Վրաստանի ընդդիմության առաջնորդը կալանավորվել է, հատուկ գործողություն է իրականացվել, արցունքաբեր գազ է կիրառվել
Վրացական ընդդիմության առաջնորդ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան Թբիլիսիում կալանավորվել է առավոտյան ժամը 8:50, հատուկ գործողության հետևանքով։ Հատուկ նշանակության ջոկատը, որը եկել էր նրան կալանավորելու, չի կարողացել կուսակցության գրասենյակ մտնել, քանի որ նրանց թույլ չէին տալիս ընդդիմության՝ ներսում գտնվող հարյուրավոր համախոհները։ Հատուկջոկատայինները շենք են մտել պատուհաններով՝ օգտագործելով սանդուղքներ, շենքում արցունքաբեր գազ են կիրառել, որից հետո Մելիան կալանավորվել է։
Դիմադրությունը տևել է մոտ կես ժամ, գրասենյակն ավերվել է։
«Այսօր՝ փետրվարի 23-ին, Խորհրդային բանակի օրն է։ Եվ Իվանիշվիլին հրամայել է ցրել խաղաղ բնակիչներին։ Արթնացել ենք Խորհրդային Վրաստանում։ Սա շիզոֆրենիա է», — ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության մամուլի քարտուղար Գիգի Ուգուլավան։
Նիկա Մելիայի համախոհները փետրվարի 17-ից օր ու գիշեր գտնվում էին կուսակցության գրասենյակում, այն բանից հետո, երբ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման դեմ բողոք էին արտահայտել բոլոր ընդդիմադիր ուժերը։ Վրաստանի իշխանություններին ընդդիմության առաջնորդի նկատմամբ բռնությունից զերծ մնալու բազում կոչեր էին արել դիվանագիտական և միջազգային կազմակերպությունները։
«Միասնական ազգային շարժման» գրասենյակի շուրջ երթևեկությունը փակ է։
Շենքի մոտ նախկինի պես հարյուրավոր մարդիկ կան՝ տարբեր ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, ընդդիմության կողմնակիցներ, ակտիվիստներ։
Վրաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2020 թ․ հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրութուններից հետո։ Ընդդիմությունը չի ճանաչում դրանց արդյունքն ու կեղծված է համարում դրանք։
Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում և բոյկոտում է տասներորդ գումարման խորհրդարանի աշխատանքը։ 51 ընդդիմադիր պատգամավոր հրաժարվել է մանդատից։ Խորհրդարանի 150 պատգամավորներից ներկա պահին նիստերին մասնակցում են ընդդիմադիր պատգամավորներից միայն վեցը, մնացածն իշխող թիմի պատգամավորներն են։
Քաղաքական ճգնաժամն էլ ավելի է սրվել փետրվարի 17-ին, այն բանից հետո, երբ դատարանը «Միասնական ազգային շարժում» հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային նախնական կալանքի է դատապարտել։
Մելիան մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար։ Որպես նրա մեղքի ապացույց՝ մեղադրող կողմը համարում է այն, որ 2019 թ-ի հունիսի 20-ին՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին Վրաստանի խորհրդարան հրավիրելու դեմ բողոքի ցույցերի ժամանակ, Մելիան ցուցարարներին կոչ է արել խորհրդարանի շենք մտնել։
Դատախազությունը դատարան էր դիմել քաղաքական գործչին կալանավորելու պահանջով այն բանից հետո, երբ Մելիան հրաժարվել էր դատարանի կողմից որպես խափանման միջոց սահմանված գրավը վճարել։
Վրաստանի խորհրդարանը քվեարկել էր Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։
Դատարանի որոշման հաջորդ օրը՝ փետրվարի 18-ի առավոտյան, երբ Մելիային պետք է ձերբակալեին իրավապահ մարմինները, երկրի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց։ Որպես պատճառ՝ նա նշեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ տարաձայնությունները․ թիմը պահանջում էր ընդդիմության առաջնորդին կալանավորել, իսկ Գախարիան կարծում էր, որ Մելիայի կալանքը կվատթարացնի քաղաքական ճգնաժամը երկրում։
Գախարիայի հրաժարականից հետո ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ընդդիմության առաջնորդի կալանքը հետաձգվել է՝ մինչև նոր վարչապետի և կառավարության ընտրություն։
Փետրվարի 22-ին ուշ երեկոյան խորհրդարանը հաստատեց նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ պաշտպանության նախկին նախարարին և նախկին վարչապետին։ Եվ դրանից անմիջապես հետո հատուկ գործողություն իրականացվեց «Միասնական ազգային շարժման» գրասենյակում։