Արցախի շուրջ շրջանների «գնման» մասին․ սկանդալային զրույցի ձայնագրության հրապարակում
«Բաղրամյան 26» Տելեգրամ ալիքը տարածել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական զրույցի աուդիոձայնագրությունը, որը կայացել է Երևանում, 2016 թ-ի հոկտեմբերի 14-ին։
Այդ ժամանակ Հայաստանի մայրաքաղաքում անցկացվում էր ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։ Ձայնագրության մեջ երկու երկրների նախագահները քննարկում են Արցախի հարակից շրջանները մի քանի միլիարդ դոլարի դիմաց Ադրբեջանին հանձնելու հարցը։
Բելառուսի նախագահը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է Հայաստանին վճարել հինգ միլիարդ դոլար Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանների համար։ Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ ինքն է Ալիևին պատրաստ վեց միլիարդ տալ, որպեսզի նա հրաժարվի այդ տարածքներից։
Խոսքն այն շրջանների մասին է, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին անցել 90-ականներին արցախյան առաջին պատերազմի ժամանակ և Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության գոտի էին հանդիսանում։ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով, որը սկսվել էր 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, այդ շրջանները վերադարձվել են Ադրբեջանին։
Նախկին նախագահ Սարգսյանի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել «նիստի փակ ձևաչափով» զրույցը, սակայն չի հերքում ձայնագրության իսկությունը։
Նախագահների զրույցի մանրամասները
Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում է, որ ՀԱՊԿ ռազմական դաշինքը, որին անդամակցում են Հայաստանն ու Բելառուսը, իր վրա վերցնի Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար պատասխանատվությունն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը որոշի այդ տարածքներն Ադրբեջանին վերադարձնել․
«Օրինակ՝ մենք պետք է այնտեղ ուղարկենք որոշակի խաղաղապահ ուժեր»։
Ընդ որում, Լուկաշենկոն ասում է, որ հազիվ թե Ադրբեջանի նախագահը պատերազմ սկսի՝ շրջանները ստանալով։
«Քո դիրքորոշումը թույլ է։ Ես չեմ տա յոթ շրջանները, որովհետև դու հետո միանգամից իմ դեմ պատերազմ կսկսես։ Իսկ եթե չսկսի՞», — ասում է նա Սարգսյանին։
Հայաստանի նախագահը պատասխանում է․
«Իհարկե։ Ի՞նչ է նշանակում, «եթե չսկսի»-ն։ Իսկ եթե սկսի՞։ Իսկ ինչո՞ւ հենց այնպես տալ։ Չեմ հասկանում»։
Որպես իր դիրքորոշման հիմնավորում՝ Սերժ Սարգսյանն ասում է նաև, որ ինքը չի կարող տալ այդ յոթ շրջանները, քանի որ «այնտեղ թափվել է հինգ հազար հայ զինվորի արյուն»։
«Եվ ի՞նչ։ Մեզ մոտ 30 միլիոն մարդ զոհվեց, բայց մենք գերմանացիների հետ չենք պատերազմում», — հակադարձում է Լուկաշենկոն։
Սարգսյանը պատասխանում է․
«Դե, եթե քեզ համար «հետո ինչ» է․․․ Մեզնից էլ քիչ մարդ չի զոհվել։ Միայն Բելառուսի համար 30 հազար [հայ] է զոհվել»։
Այստեղ ձայնագրությունն ընդհատվում է։
Նախապատմությունը
Այս ձայնագրության հրապարակումն աղմուկ է բարձրացրել Հայաստանում՝ չնայած այն բանին, որ դեռ 2018-ին Բելառուսի նախագահը ռուս լրագրողների հետ զրույցում այդ զրույցի որոշ մանրամասներ արդեն ներկայացրել էր։
Այն ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին առաջարկել է միմյանց հետ պայմանավորվել և լուծել խնդիրը՝ փոխզիջումների գնալով, սակայն Սարգսյանը չի ցանկացել Ադրբեջանին հանձնել Արցախի հարակից շրջանները․
«Այնուհետև ես նրան բացեիբաց ասացի․ լսիր, ինչպես նրանք են ասում, յոթ շրջաններ եք օկուպացրել։ Եվ ես ու Պուտինը միասնական դիրքորոշում ենք ընդունել (դա Երևանում էր, ՀԱՊԿ-ի նիստին)․ Սերժ, տուր այդ հինգ շրջանները։ Ի՞նչ պատճառ կա դրանք չվերադարձնելու, չէ՞ որ դրանք բնակեցված չեն։ Նա ասաց․ եթե վերադարձնեմ, նրանք այնտեղ ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն։ Եվ ես ու Պուտինը հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և թույլ չենք տա դա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել)։ Նա ասաց․ ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»։
Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը
Ձայնագրության հրապարակման հաջորդ օրը Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որում ասվում էր․
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»։