Վրաստանի նախկին նախագահը պատրաստվում է Ուկրաինայում պատգամավոր դառնալ
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է մասնակցել հուլիսի 21-ին Ուկրաինայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Հրոմադսկոյեն», եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվի նրա թեկնածությունը գրանցել, նա մտադիր է դատարան դիմել։ Հունիսի 13-ին Սաակաշվիիլին իր կուսակցության ընտրացուցակն է ներկայացրել, որում նա առաջին համարն է։
• «Վրացական» և «ուկրաինական» Սաակաշվիլիների չորս տարբերություն
Օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածություն կարող են առաջադրել Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք այս երկրի տարածքում են ապրել ընտրություններին նախորդող վերջին հինգ տարում։ Ինչպես հայտնի է, Սաակաշվիլին Ուկրաինայում չի եղել այն բանից հետո, երբ նախագահ Պորոշենկոն նրան զրկել է քաղաքացիությունից և երկրից արտաքսել (2018թ-ի փետրվարից մինչև 2019 մայիս)։
Սաակաշվիլին կարծում է, որ իր բացակայությունը կարելի է գնահատել որպես հարկադիր, քանի որ դա հարգելի պատճառներով է եղել։ Հետևաբար, դա խոչընդոտ չէ Ռադա անցնելու համար։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին չեղարկել է իր նախորդի հրամանն ու խոստովանել, որ դա ապօրինի է։ Եթե դա ապօրինի էր, ապա իմ բացակայությունը նույնպես պետք է ապօրինի համարել։ Եթե այն ապօրինի էր, ուրեմն՝ հարգելի։ Այսինքն՝ եթե ԿԸՀ-ն ինձ չգրանցի, հույս ունեմ, որ դատարանն այդ հարցը կլուծի», — ասել է նա։
Վրաստանի նախկին նախագահը Կիև է ժամանել մայիսի 29-ին այն բանից հետո, երբ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է նրա ուկրաինական քաղաքացիությունը։
Ուկրաինայի քաղաքացություն Վրաստանի նախկին նախագահին տվել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն 2015թ., երբ Սաակաշվիլին նշանակվեց Օդեսայի շրջանի նահանգապետ: 2016թ. վերջին Սաակաշվիլին հրաժարական ներկայացրեց և նախագահ Պորոշենկոյին մեղադրեց կոռուպցիայի և բարեփոխումներ անցկացնելու ցանկության բացակայության մեջ: Սաակաշվիլին հայտարարեց, որ ստեղծում է սեփական կուսակցությունը և անցնում է ընդդիմություն:
2017թ. հուլիսին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Նման որոշման համար պատճառ հանդիսացավ այն, որ Սաակաշվիլին իբր քաղաքացիության համար դիմելիս թաքցրել է Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը:
2018թ. փետրվարին Սաակաշվիլին Ուկրաինայից արտաքսվել էր Լեհաստան: