«Սփյուռքի երիտասարդ դեսպաններ»-ը 4-րդ անգամ Հայաստանում են
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիր
Սփյուռքահայ 28 երիտասարդներ սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը Հայաստանում մասնակցել են դասընթացների։ Դրանք իրականացվել են «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակինն է։
Հաղորդվում է, որ ներգրավված են եղել 20-35 տարեկան երիտասարդներ 18 երկրներից՝ Չինաստանից մինչև Ավստրալիա։ Դասընթացներից հետո նրանք պետք է իրենց համայնքներում իրականացնեն անհատական ծրագրերով նախատեսված աշխատանքներ։
Մասնակիցները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ ստեղծվել է համատեղ աշխատանքի լայն տիրույթ։ Ընդգծել են այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում իրենց աջակցում են նաև արտերկրում գտնվող ՀՀ դեսպանատները։ Նրանք խոսել են ծրագրի դրական հեռանկարների մասին և պատրաստակամություն հայտնել «ողջ ներուժով լծվելու հավակնոտ նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը»։
Ծրագրի մանրամասները, ի՞նչ են պատմել մասնակիցները
Ծրագիրը մեկամյա է
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որի մի մասն են եղել նաև 15-օրյա դասընթացները, մեկնարկել է 2024 թ․-ի սեպտեմբերին։ Այն մեկամյա է, շարունակվելու է մինչև 2025 թ․ օգոստոս։
Ծրագիրն իրականացվում է չորրորդ անգամ։ Մասնակիցները ժամանել են Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ ծրագրի նպատակն է՝
- երիտասարդներին հնարավորություն տալ՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին,
- աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը,
- նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսքով՝ ծրագիրը միտված է ձևավորել «սփյուռքահայ ակտիվ երիտասարդների ցանց և ունենալ գրասենյակի երիտասարդ գործընկերներ համայնքներում»։
Ծրագրի շրջանակներում ողջ տարվա ընթացքում երիտասարդները մասնակցելու են դասախոսությունների, աշխատաժողովների, ինչպես նաև այցելություններ են ունենալու պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ, այդ թվում՝ Հայաստանի մարզերում։
«Կարևոր է տեսնել ավելին, քան այն, ինչ կատարվում է Երևանում»
Դիանա Խոջայանը ծրագրին է դիմել Չեխիայից։ Բռնո քաղաքի քաղխորհրդի առաջին հայ անդամն է, ընդգրկված է իրավական հարցերի հանձնաժողովում։ Նրան հատկապես հետաքրքրել են առաջնորդությանը, հայրենադարձության խնդրին, սփյուռքի հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերներին վերաբերող դասընթացները։ Կարևորում է այն հանգամանքը, որ տարբեր հանդիպումներ են ունեցել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում։
«Մեզ համար կարևոր է տեսնել ավելին, քան այն, ինչ կատարվում է Երևանում։ Չափազանց հետաքրքիր է շփվել տարեկից երիտասարդների հետ, իմանալ, թե ինչ հարցեր են այսօր հուզում հատկապես երիտասարդներին»,- պատմել է Դիանան։
Չեխիայի պատվիրակի անհատական ծրագիրն է՝ հիմնել հայկական դպրոց, թեկուզ առցանց տարբերակով և այդ կերպ նպաստել այնտեղ ապրող հայերի համախմբմանը։
Դիանա Խոջայանը ներկայացնում է տեղի հայկական «Նաիրի» կազմակերպությունը։
«Նախատեսում ենք կազմակերպության միջոցով անցկացնել հետաքրքիր միջոցառումներ, որպեսզի չեխերը տեսնեն մեր ներուժը, հայերին Չեխիայում պաշտոնապես տրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի համախմբված ու ակտիվ գործել»,- ընդգծել է նա։
Բացի այդ, հայտնել է, որ իրենց կառույցը նախատեսում է Բռնո հրավիրել Չարենցավան համայնքի ավագանու անդամներին, որպեսզի տեղում ծանոթանան չեխ գործընկերների աշխատանքին և հետագայում իրենց գործունեության մեջ օգտագործեն նրանց հաջողված փորձը։
«Ուզում եմ ստեղծել տեղի հայերին համախմբող միություն»
Սիլվա Սահակյանը Ֆրանսիայի մայրաքաղաքին կից Արֆոլվիլ քաղաքից է։ Մասնագիտությամբ իրավաբան է։ Ավարտել է Գրենոբլի համալսարանի բակալավրիատը, այնուհետև ուսումը շարունակել Բեռլինի և Լիոնի համալսարանների մագիստրատուրաներում։ Ըստ նրա՝ բազմաթիվ հարցերի վերաբերյալ սփյուռքահայերն ու հայաստանաբնակներն ունեն տարբեր տեսակետներ․
«Մեր նպատակն է հաղորդակցությունը դյուրացնել, մոտեցնել դիրքորոշումներն ու ընդհանուր հայտարարի գալ կարևոր հարցերում, որպեսզի յուրաքանչյուր ոք հստակ պատկերացնի այն իրականությունը, որ կա Հայաստանում և Սփյուռքում»։
Կարծում է՝ նմանատիպ դասընթացները թույլ են տալիս պատկերացում կազմել իրենց հնարավորությունների մասին և հստակ իմանալ, թե ինչպես կարող են համատեղ ուժերով օգտակար լինել հայրենիքին ու իրենց համայնքներին։
Սահակյանի դիտարկմամբ՝ հայ երիտասարդությունն ունի ներուժ, պատրաստ է ներգրավվել բավականին հավակնոտ ծրագրերում։
Խոսելով Ֆրանսիայի մասին՝ նկատել է՝ տեղի հայկական համայնքը բավականին մեծ է ու ազդեցիկ, իսկ երկրի իշխանություններն ու շարքային ֆրանսիացիները սիրում են հայերին, գնահատում նրանց ներդրումը երկրի զարգացման գործում։ Ասում է՝ ներկայանալու խնդիր չունենք․
«Պարզապես անհրաժեշտ է ստեղծել տեղաբնակ հայերին համախմբող մեկ միասնական միություն։ Ես իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ մեկ ընդհանուր, համահայկական միություն ստեղծելուն, որի գործունեության առանցքում լինելու է հայապահպանության խնդիրը»։
Ֆրանսիայի պատվիրակը խնդրահարույց է համարում այն, որ այդ երկրում ապրող հինգերորդ սերնդի ներկայացուցիչներից շատերը հայերենով չեն հաղորդակցվում։ Կարծում է՝ պետք է այնպես անել, որ նրանք ունենան զգացողություն, որ սպասված են հայրենիքում և կարող են իրենց ունակություններով օգուտ բերել Հայաստանին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը