Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինա է վերադառնալու սեպտեմբերի 10-ին
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին: Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:
Սահակաշվիլին հաղորդել է, որ Ուկրաինա կմտնի Լեհաստանից՝ Լվովի «Կրակովեց» անցակետից:
Նրա խոսքով՝ անգամ եթե իրեն քաղաքացիությունից զրկելու նախագահ Պորոշենկոյի հրամանն օրինական համարվի, Ուկրաինայի իշխանություններն իրավունք չունեն իրեն ներս չթողնել երկիր, անգամ եթե նա քաղաքացիություն չունի, բայց մշտապես բնակվում է Ուկրաինայում: «Ես Ուկարնայում մշտական բնակության հասցե ունեմ, իմ բոլոր անձնական իրերն Ուկրաինայում են: Ես Ուկրաինայում մեծ թվով ընկերներ ունեմ, և Ուկրաինայում գրանցված և «Միխայիլ Սահակաշվիլիի նոր ուժերի շարժում» անվանումով կուսակցություն ունեմ: Այսինքն՝ սա աբսուրդ է. Ուկրաինայում ես քաղաքական շարժում, կուսակցություն ունեմ, և ինձ այնտեղ չեն թողնում», — հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները փորձում են խոչընդոտել իր վերադարձին՝ ուժեղացնելով սահմանային պահպանությունն ու օրենքներ ընդունելով, որոնք կարող են խանգարել նրան երկիր վերադառնալ: Սակայն Սահակաշվիլին հույսը դրել է իր կողմնակիցների աջակցության վրա, որոնց նա կոչ է արել հավաքվել «Կրակովեց» անցակետում: Սահակաշվիլին հաղորդել է նաև, որ իրեն Ուկրաինա վերադառնալիս ուղեկցելու են լրագրողներ և Լեհաստանի իր կողմնակիցները:
Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել իր քաղաքացիաության վերականգնման համար դատարանում:
Հուլիսի 26-ին Պորոշենկոն իր հրամանով զրկել է Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքականությունից, որը նրան տրամադրվել էր նույնպես Պորոշենկոյի 2015թ-ի հրամանով: Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ այդ որոշմանը պատճառը եղել է այն, որ Սահակաշվիլին քաղաքացիություն ստանալիս իր մասին սխալ տեղեկատվություն է նշել: