենք, որ Վրաստանի շահերից է բխում աշխատել եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ։ Բայց այս օրենքը դրան չի ծառայում։ Եվ ամենակարևորը, վրաց ժողովուրդը չի կարծում, որ սա ճիշտ ընտրություն է Վրաստանի համար։
Մենք կշարունակենք աշխատել Վրաստանի կառավարության մեր գործընկերների հետ՝ երաշխավորելու համար մեր աշխատանքը նրանց առաջնահերթության՝ եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոդ Ռոբինսոնը, ով Թբիլիսի է ժամանել մարտի 7-ին:
Վրաստանում Գերմանիայի դեսպան. «Օրինագիծն անհամատեղելի է դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտումների հետ»
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Եվրամիության՝ որպես Վրաստանի բարեկամի դիրքորոշումն անփոփոխ է. դրա ընդունումն անհամատեղելի է դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտումների և Եվրամիության նորմերի ու արժեքների հետ»,- հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը: