ՀՀ-ում ռուսական «Սպուտնիկ» ռադիոն 30-օրով եթերազրկվել է․ կա՞ քաղաքական ենթատեքստ
«Սպուտնիկ» ռադիոյի եթերազրկում ՀՀ-ում
Հայաստանյան փորձագետները քննարկում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կայացրած վերջին որոշումը, որի համաձայն՝ դեկտեմբերի 25-ից 30 օրով կասեցվել է «Տոսպա» ընկերության արտոնագիրը, որը վերահեռարձակում է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի ծրագրերը։
Հանձնաժողովը խախտումներ է արձանագրել ռադիոկայանի 5 թողարկումներում։ Մատնանշվում է, մասնավորապես՝ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումը: Դրա ընթացքում հեղինակը վիրավորական արտահայտություններ է իրեն թույլ տվել Հայաստանի ժողովրդի և երկրի ղեկավարի մասին, սպառնալիքներ և բռնության կոչեր հնչեցրել։
ՌԴ դեսպանատունն ու տարբեր կառույցներ որորշումը մեկնաբանում են որպես խոսքի ազատության սահմանափակում և գրաքննության փորձ։ Հայկական կողմը համաձայն չէ, թե վիրավորական արտահայտությունները խոսքի ազատության դրսևորում են։ Ընդունված որոշումը Հայաստանում կոշտ պատիժ չեն համարում, նաև զգուշացնում՝ խախտման կրկնության դեպքում կարող է նաև եթերազրկում լինել։
Երեք տարի է, ինչ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր։ Հայաստանում եթեր է հեռարձակվում ռուսական 3 հեռուստաալիք։ Ռուսական հեռուստաալիքների եթերազրկման թեման օրակարգում է արդեն մի քանի ամիս։
Հոկտեմբերին Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման ժամանակ վիրավորական և անընդունելի արտահայտություններ էին հնչեցվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Եթերազրկում, սակայն, տեղի չունեցավ։ Դեկտեմբերի 14-ին կողմերը խորհրդակցություն անցկացրին, հայկական կողմը հաղորդեց, թե «ուսական կողմն ընդունել է խախտումների փաստը»։
Ռուսական հեռուստաալիքները եթերազրկելու իրավասություն ունի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ ՀՌՀ-ն միայն խախտումներն է արձանագրում և փաստերը ներկայացնում գերատեսչությանը։
«Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի ծրագրերի հեռարձակմանը վերաբերող որոշման բոլոր մանրամասները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Ի՞նչ խախտումներ է արձանագրել ՀՌՀ-ն
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որը վերահսկում է հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստա- և ռադիո եթերը, կասեցրել է «Տոսպա» ընկերության գործունեությունը։ «Տոսպա»-ն վերահեռարձակում է «Սպուտնիկի» հաղորդումները։
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ ընկերությունը խախտել է Տեսալսողական մեդիայի մասին օրենքի մի քանի դրույթներ։ Այդ թվում՝ 9-րդ հոդվածը, ըստ որի՝ հաղորդումների ընթացքում Հայաստանի օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր չի կարելի անել։ Հիշատակվում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումը, որի նոյեմբերի 17-ի թողարկումը մոնիթորինգի է ենթարկվել․
«Հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել ՀՀ-ին ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի»։
Բացի այդ, նշվում է, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր:
«Տոսպա» ընկերության նկատմամբ հանձնաժողովը ևս մեկ վարույթ է հարուցել «Աբովյան թայմ» հաղորդման համար։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հնչեցվել են «այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են»։
Ասվում է, որ ներկայացվել են նաև ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ: Երկրորդ վարույթի շրջանակում կիրառվելու է Օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված տույժ՝ հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
«Սպուտնիկ Արմենիայի» պարզաբանումը
«Սպուտնիկ Արմենիա» կայքը հրապարակել է «Տոսպա» ընկերության փաստաբան Սիմոն Ֆարմանյանի մեկնաբանությունը՝ կապված կայացված որոշման հետ, որում ասվում է․
- Տիգրան Քեոսայանը հաղորդման ընթացքում կոչեր չի հնչեցրել, միայն «փաստերն է արձանագրել»,
- հաղորդման ընթացքում խոսքն ուղղված է եղել «կոնկրետ սուբյեկտի», ուստի ազգային արժանապատվության հարց չկա,
