Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել, թեև նա ստացել է եվրոպական հզոր աջակցություն
Սաակաշվիլի․ սահմանի ապօրինի հատում
Սահմանի ապօրինի հատման մեղադրանք է 2021 թ. հոկտեմբերի 20-ին առաջադրվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն արդեն կալանքի տակ է այլ մեղադրանքներով։
Ավելի վաղ նույն օրը հրապարակվել է աջակցության նամակ Սաակաշվիլիին, որը ստորագրել են եվրոպացի 72 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ և նախկին նախագահներ։
Միխեիլ Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է հայրենիք 2021 թ․ հոկտեմբերի 1-ին, ութ տարվա բացակայությունից հետո, մի քանի տեսանյութ հրապարակել, որում պատմում է, թե ինչպես է զբոսնում Բաթումում և Թբիլիսիում, որից հետո կալանավորվել է և տեղափոխվել Ռուսթավի քաղաքի բանտ։ Այնտեղ արդեն Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել։
Վրաստանի երրորդ նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, դրանցից մեկով նա արդեն դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Նրա դեմ հարուցված գործերի մանրամասներն՝ այստեղ։
Մեղադրանքներ են առաջադրվել նաև Վրաստանի մի քանի այլ քաղաքացիների։
- Էլգուջա Ցոմայան, որն ավելի վաղ կալանավորվել էր, մեղադրվում է սահմանի ապօրինի հատման հարցում Միխեիլ Սաակաշվիլիին օգնելու համար։
- Նախօրեին կալանավորված Գիորգի Նարիմանիձեին մեղադրանք է առաջադրվել լուրջ հանցագործություն թաքցնելու համար։
- Կալանքի տակ են նաև հայր և որդի Ցոցորիաները, նրանք նույնպես մեղադրվում են հանցագործություն թաքցնելու համար։
Ինչպե՞ս է Սաակաշվիլին Վրաստան մտել
Գլխավոր դատախազության տեղեկություններով՝ 2021 թ․ սեպտեմբերի 28-ին, ժամը 23:00-ին մոտ, Փոթի նավահանգիստ է մտել «Վիլնյուս» նավն Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից։ Այդ նավից սեպտեմբերի 29-ին ժամը 01:04 առանձնացվել է կաթնամթերքով կցորդը, որ պատկանում է SCANIA/IKA TRANS-ին, և որի սեփականատերն է Էլգուջա Ցոմայան։
Ցոմայան նավահանգստի տարածք է մտել բեռնատարով, այնուհետև բացել կցորդի հետևի դուռը։ Այնտեղից դուրս է եկել Միխեիլ Սաակաշվիլին և նստել բեռնատարի սրահում՝ ուղևորի նստատեղին։
Դատախազությունը հաղորդել է, որ այս գործով հարցաքննվել է 69 մարդ, հետազոտվել են հարյուրավոր տեսագրություններ, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են անցկացվել։ Կաթնամթերքի կցորդում Միխեիլ Սաակաշվիլիի ներկայությունը հաստատված է տեսագրություններով և նրա հեռախոսով արված տեսանյութերով։
Կադր՝ Թբիլիսիում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի ժամանակ արված օպերատիվ տեսագրությունից
Սաակաշվիլիի վիճակը վատթարանում է, նրան հիվանդանոց են տեղափոխել
20-օրյա հացադուլից հետո Սաակաշվիլին համաձայնել է, որ իրեն բանտախցից հիվանդանոց տեղափոխեն։ Նրա անձնական բժշկի խոսքով՝ Սաակաշվիլիի վիճակն արագ վատթարանում է։
«Մինչ ես կալանքի տակ եմ, հաց չեմ ուտելու և պատրաստ եմ մահանալ։ Միաժամանակ, ես ուզում եմ պահպանել գիտակցությունս ու աշխատունակ լինել մինչև վերջ։ Այդ պատճառով էլ համաձայն եմ բժիշկների դեղորայքային օգնությանը, ինչն ինձ կօգնի գիտակցությունս պահպանել, թեև սահմանափակ չափով։ Այդ դեպքում ես կարող եմ մասնակցել ընթացիկ իրադարձություններին և օգնել իմ երկրին», — գրել է Միխեիլ Սաակաշվիլին նամակում, որը հրապարակել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։
«Հանրությունը շատ մոբիլիզացված է, և, չնայած այն իրավիճակին, որում ես գտնվում եմ, ես ավելի լավատեսական եմ տրամադրված, քան երբևէ», — հայտարարել է Սաակաշվիլին։
Եվրոպացի քաղաքական գործիչներ․ «Սաակաշվիլիի կալանքը խորացնում է քաղաքական ճգնաժամը»
