«Սպառնալիքներ ուղղված Ղազախստանի՞ն, թե՞ ՀԱՊԿ-ին». խորհուրդն առցանց նիստ է գումարել
ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով երկրի ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքները: Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 10-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները մասնակցել են առցանց նիստի, որի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակն ու դրա կարգավորումը:
- «ՀԱՊԿ զորախումբը մեկնեց Ղազախստան, իսկ Հայաստան այդպես էլ չեկավ»
- «Ռուսաստանն անկանխատեսելի է և հենց այնպես չի հեռանա»․ Ղազախստանի ցույցերի մասին
- Ի՞նչ է կատարվում Ղազախստանում․ ցույցեր, բախումներ, հրաժարականներ։ Լուսանկարներ, տեսանյութեր
Պատահական չէ, որ Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստը պլանավորվել է հենց հունվարի 10-ին: Հունվարի 10-ը Ղազախստանում սգո օր է հայտարարվել:
Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով խորհրդի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հոտնկայս հարգել են բախումների արդյունքում զոհվածների հիշատակը։
Մինչ այս պահը հրապարակված տվյալների համաձայն՝ Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ։ Բուժօգնության է դիմել 2265 մարդ, նրանցից 719-ը հոսպիտալացվել են: Ծանր վիճակում է 83 քաղաքացի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի նախագահում է Հայաստանը։ Ղազախստան ուղարկված խաղաղապահների թվում են նաև 100 հայ զինծառայողներ:
ՀԱՊԿ խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս որոշումը, սակայն, բուռն քննադատությունների էր արժանացել ինչպես հասարակության մեջ, այնպես էլ փորձագիտական շրջանակներում:
Հայաստանի վարչապետը պարզաբանել է, թե ինչու է նման որոշում ընդունել.
«Հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացման միտումը և Ղազախստանի անվտանգության, կայունության և ինքնիշխանության սպառնալիքները, կոնսենսուսի հիման վրա որոշում է կայացվել ժամանակավորապես խաղաղապահներ ուղարկել այդ երկիր՝ ռազմավարական օբյեկտների պահպանության համար»:
Ղազախստանում ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում հատկապես միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավվածության տեսանկյունից:
Վարչապետն ընդգծել է՝ ոչ վաղ անցյալում Հայաստանն է առերեսվել տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների առկայությանը՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի ժամանակ ԼՂ տեղափոխված ահաբեկիչների մասին:
Հայաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործադրած ջանքերը կօգնեն, որ Ղազախստանում բնականոն կյանքը վերականգնվի հնարավորինս շուտ, իսկ կառույցը կամրապնդի արձագանքման մեխանիզմները: Ըստ Փաշինյանի՝ Երևանն այս հարցին հատուկ ուշադրություն է դարձնում:
«Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները կմեկտեղեն ջանքերը ճգնաժամային արձագանքման մեխանիզմներն էլ ավելի կատարելագործելու համար», — նշել է ՀՀ վարչապետը:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ի` նման քայլեր իրականացնելու առաջին փորձը (առաջին դեպքն է, երբ կառույցը միացյալ զորախումբ է ուղարկում անդամ երկրներից մեկին օգնության) ցույց տվեց, որ խաղաղապահների գործարկման մեխանիզմն աշխատում է:
Զասի տեղեկացմամբ՝ խաղաղապահները տեղակայվել են Նուր-Սուլթանում, Ալմաթիում և Ալմաթիի շրջանում, զորակազմի տեղակայումն արդեն ավարտվել է: Խաղաղապահների գործունեությունը համակարգվում է օպերատիվ խմբի կողմից: Ներկա պահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով լուծում պահանջող խնդիրներ չկան:
Հունվարի 11-ին Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու ունակությունը:
Ըստ նրա՝ վերջին օրերին ՀԱՊԿ ուժերի գործողությունները ցույց տվեցին, որ անվտանգության միասնական համակարգի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքն իր արդյունքը տվել է․
«Խաղաղապահների հմտությունները կատարելագործվել են համատեղ զորավարժությունների ընթացքում», — ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Պուտինի խոսքով` Ղազախստանի վրա հարձակումն ագրեսիայի ակտ էր, որին պետք էր արձագանքել առանց հապաղելու։
Ասում է՝ հաշված ժամերի ընթացքում կազմակերպությանը հաջողվել է որոշումներ կայացնել՝ կանխելով հանցագործների և ահաբեկիչների գործունեությունը.
«Մենք ցույց տվեցինք, որ թույլ չենք տա մեր տանն իրավիճակը փոփոխել, իրականացնել գունավոր հեղափոխությունների սցենարներ», — նշել է ՌԴ ղեկավարն ու հավելել, որ իր գործառույթների կատարումից հետո խաղաղապահների ողջ զորակազմը դուրս կբերվի Ղազախստանից:
Մոտ ժամանակներս Ղազախստանում կավարտվի լայնածավալ հակաահաբեկչական գործողությունը, կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը։ Տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ըստ նրա՝ Ղազախստանին ուղղված սպառնալիքները ընդհանուր են ՀԱՊԿ անդամ հանդիսացող բոլոր երկրների համար.
«Անհրաժեշտ է բացառել նման իրադարձությունների կրկնությունը կազմակերպության ողջ տարածքում», — ասել է Տոկաևը:
Նրա փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս միջազգային հանրությանն են ներկայացնելու Ղազախստանում ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ ապացույցներ։
Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի ղեկավարը հայտարարել է միջազգային ահաբեկիչների, օտարերկրյա զինյալ վարձկանների ներգրավվածության մասին.
«Պատահական չէ, որ ահաբեկիչները հարձակվում էին դիահերձարանների վրա, գողանում իրենց հանցակիցների դիակները։ Հանցակիցներին ռազմի դաշտից հեռացնելն ու այդ ձևով հետքերը մաքրելը ահաբեկիչների գործելաոճն է»:
Տոկաևի խոսքով՝ տարեսկզբից տեղի ունեցող բոլոր իրադարձություններն ունեին մեկ նպատակ՝ իրականացնել պետական հեղաշրջում: Ասում է՝ հետաքննությունը ցույց կտա, թե որքան ժամանակ առաջ է նախապատրաստվել գործողությունը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 8 հազար մարդու, առգրավվել է 116 միավոր զենք։