Հայաստանում արդեն երկրորդ անգամ չեղարկվում է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում ընդդիմադիր գործունեություն ծավալող Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Նախ չեղարկվել է շնորհանդեսը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ապա նաև «Նոյյան տապան» գրախանութում:
«Ուժերի զարթոնք» գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թ.-ի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ: Նա անդրադարձել է նաև իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումներին, Ուկրաինայում ստեղված վիճակին:
Գրքի թարգմանիչը՝ Միքայել Նահապետյանը, տեղեկացրել է, որ երկու վայրերի հետ էլ նախապես ձեռք է բերվել պայմանավորվածություն, բայց նրանք հետո տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են անցկացնել շնորհանդեսը:
Նահապետյանի խոսքով, գրախանութի ներկայացուցիչն իրեն տեղեկացրել է, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպել և հետագայում գիրքը վաճառել, քանի որ խնդիրներ չի ուզում ունենալ։ Իսկ Չարենցի թանգարանից մերժումը պատճառաբանել են տեխնիկական խնդիրներով:
Միքայել Նահապետյանը պնդում է, որ այս մերժումները քաղաքական ճնշումների հետևանք են և նպատակ ունեն կանխել գրքի բովանդակության տարածումը։
«Սա բացահայտ և ուղիղ գրաքննություն է»,- ահազանգել է թարգմանիչը:
Ի դեպ, շնորհանդեսին հրավիրող Ֆեյսբուքի էջում հայաստանյան օգտատերերը քննադատական մեկնաբանություններ են գրել Սաակաշվիլիի հասցեին: Նրան որակել են հակահայ քաղաքական գործիչ, հիշեցրել, որ պաշտոնավարման տարիներին նա ազատազրկել է որոշ ջավախահայերի, հետևաբար, կարիք չկար թարգմանել նրա մտքերը:
Ինչ վերաբերում է իշխանություններին, 2009 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանում հյուրընկալելով վրացի պաշտոնակից Միխեիլ Սաակաշվիլիին, հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար նրան պարգևատրել է Պատվո շքանշանով: Դա օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է: