Սիրիացի և աֆղան փախստականները Թուրքիայում․ կռիվներ և ցույցեր. ի՞նչ է լինելու
Սիրիացի և աֆղան փախստականները Թուրքիայում
Թուրքիայում աճում է լարվածությունը միլիոնավոր սիրիացի փախստականների շուրջ, որոնց վերջին շաբաթում ավելանում են «Թալիբանի» (ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված աշխարհի շատ երկրներում) իշխանության գալուց հետո Աֆղանստանից փախչող հարյուրավոր և հազարավոր մարդիկ։
Թուրքիայի տարբեր շրջաններում կրկնվում են բախումները տեղացիների և փախստականների միջև, թուրքական շրջանների բնակիչները բողոքի ցույցեր են անցկացնում։
Եթե խանութը թուրքի է պատկանում, դրան ձեռք չեն տա
Օգոստոսի կեսերին Անկարայի Ալթընդաղ թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու երիտասարդ թուրքերի և երկու սիրիացիների միջև։ Սիրիացիները թուրքերին դանակահարել են, տուժածներից մեկը մահացել է, մյուսը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Երկու սիրիացիներն էլ կալանավորվել են։
Անկարայի Ալթընդաղ թաղամասը հիմնականում բնակեցված է սիրիացի փախստականներով։ Այդտեղ են նաև նրանց աշխատավայրերը։ Այդ պատճառով էլ ժողովուրդն այդ թաղամասն անվանում են «փոքր Հալեպ»։ Ընդհանուր առմամբ, թաղամասում ավելի քան 60 հազար մարդ է բնակվում, նրանցից 18 հազարը փախստականներ են։
Իսկ սիրիացի փախստականների ընդհանուր թիվը Թուրքիայում հատել է 4 միլիոնը։
- Աֆղանստանի անկումը։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, և ինչպիսի՞ն է նոր Իսլամական խալիֆայությունը։ Վերլուծություն և լուսանկարներ
- Իրանի նոր արմատական նախագահը և Կովկասը. ի՞նչ սպասել: Գնահատականներ Երևանից, Թբիլիսիից և Բաքվից
«Փոքր Հալեպում» այն կռվից հետո անկարգություններ են տեղի ունեցել։ Տեղի բնակիչները հարձակվել են խանութների, սրճարանների և արհեստանոցների վրա, որտեղ հիմնականում սիրիացիներ են աշխատում, հարձակվել են նրանց տների վրա։
Տեղի թուրքերը քարեր են նետել պատուհանների ուղղությամբ, շրջել և վնասել ավտոմեքենաներ, ավերել ամենը, ինչ հանդիպել է ճանապարհին։ Անկարգությունները տևել են 27 ժամ, դրանց հետևանքով տուժել են տասնյակ անձինք, 150-ը ձերբակալվել է։
Կրքերը հանդարտվելուց հետո հասարակական կազմակերպությունների օգնությամբ սիրիացիներից շատերն Ալթընդաղից տեղափոխվել են ավելի անվտանգ վայրեր։ Այնուամենայնիվ, փախստականները, որոնք մնացել են այնտեղ, փակվել են իրենց տներում և նույնիսկ վարագույրներով փակել պատուհանները։
Թուրքերից մեկը՝ սիրիացիների վարձակալած տարածքի տերը, լրագրողների հետ զրույցի ժամանակ խնդրի նկատմամբ տեղացիներին բնորոշ վերաբերմունք է արտահայտել․
«Ինչո՞ւ են ավերում ամեն ինչ։ Չէ՞ որ գույքը սիրիացիներինը չէ, այն մերն է, մեր ազգին է պատկանում, ափսոս չէ՞»։
Դրանից հետո շատերն իրենց խանութների մոտ թուրքական դրոշներ են տեղադրել և իրենց ապահովագրել «թուրքական խանութ» գրառումներով։
«Նրանցից ոչ բոլորն են վատը, կան նաև շատ լավ մարդիկ։ Սակայն շատ են նրանք, ովքեր անհանգստացնում են շրջապատի մարդկանց։ Մերոնց մեջ էլ այդպիսիք կան։ Արդեն բախումներ են եղել, դանակահարություն։ Սակայն վերջին մահացու դեպքը պայթեցրեց իրավիճակը։ Պետությունը պետք է միջամտի», — լրագրողներին ասել է տեղացիներից մեկը։
«Սիրիացիների համար փողերը կարող էին ծախսվել թուրքերի վրա»
Այսպիսի իրադարձությունները, թեև ոչ այս մասշտաբի, տեղի են ունենում նաև Թուրքիայի մյուս հատվածներում։ Սիրիայում 2011 թ-ի քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան այնտեղից փախստականներ է ընդունում։ Հասարակության համար խնդիր է դարձել ոչ թե այդ փաստը, այլ հատուկ պայմանները, որոնք նրանց տրամադրվում են։