«Սաակաշվիլին պետք է կալանքից ազատ արձակվի նախքան դատավարությունը», — ասված է «Ֆորմուլա» ընդդիմադիր հեռուստաալիքի կողմից հոկտեմբերի 20-ին հրապարակված հայտարարությունում, որը ստորագրել են 72 եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի պատգամավորներն ու նախկին նախագահները։
Հայտարարությունում ասվում է․
«Սաակաշվիլիի կալանքը միայն խորացնում է քաղաքական ճգնաժամը, ծայրահեղ բևեռացումը, որում Վրաստանը գտնվում է երկար տարիներ։ Իրականացվում է մեդիայի վերահսկողություն, լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների և անգամ օտարերկրյա դիվանագետների գաղտնալսում։ Սահմանափակվել են քաղաքական ընդդիմության տարածքն ու ռեսուրսները՝ երկրի կառավարմանը մասնակցելու հարցում։
Քաղաքական շարժառիթներվ արդարադատության դարաշրջանն, ի վերջո, պետք է ավարտվի Վրաստանում։ Այս մասին հստակ նշված է 2021 թ․ ապրիլի 19-ի համաձայնագրում, որը ստորագրել են իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը՝ Եվրամիության և ԱՄՆ միջնորդությամբ։ Թեև այն ավելի ուշ միակողմանի կերպով մերժել է իշխող կուսակցությունը։
«Նախկին նախագահ Սաակաշվիլիի ազատ արձակումը ցույց կտա համազգային համաձայնության, կայունության հասնելու հարցում Վրաստանի իշխանության ցանկությունը և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու կամքը։
2003 թ․ «վարդերի հեղափոխությունից» հետո [որն իշխանության բերեց Միխեիլ Սաակաշվիլիին և նրա թիմին] Վրաստանի նոր կառավարությունը սատարեց բարեփոխումները,, որոնք ուղղված էին անվտանգության ապահովմանը, Արևմուտքի հետ տնտեսական և քաղաքական ինտեգրմանը, որին կողմ էր Վրաստանի ժողովուրդը։
Այժմ, երբ գրեթե 20 տարի է անցել, հեշտ է մոռանալ զգալի առաջընթացի մասին, որն արձանագրվել է այն տարիներին։
2012 թ-ին ընտրողները որոշեցին, որ ժամանակն է, որ մեկ այլ իշխող կուսակցություն շանս ստանա անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու համար, այդ թվում՝ արդարադատության համակարգում, և երկիրն առաջ տանի դեպի Արևմուտքի հետ ինտեգրում։
Այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստեղծել է ողջ տարածաշրջանի համար կարևոր նախադեպ․ նա անցկացրել է ազատ և արդար ընտրություններ, որոնք հանգեցրել են նրա կուսակցության պարտությանը։ Որից հետո նա շնորհավորել է նոր կառավարությանը՝ խաղաղ և ժողովրդավարական ձևով փոխանցելով իշխանությունը։
Իսկ 2021 թ․ հոկտեմբերի 1-ին նախագահ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան և անմիջապես կալանավորվել դատավճռով, որը կայացվել էր հեռակա կարգով։ Հայտնի է, որ մեղադրանքը քաղաքական բնույթ է կրում։ Սաակաշվիլին տասնյակ նախկին պաշտոնյաներից մեկն է եղել, որոնց դատապարտել են ներկա պաշտոնյաները։
Այս մեղադրանքները երբեք չեն ճանաչվել միջազգային մակարդակում։ Սաակաշվիլին երբեք չի ձերբակալվել այս մեղադրանքներով, արտահանձնման մասին որոշումներ չեն եղել։ Նա շարունակել է աշխատել և ճամփորդել աշխարհով մեկ, քանի որ այդ մեղադրանքները ճանաչվել են որպես քաղաքական հետապնդման մի մաս», — ասված է հայտարարությունում։
Ամեն օր, մինչ վրացական կառավարությունը շարունակում է քաղաքական շարժառիթներով հետապնդել իր մրցակիցներին և նախկին պաշտոնյաներին, դա ևս մեկ օր է, որը խորացնում է կրիտիկական քաղաքական բևեռացումը Վրաստանում և անհնար է դարձնում քաղաքական ուժերի միավորումն ազգային ռազմավարական առաջնահերթությունների շուրջ»։
Նամակը ստորագրածների խոսքով՝ Վրաստանում հանրային վստահություն չկա արդարադատության համակարգի նկատմամբ։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է միջազգային մոնիթորինգի որոշակի տարրեր ստեղծել երկրում լարվածության թուլացմանն օգնելու համար։