Վրաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են ԻՊ հետ կապ ունենալու համար
Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել ԻՊ հետ կապերի համար
Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը «Իսլամական պետության» հետ ունեցած կապերի համար ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու։
«Անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել միաժամանակ Վրաստանի երկու շրջաններում։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել են տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներ, զինամթերք և պայթուցիկ սարքեր»,- ասված է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Հակաահաբեկչական կենտրոնը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 327-րդ և 236-րդ հոդվածներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը ձերբակալվածների մասնակցության բնույթը պարզելու, այնպես էլ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ընթացիկ տարվա մայիսի 17-ին Վրաստանում «Իսլամական պետության» հետ առնչություն ունենալու համար ձերբակալվել է վեց մարդ։ Պետանվտանգության ծառայությունն այն ժամանակ հայտարարել էր, որ նրանք ահաբեկչական հարձակումներ են ծրագրում այլ երկրներում։

Հարկ է ընդգծել, որ այս տարվա ապրիլի 22-ին Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը ձերբակալել էր «Իսլամական պետություն» խմբավորումներից մեկի ղեկավար, Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլիին։
Ծառայության փոխանցմամբ՝ հնարավոր է եղել ապացուցել, որ Պակսաշվիլին 2013 թվականին լքել է Վրաստանը, մեկնել Սիրիա ու միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։
- Աֆղանստանի անկումը․ ինչո՞ւ դա տեղի ունեցավ, և ինչպիսի՞ն է լինելու նոր Իսլամական խալիֆայությունը
- Ուկրաինան, Հայաստանը/Ադրբեջանը, Իրանը՝ 2023 թ․-ի վտանգավոր հակամարտությունների շարքում
- Բելգիան Վրաստանը հանել է անվտանգ երկրների ցանկից. կարծիքներ Թբիլիսիից
● 2014 թվականին «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարեց համաշխարհային ջիհադ և խալիֆայության ստեղծում։ Իսլամական պետությունը վերահսկում էր Իրաքի, Սիրիայի և Լիբանանի տարածքների մի մասը, ինչպես նաև փոքր տարածքներ Լիբիայում, Նիգերիայում, Աֆղանստանում և Հյուսիսային Աֆրիկայում։
● 2015 թվականին մի քանի տասնյակ երիտասարդներ հեռացան Չեչնիայից՝ Սիրիայում կռվելու։ Իսլամական պետության օդիոզ էմիրներից մեկը՝ Աբու Ումար աշ-Շիշանին, նույն ինքը՝ Թարխան Բատիրաշվիլին, ծնունդով Պանկիսից է։ Այդ պատճառով վրացական Պանկիսի կիրճը ձեռք բերեց ահաբեկչության օջախի համբավ, որը պահպանվում է մինչ օրս։ Թեև արդեն մի քանի տարի է, ինչ կիրճից դուրս եկած մարդիկ գրեթե չեն հայտնվում ԻՊ ահաբեկչական կազմակերպությանն առնչվող զեկույցներում։
● 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ռազմական բյուջեն ստորագրելիս հայտարարեց, որ ԱՄՆ-ը վերջնականապես հաղթել է «Իսլամական պետությանը» Սիրիայում և Իրաքում։
● Ավելի ուշ Պենտագոնը պարզաբանեց, որ Սիրիայում և Իրաքում մնացել է ԻՊ-ի մոտ 3000 անդամ, ինչը մոտ 10 անգամ պակաս է 2015 թ․-ի համեմատ, երբ ԻՊ-ը յուրացրել և նվաճել էր նոր տարածքներ։ Պենտագոնի տվյալներով՝ 60.000-70.000 ահաբեկիչներ էին սպանվել, իսկ ավելի շատերը՝ վերադարձել իրենց հայրենիք։
Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել ԻՊ հետ կապերի համար