Վարչապետի հրաժարական, Ռուսաստանի համար երկնքի փակում, ԵՄ անդամակցության հայտ․ մեծ ակցիա Թբիլիսիում
Ուկրաինայի հետ համերաշխության հերթական բազմամարդ ակցիան է անցկացվել Թբիլիսիում մարտի 1-ին։ Նման ակցիաներ Վրաստանի մայրաքաղաքում տեղի են ունենում արդեն մի քանի օր, սակայն այս անգամ քաղաքական պահանջներ են առաջ քաշվել։ Ցուցարարները կառավարությունից երեք բան են պահանջել․
- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարական,
- օգնություն Ուկրաինային,
- Վրաստանը պետք է հնարավորինս շուտ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի։
Այս ակցիան պլանավորվել էր այն բանից հետո, երբ մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ էր կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին խորհրդակցությունների համար։ Նրա խոսքով՝ այդ որոշման պատճառը եղել է Ուկրաինայում ընթացող պատերազմի նկատմամբ Վրաստանի կառավարության դիրքորոշումը։ Վրաստանի իշխանությունը թույլ չի տալիս վրացի կամավորներին Ուկրաինա մեկնել և հրաժարվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։
Այս բոլոր որոշումները կառավարության անդամները բացատրում են «ազգային շահերով» և «երկրի անվտանգությամբ»։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահն Ուկրաինայի դեսպանին հետ կանչելն անվանել է Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձ։
Կառավարության անդամների այս հայտարարությունները հասարակության շրջանում բուռն արձագանք են առաջացրել։ Դա նկատվում էր նաև Վրաստանի մայրաքաղաքում այսօր կայացած ցույցի ժամանակ։
Այսօր ակցիան ամենամասշտաբայինը, մարդաշատը և հուզառատն էր։ Ի տարբերություն նախորդ օրերի՝ ամբիոնից ելույթ էին ունենում նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ բավականին էմոցիոնալ և կտրուկ հակակառավարական կոչերով։
«Դրոա» ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան բարձաձայնել է կառավարությանը ներկայացվող պահանջները․
«Առաջինը՝ Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հեռանա և կառավարությանն էլ հետը տանի։ Այն խայտառակությունը, որ նա բերել է Վրաստանին, մենք պետք է մաքրենք, նա պետք է հեռանա և այլևս չպետք է ներկայացնի մեր արժանավոր ժողովրդին։
Երկրորդը՝ մենք պետք է գործողություններ և հստակ քայլեր ձեռնարկենք՝ Ուկրաինային օգնելու և նրա հետ համերաշխ լինելու համար։ Փակենք երկինքը Ռուսաստանի, բացենք Ուկրաինայի համար։
Երրորդը՝ այսօր Ուկրաինան ու նրա զոհերը, որոնց համար սգում ենք արդեն հինգերորդ օրը, մեզ բոլորիս համար հնարավորություն է ստեղծել՝ ազատ Եվրոպայի մասը դառնալու, և այդ հնարավորությունը, որի մասին երազում էին մեր նախնիները, այսօր սեղանին է, իսկ այս խելագարներն ասում են, թե մենք դա չենք ուզում, այդ պատճառով էլ մեր պահանջը հետևյալն է․ Վրաստանը պետք է ԵՄ անդամակցության դիմում ներկայացնի։
«Մենք հավատում ենք, որ, միասին լինելով, կհասնենք այս երեք կետերի կատարմանը, պատասխանատվություն կստանձնենք, չենք հոգնի, չենք հանձնվի և կազատենք այս երկիրը, որովհետև էլ տեղ չկա», — ասել է Էլենե Խոշտարիան։
Կտրուկ և էմոցիոնալ էր «Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի ելույթը։ Նա հայտարարել է, որ ճգնաժամի լուծման ուղին արտահերթ ընտրություններն են․
«Կարծում եմ՝ գլխավոր հանգամանքը, որ մեզ այսօր այստեղ հավաքել է, զայրույթն է այն ամոթի պատճառով, որը մեզ բոլորիս ստիպեցին զգալ։
Ոչ ոք հստակ պատկերացում չունի այն մասին, թե ինչ մենք կարող ենք անել։ Կարող եմ ասել, թե անձամբ ես ինչ եմ մտածում։ Այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեզ ասել է, որ այս շենքը [Վրաստանի խորհրդարանի], որը մեր մեջքի հետևում է և հսկայական խորհրդանշական արժեք ունի անկախ Վրաստանի պատմության մեջ, հենց Կրեմլն է։
Մենք պետք է արտահերթ ընտրություններ անցկացնենք, սակայն որոշումն այն է, որ նրանք, ովքեր Կրեմլն են ներկայացնում, լքեն այս շենքը։ Նրանց թվում պետք է լինեն նաև այն անձինք, որոնց անվանում են ընդդիմադիր պատգամավորներ», — ասել է Զուրաբ Ջափարիձեն։
«Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան հայտարարել է, որ ցուցարարները գիշերելու են խորհրդարանի մոտ և առավոտյան ութին շարժվելու են դեպի կանցելյարիայի շենք՝ Իրակլի Ղարիբաշվիլիին թույլ չտալու շենք մտնել։
Ռուսաստանն Ուկրաինա է ներխուժել 2022 թ․ փետրվարի 24-ին։ Մի քանի օր է՝ շարունակվում են ծանր մարտերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի, ինչպես նաև երկրի այլ քաղաքների համար։ Ռուսական իշխանությունը հայտարարում է, որ ներխուժման նպատակն իշխանափոխությունն է, Ուկրաինայի «դեմիլիտարիզացիան ու դենացիֆիկացիան»։
Արևմտյան երկրները հայտարարել են, որ Ռուսաստանն առանց սադրանքի ներխուժել է անկախ պետություն, և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են կիրառել, ինչպես նաև աջակցում են Ուկրաինային՝ զենք և մարդասիրական օգնություն տրամադրելով։