Սպիրտը ջրի տակի խողովակով՝ Մոլդովայից դեպի Ուկրաինա
Ուկրաինայում՝ Օդեսայի մարզում, սահմանապահները Կուչուրգանի ջրամբարի հատակում հայտնաբերել են խողովակ, որով, ենթադրաբար, նախատեսվում էր անօրինական ճանապարհով սպիրտ տեղափոխել Մոլդովայից Ուկրաինա:
Թեև հաշվետվության մեջ նշվում է խողովակ, իրականում հայտնաբերվածը 32 մմ տրամագծով երկար կաշեփող է, որը գցված է եղել մոլդովականից մինչև ուկրաինական ափ:
«Դրա միջոցով չարագործները, ենթադրաբար, նախատեսում էին անօրինական ճանապարհով սպիրտ տեղափոխել Մոլդովայից Ուկրաինա»,- ասվում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:
Իրավապահները պարզել են, որ խողովակաշարը գցվել է վերջերս և դեռ չի օգտագործվել, քանի որ «կաշեփողից սպիրտին բնորոշ հոտ չի գալիս»:
Ուկրաինացի սահմանապահները մոտորանավակի օգնությամբ ապամոնտաժել են կաշեփողի միայն մի մասը՝ մինչև պետական սահման: Հեռացված խողովակի երկարությունը կազմել է 540 մետր: