«Մոսկվան գործի է դրել շանտաժի գործիքը»․ հայ քաղաքագետը՝ Վոլոդինի ելույթի մասին
Վոլոդինի ելույթի մասին
«Նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ են հայտարարություններ անում, կարող են երկիր կորցնել»,- նախօրեին Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակը։ Վյաչեսլավ Վոլոդինը օրինակ է բերել Ուկրաինան ու պնդել, թե «այդ երկիրը կորցրել է պետականությունը, չունի մշակույթ, կրոնը ոտնահարված է, եկեղեցին՝ մասնատված»։
Հայաստանում այս խոսքերն ընկալվեցին որպես սպառնալիք, Դումայի նախագահը չէր հստակեցրել իր հայտարարության հասցեատիրոջը։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Ռուսաստանը սպառել է Հայաստանի վրա ազդելու բոլոր գործիքները, մնացել է միայն շանտաժը, ինչն էլ Մոսկվան «լայնորեն և առանց խնայելու» կիրառում է։
Վոլոդինի հայտարարությունն ուղղված է ԵՄ դիտորդների՝ Հայաստանի սահմանին տեղակայվելու դեմ։ Ավելի վաղ կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել եղած հակասությունները։
Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությունը, մեկնաբանություն Երևանից
Նախազգուշացում Հայաստանի՞ն
Վոլոդինը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձել է պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Երկրի անուն Պետդումայի խոսնակը չի մատնանշել, սակայն հորդորել է հրաժարվել տարածաշրջանի իրավիճակի կարգավորման հարցում եվրոպական կառույցներին ներգրավելուց: Նրա կարծիքով՝ պետք է առաջնորդվել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների մակարդակով ընդունված հայտարարություններով։
«Նա, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ քվազի խորհրդարաններից՝ և՛ ԵԽԽՎ-ից, և՛ Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ դրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ։ Եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,— հայտարարել է Վոլոդինը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանն իր ազգային անվտանգության խնդիրը լուծելու համար փորձում է իրականացնել տարածաշրջանում «ուժային ներգրավվածության դիվերսիֆիկացիա»։ Ռուսաստանից հնչող հայտարարությունները, ըստ նրա, միտված են այդ գործընթացը դանդաղեցնելուն, հնարավորության դեպքում՝ կասեցնելուն։
«Ակնհայտ է, որ դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, որովհետև սպառնալիքների դիմում է այն կողմը, որը գետնի վրա որևէ ռացիոնալ քաղաքականություն իրականացնելու ռեսուրս, հնարավորություն այլևս չունի»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Նկատում է՝ տարիներ շարունակ Մոսկվան Հայաստանում իր օրակարգն է առաջ մղել, այսպես կոչված, «հինգերորդ շարասյան» միջոցով, սակայն հիմա նման քաղաքական կապիտալ չունի։ Մյուս կողմից, ըստ նրա, չեն ազդում նաև տնտեսական լծակները, դրանցից մնացել է միայն հնարավոր «գազային շանտաժը»։ Սիմոնյանի դիտարկմամբ՝ Երևանի վրա ազդելու լծակ է եղել նաև սպառազինության շուկան։ Ասում է՝ ռուսական կողմը վաղուց ՀՀ-ին զենք չի մատակարարում, և նման հեռանկար չի էլ նշմարվում․ իրենց սեփական պատերազմն ունեն։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի հանգամանքը, որն անընդհատ օգտագործվել է որպես մահակ, նույնպես չի գործում․
«Թուրքիային և Ադրբեջանին շատ ավելի արդյունավետ կերպով զսպում են Միացյալ Նահանգները, Իրանի պահապանների կորպուսի ներկայությունը, քան Ռուսաստանը։ Ի դեպ, դա ոչ թե մեր դիվանագիտության տաղանդն է, այլ աշխարհաքաղաքական իրողությունների հարմար դասավորվածության»։
Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է առաջ մղել իր քաղաքականությունը, այն է՝ Հայաստանը պահել իր ուղեծրում։ Հնչող հայտարարություններն, ըստ նրա, պետք է դիտարկել այդ համատեքստում և հասկանալ, որ թիրախում միայն ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայումը չէ։ Վստահ է՝ Հայաստանում տեղի է ունեցել ընկալումների վերարժևորում, երկիրն այլևս «չի որդեգրելու ռազմաքաղաքական որևէ ուղի, չի ստանձնելու կցորդի կարգավիճակ»։
«Հայաստանում հստակ՝ կարմիր թելի նման ընթանում է հայակենտրոն քաղաքականության գաղափարախոսությունը։ Անցել են ինչ-որ մեկի խաղը խաղալու ժամանակները։ Պետք է ազատ, անկախ պետության համատեքստում քաղաքականություն վարի, համագործակցի այն ուժային կենտրոնների հետ, որոնց հետ կկարողանա առավելագույնս սպասարկել իր ազգային շահերը»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վոլոդինի ելույթի մասին