«Վրաստանի հանդեպ Բրյուսելի քաղաքականությունը փակուղի է մտել». խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ԵՄ դիրքորոշման մասին
«Եվրամիության պաշտոնական ներկայացուցչի վերջին հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանի հանդեպ Բրյուսելի վարած քաղաքականությունը փակուղի է մտել»,- սոցցանցերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Ավելի ուշ Պապուաշվիլին մեկնաբանել է նաև խղճի բանտարկյալների հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ նրանք «անամոթության բանտարկյալներն են Բրյուսելի», որն էլ նրանց դրդել է պայքարի դուրս գալ։
Սեպտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ՄԱԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցչի տեղակալ Միշել Չերվոնե դ’Ուրսոն հայտարարել էր, որ ԵՄ-ն խորապես մտահոգված է Վրաստանում դատական համակարգի «քաղաքական դրդապատճառներով օգտագործմամբ» և քաղհասարակության կազմակերպությունների դեմ բռնաճնշումների կիրառմամբ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցում նշվում է, որ Վրաստանը պարտավոր է պաշտպանել հիմնարար ազատությունները, ինչպես նաև չեղյալ համարել կամ վերանայել բոլոր օրենքները, որոնք խաթարում են մարդու իրավունքները։
Պապուաշվիլիի խոսքով՝ ԵՄ ներկայացուցչի ՄԱԿ-ում արած հայտարարությունը մտահոգիչ է, քանի որ նա կրկնում է «ծեծված ստեր» «կամայական ձերբակալությունների» և «բռնաճնշումների» մասին։
«Մտածելու տեղիք է տալիս, որ ԵՄ պաշտոնյաների հայտարարություններն արդեն որերորդ անգամ հակասում են ոչ միայն փաստերին, այլև ԵՄ-ի կողմից ճանաչված արժեքներին ու սկզբունքներին»,- գրել է Պապուաշվիլին։
Նա պնդել է, որ վրացական իշխանությունների դեմ բռնի բողոքի ցույցերը մասամբ ֆինանսավորվել են Եվրամիության կողմից, և որ ԵՄ-ի կողմից կանաչ լույս ստանալուց հետո է 2025 թ․-ի հոկտեմբերի 4-ին փորձ արվել տապալել իշխանությունը։
«Սակայն վրաց ժողովուրդն ու կառավարությունը պատշաճ կերպով պաշտպանեցին երկիրը, նրա ազատությունը, ինքնիշխանությունն ու շահերը: Այսօր բոլորի համար պարզ է, որ 2024 թ․-ին արտասահմանյան ֆինանսավորմամբ իրականացված հեղափոխական գործընթացը ձախողվել է»,- նկատել է խոսնակը:
Պապուաշվիլին նաև հայտարարել է, որ «ընտրությունների կեղծման» և «խաղաղ բողոքի ցույցերի ցրման» նարատիվները «հերքվել են ժամանակի և իրականության կողմից»․
«Կատարված բռնի հանցագործությունները հետաքննվել են, դատավճիռներ են կայացվել, ամեն ինչ փաստաթղթավորված է, արձանագրված, ավելին՝ ճանաչված հենց իրենց՝ հանցագործների կողմից։
Փաստերը հերթական անգամ հաղթանակ տարան ընկալումների նկատմամբ։ Սուտը ճշմարտություն չի դառնա միայն այն պատճառով, որ Բրյուսելը համառորեն կրկնում է այն, ինչպես նաև հանցագործը զոհ չի դառնա միայն այն պատճառով, որ այդպես է ուզում ԵՄ որևէ պաշտոնյա»։
Խոսնակը Բրյուսելը համեմատել է «զինվորի հետ, որը տեղյակ չէ պատերազմի ավարտի մասին և շարունակում է ռազմական գործողություններ պլանավորել»։
Պապուաշվիլին կարծում է, որ եթե ԵՄ պաշտոնյաներն ուզում են կարգավորել Վրաստանի հետ հարաբերությունները, ապա պետք է դադարեցնեն իրենց «ագրեսիվ հռետորաբանությունը», հրաժարվեն «ձախողված հեղափոխական սցենարի տեղեկատվական սպասարկումից» և հարգանք ցուցաբերեն Վրաստանի ինքնիշխանության ու վրաց ժողովրդի «ժողովրդավարական ընտրության» նկատմամբ։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ԵՄ դիրքորոշման մասին