- «Աբովյան Time» հաղորդմանը ժամանակ Արման Աբովյանը ոչ թե «ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ» է հնչեցրել, այլ իր կարծիքն է հայտնել,
- զանցանք չի եղել, հետևաբար դրա համար ընկերությունը պատասխանատվության չպետք է ենթարկվեր։
«Երկու հաղորդումներն էլ հեռարձակվել են ուղիղ եթերով, այսինքն` անգամ ցանկության դեպքում հեռարձակողը գործնականում չէր կարող անջատել եթերը»,- շեշտել է Ֆարմանյանը։
«Խոսքի ազատության սահմանափակում է»
ՌԴ ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովի կարծիքով՝ Հայաստանում շատերն են սովոր տեղեկատվական հոսքի մի մասը հենց ռուսական աղբյուրներից ստանալ։
«Եվ, իհարկե, նրանց համար դա կլինի խոսքի ազատության և տեղեկատվության տարածման ազատության խախտում»,- հայտարարել է նա։
Հիշեցրել է՝ հայ և ռուս հասարակությունների ամուր կապերի մասին և հավելել, որ «չարժեր այս կերպ խզել հեռարձակումն ու կապը»։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն էլ նշել է, որ այս որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։
«Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, դեսպանությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հեռարձակումը կասեցնելու որոշումն ընդունվել է կառուցողական խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց։ Դեսպանության փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել էին «սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը»։
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան ՀՌՀ որոշումը «գրաքննության ակտ» է անվանել։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները փորձում են ամեն բան անել, որ «նվազագույն տեղեկատվություն հասնի քաղաքացիներին, և այդ տեղեկատվությունը խեղաթյուրվի, որպեսզի Հայաստանում դժգոհություն չկուտակվի»։
«Չարձագանքելը կնշանակեր աչք փակել»
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրել է՝ «որոշման մեջ որևէ քաղաքական դիրքորոշում չկա»։ Միաժամանակ, նա մանրամասներ է հայտնել այն հաղորդումներից, որոնք մշտադիտարկել են։ Նրա խոսքով՝ «ծայրահեղ վիրավորական» արտահայտություններ են հնչել ինչպես ՀՀ վարչապետի, այնպես էլ պետության հասցեին․
«Հայաստանի Հանրապետությունը պիտակավորվում է որպես «Արևելյան Հայաստան անունով կռճոն»: Ասվում է, որ Լենինականն այդպես էլ Գյումրի չի դարձել, անվերջանալի ինչ-որ վիրավորանքներ ու պիտակավորումներ կան»։
Կարծում է՝ չարձագանքելը կնշանակեր աչք փակել և համաձայնել հնչեցված մտքերի հետ։ Հույս ունի, որ որոշումը «սթափեցնող ազդակ» կդառնա։
Փորձագիտական կարծիք
Ի պատասխան ռուսական կողմի դժգոհությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է՝ սպառնալիքներն ու բռնության կոչերը խոսքի ազատության հետ կապ չունեն․
«Երբ ռուսական կողմը, հատկապես՝ պաշտոնական մակարդակով խոսում է խոսքի ազատության սահմանափակումների մասին, դա զավեշտ է այսօրվա ՌԴ և իր վարած քաղաքականության համար»։
«Առաջին ալիքի» եթերում Մելիքյանն ասել է, որ ներկայումս ՌԴ-ում խոսքի ազատություն գրեթե չի մնացել, գործունեություն ծավալողներն էլ ոչ թե լրատվամիջոցներ են, այլ քարոզչամիջոցներ։
Հիշատակել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան և նշել, որ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել այն դեպքերում, երբ տեղեկատվությունը պարունակում է զրպարտություն, վիրավորանք, սպառնալիքներ։
«Վաղուց ժամանակն է, որ ռուսական ԶԼՄ-ները հասկանան, որ եթե այլ երկրում գործում են, պետք է ենթարկվեն նրա օրենքներին»,- հայտարարել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ ռուսական հեռուստաալիքները պետք է անհապաղ հեռացվեն հանրային մուլտիպլեքսից։
Ասում է՝ Միջազգային հաղորդակցության միությունը ՀՀ-ին այդ հաճախությունները տվել է, որ երկիրն իր կարիքները հոգա, ոչ թե արտասահմանյան ԶԼՄ-ներն այնտեղ տեղավորվեն, իսկ հայկականները՝ դուրս մնան․
«Այլ հարց է, որ կարելի է դրանք [ռուսական հեռուստաալիքները] տեղավորել կաբելային ցանցերում, որտեղ էլ, իհարկե, պետք է հետևել, որ վիրավորանքներ, զրպարտություն և այլն չլինի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Սպուտնիկ» ռադիոյի եթերազրկում ՀՀ-ում