Նրանք ամսական հատկացումներ են ստանում, անվճար բուժօգնություն, չեն վճարում կրթության, այդ թվում՝ բարձրագույնի համար։ Նրանք աշխատանք են ստանում քվոտաներով և զեղչեր՝ կոմունալ վճարումների և հարկերի համար։
Այս և մյուս արտոնություններն ապահովվում են ոչ թուրքական բյուջեից։ Եվրամիության հատուկ ծրագիրը, որը հաշվարկված է 2015-2024 թթ-ի համար, Թուրքիային է տրամադրելու ընդհանուր առմամբ 6 մլրդ եվրո։
Այս ծրագրի գլխավոր նպատակը Թուրքիայում սիրիացի փախստականներին տեղավորելն է և Եվրոպայի երկրներ նրանց տեղափոխումը կանխելը։
Սակայն տեղացիների մեծ մասին քիչ են հետաքրքրում այս մեծ նպատակները։ Նրանք բողոքում են, ինչպես իրենք են համարում, իրենց նկատմամբ ակնհայտ խտրականությունից։
«Թող սիրիացիների համար գները 10 անգամ ավելի բարձր լինեն»
«Թուրքիայի քաղաքացիներն ու օտարերկրացիները չեն կարող միանման իրավունքներ ունենալ։ Մենք ձեզ այստեղ չենք հրավիրել, և այստեղ բռնի ուժով ձեզ չեն ուղարկել։ Այստեղ ապրելը ձեր ընտրությունն է։ Եվ դա նույնպիսի ընտրություն է, ինչպես թանկ լողափում 10 լիրով ջուր գնելը այն դեպքում, երբ այդ նույն ջուրն այլ տեղ ընդամենը մեկ լիր արժե։ Եթե մնում եք, այս կանոններին պետք է հետևեք»։
Արտասահմանցիների համար այսպիսի առաջարկով է հանդես եկել 2021 թ-ի օգոստոսին Թանժու Օզջանը, որը սևծովյան ափին Բոլու նահանգի ղեկավարն է։
Օզջանն ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ է։ Նահանգապետարանի անդամները, որոնք ներկայացնում են իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նրա առաջարկին դեմ են արտահայտվել, սակայն ձայների մեծամասնությամբ որոշումն ընդունվել է։
Այժմ արտասահմանցիները Բոլու նահանգում մունիցիպալ ծառայությունների համար 10 անգամ ավելին են վճարելու, քան նախկինում։
300-կիլոմետրանոց պատ՝ Աֆղանստանից փախստականների հոսքը կանգնեցնելու համար
Սիրիացի փախստականների հետ խնդիրների սրացման ֆոնին օգոստոսի կեսերից սկսվել է աֆղան փախստականների հոսքը դեպի Թուրքիա։ Կառավարությունը շտապ 300-կիլոմետրանոց պատ է կառուցում Իրանի հետ սահմանին, սակայն փախստականների թիվն օրեցօր ավելանում է։
16-ամյա աֆղան տղան հասել է Թուրքիայի Վանի նահանգ։ Նա ասում է, որ Իրանում իրենց չեն ընդունել․ «Նրանք ուզում էին մեզ ստիպել լքել երկիրը։ Ես ու ընկերս ոտքով այստեղ ենք եկել Թեհրանից, 11 օրում»։
Աֆղան մյուս փախստականի խոսքով, որը 17 տարեկան է, մարդիկ պատրաստ են ամեն ինչի, միայն թե իրենց երկիր չվերադառնան․ «Այնտեղ պատերազմ է, իսկ մեզ ուզում են հետ ուղարկել այնտեղ։ Ի՞նչ անենք մենք»։
Սակայն Թուրքիայում շատերն են համաձայն Բոլուի նահանգապետի հայտարարությանը․
«Եթե սիրիացիները մեզնից հետ են 30 տարով, ապա աֆղանները՝ 100 տարով։ Մեզ համար մեր 9-12 տարեկան աղջիկները դեռ երեխաներ են, իսկ նրանք այդ տարիքի աղջիկներին նայում են որպես պոտենցիալ կանանց։ Ինչպե՞ս եք այդ մարդկանց ինտեգրելու մեր հասարակություն։ Այդ մարդիկ կռվելուց բացի ոչինչ չեն կարողանում անել»։
Սակայն հասարակության զգալի մասն, այնուամենայնիվ, կարծում է, որ փախստականները պարզապես հեշտ թիրախ են։ «Երկրում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ջրհեղեղների համար մեղադրում են հիդրոէլեկտրակայաններին։ Գործազրկության համար՝ սիրիացիներին, շինարարական սխալների համար մեղավոր է բետոնը։ Սակայն մի՞թե երկիրը ղեկավարում են բետոնխառնիչները կամ սիրիացիները։ Գուցե մեր ընտրած իշխանությո՞ւնը», — Թվիթերում գրում է Էմին Չապան։