Սեքս-առևտուր Վրաստանո՞ւմ։ Ի՞նչ հանգամանքներում է մահացել Ղազախստանի քաղաքացուհին
Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանքի տակ է առել 57-ամյա մի տղամարդու, որը մեղադրվում է Ղազախստանի քաղաքացուհու բռնաբարության և ինքնասպանության հասցնելու համար։
Վրաստանի ՆԳՆ-ն կասկածյալին ձերբակալել է մայիսի 6-ին։ Նախաքննության համաձայն՝ կասկածյալը սկզբից բռնաբարել է աղջկան, այնուհետև նրան հոգեկան բռնության ենթարկել և սպառնացել սպանել։ Ղազախստանի քաղաքացուհին, գտնվելով ծանր հոգետրավմատիկ վիճակում, ինքնասպան է եղել՝ ցած նետվելով ութերորդ հարկի պատուհանից։
Գործի նախնական լսումներն անցել են փակ ձևաչափով, քանի որ այն վերաբերում է սեռական բռնությանը։ Մեղադրող կողմը պահանջել է մեղադրյալներին կալանքի տակ պահել մինչև հետաքննության ավարտը։ Դատախազությունը հայտարարում է, որ գրավի դեպքում գործի մանրամասները թաքցնելու, ապացույցները ոչնչացնելու և վկաների վրա ազդելու վտանգ կա։
Մեղադրյալը փաստաբան չուներ, այդ պատճառով էլ պաշտպանող կողմը միջնորդություն չի ներկայացրել։ Հոդվածները, որոնցով որակվում է գործը, քրեական գործընթացին փաստաբանների պարտադիր մասնակցություն չեն ենթադրում։ Դատավարությունը կվերսկսվի հունիսի 23-ին։
Ըստ մեդիայի հրապարակումների՝ մահացած 26-ամյա Այսել Այտպաևան Վրաստան էր եկել այս տարվա ապրիլին՝ աշխատելու նպատակով։ Աղջիկը ենթարկվել է սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության։ Մահվանից առաջ նա հասցրել է ձայնային հաղորդագրություն ձայնագրել և ուղարկել ընկերներին։
Ձայնագրությունում միայն երկու հոգու ձայն կա՝ հանգուցյալ Այսել Այտպաևայի և մեղադրյալ Բեսիկ Տորդուայի։ Ձայնագրությունը վկայում է, որ Տորդուան երիտասարդ կնոջը մահով է սպառնում։ Նա Ղազախստանի քաղաքացուհուն հոգեբանական և ֆիզիկական բռնության է ենթարկում, ինչպես նաև փաստացի խոստովանում է, որ բռնաբարել է նրան։
Ձայնագրությունը, որն այժմ ուսումնասիրում է մեղադրող կողմը, կարող է նաև անուղղակի վկայություն լինել Վրաստանում մարդկանց վաճառքով և կանանց սեռական շահագործմամբ զբաղվող ցանցի գոյության մասին։
«Ռուսթավի-2» հեռուստաալիքը հեռարձակել է այդ աուդիոձայնագրության մի փոքր մասը։ Դրանում լսվում է, թե ինչպես է կնոջ ձայնը խոսում ոմն Բեսոյի հետ, որը նրան վիրավորում է և կոչ է անում պատուհանից ցած նետվել։
«Վրադ եռման ջուր կլցնեմ․․․, ուզում ես պատուհանից ցա՞ծ նետվել։ Ինչո՞ւ չես նետվում։ Դե՛, գնա», — լսվում է ռուսերեն հնչող խոսքում։
Այսել Այտպաևան՝ թրաֆիքինգի զո՞հ
Մահացած 26-ամյա կինը Վրաստան էր եկել մի քանի շաբաթ առաջ՝ ավտոմոբիլային ընկերություններից մեկում աշխատելու։ Ենթադրաբար, նա չարագործների ձեռքն է ընկել։
Հետաքննությունը վարվում է 135-րդ հոդվածի 2-րդ և 115-րդ հոդվածի 1-ի մասի Գ կետով, ինչը ենթադրում է բռնաբարություն՝ հետագա ինքնասպանության ելքով։ Ձերբակալվածին 8-10 տարվա ազատազրկում է սպառնում։
Ղազախստանի բնակչի ողբերգական մահն է մեկնաբանել Sapari կանանց իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Բայա Պատարայան։
«Կասկածներ ունեմ, որ ղազախ աղջկա ինքնասպանության հետևում թրաֆիքինգի մեջ ներգրավման խնդիր է։ Հետաքննությունը պետք է ուշադրություն դարձնի բոլոր մանրամասներին և պարզի, թե արդյո՞ք մեղադրյալը չի զբաղվել աղջկա սեռական շահագործմամբ։ Այն կարճ ձայնագրությունից, որը լսել եմ, այդ անձը մարդկանց վաճառքով զբաղվողի տպավորություն է թողնում։ Որակյալ հետաքննություն է պահանջվում։ Մարդկանց առևտրի համար մեղադրանքը պետության համար ավելի լուրջ է, քան կնոջ նկատմամբ հերթական բռնությունը»,- գրել է Պատարայան։