«Արդեն մոտ հինգ հազար մարդ է զոհվել երկու կողմից»․ Պուտինը՝ ղարաբաղյան պատերազմի մասին
«Վալդայ» բանավիճային ակումբի նիստին իր ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին։
Պուտինի ելույթի գլխավոր թեզերը․
«Սկսենք սկզբից՝ Լեռնային Ղարաբաղից, և թե ում ենք աջակցում։ Դուք ասացիք, որ Ռուսաստանը միշտ առանձնահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ Սակայն մենք կապեր ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում բնակվում է ավելի քան 2 միլիոն հայ և մոտ 2 միլիոն ադրբեջանցի։ Նրանք միայն մարդիկ չեն, որ եկել են ժամանակավորապես գումար վաստակելու, այլ նաև նրանք են, ովքեր այստեղ են ապրում մշտապես»։
«Շատ կորուստներ կան երկու կողմից էլ։ Ըստ մեր տվյալների՝ ավելի քան 2 հազար զոհ։ Թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից։ Զոհերի ընդհանուր թիվը հասնում է արդեն 5 հազարի։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ Աֆղանստանում տասնամյա պատերազմի ընթացքում խորհրդային բանակը 13 հազար զոհ է ունեցել։ Իսկ այստեղ կարճ ժամանակահատվածում՝ գրեթե հինգ հազար»։
• Ղարաբաղ և «խաղաղություն տարածքների դիմաց»․ Յոթ շրջանների մասին կարծիք Բաքվից
• «Պատերազմն Ադրբեջանի համար փոխզիջումը չեղարկելու միջոց է»․ հայ քաղաքագետ
«Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են։ Եվ մեզ համար հսկայական ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են զոհվում։ Մենք ուզում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»։
«Թվում էր, թե մի քիչ էլ, և լուծում կգտնենք։ Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտություն՝ դրա վատթարագույն ձևով»։
«Ինչպես գիտեք, ես սերտ կապի մեջ եմ և՛ նախագահ Ալիևի, և՛ վարչապետ Փաշինյանի հետ։ Օրը մի քանի անգամ նրանց հետ հեռախոսով եմ խոսում։ Օրը մի քանի անգամ»։
«Մեզ համար սա առանձնահատուկ իրավիճակ է։ Այո, խումբ է ստեղծվել, կարծեմ, 92-ին, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն համանախագահներն են, մեզ վրա է բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանավությունը։ Ես 100%-ով վստահ եմ, որ գործընթացի բոլոր մասնակիցները ձգտում են նրան, որ իրավիճակը կարգավորվի, սակայն ոչ ոք այդ հարցում այնքան շահագրգռված չէ, որքան Ռուսաստանը»։
«Ահա, օրինակ, ես այնպես եմ հասկանում, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ [Թուրքիայի հետ] մեր դիրքորոշումներն, այնուամենայնիվ, չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ նման վիճելի հարցերը պետք է լուծել ոչ թե ուժի օգնությամբ, այլ՝ դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ։
Այո, իհարկե, կարելի է ասել, որ արդեն 30 տարի է բանակցություններ են ընթանում, սակայն ոչ մի արդյունք չկա։ Դե ինչ, իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»։