Քվեարկություն թափքում, ինքնաթափի մեջ, անտառում կոճղի վրա։ Պուտինը սկսել է շարժվել դեպի հավերժ իշխանություն։ Լուսանկարներ/տեսանյութեր
Զարմանալի, կամ, ըստ շատերի, վրդովեցնող քվեարկություն է տեղի ունենում Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։
Եվս երկու ժամկետով իշխանության մնալու հնարավորություն Պուտինի համար, ռուս ժողովրդի առանձնահատուկ կարգավիճակ, ընտրատեղամասեր՝ սուպերմարկետների սայլակներում և մեքենաների թափքերում։ «Այո» կամ «ոչ» կարելի է ասել միայն ողջ ցանկին, այլ ոչ թե առանձին փոփոխություններին։
- Հուլիսի 1–ին Պուտինն ուզում է իր իշխանության նոր հաշվարկ սկսել։ Ինչպե՞ս է նա անելու դա և ի՞նչ շանսեր ունի հաջողելու
- Կարծիք․ Ռուսաստանը հոգնել է Պուտինից։ Ի՞նչ կարող է նա անել
- Ռուսաստան․ մեկուսացման շքերթ
Զարմանալի փոփոխություններ
Համաժողովրդական քվեարկությանը մեկ շաբաթ է տրամադրվել, 2020 թ–ի հուլիսի 1–ը վերջին օրն է։
Ընդհանուր առմամբ առաջարկվում է 269 փոփոխություն կատարել սահմանադրությունում։ Մեծ ուշադրություն են գրավել և սկանդալ առաջացրել հետևյալները․
• ռուս ժողովուրդը «պետականաստեղծ է», այդ պատճառով էլ ռուսերենն առանձնահատուկ կարգավիճակ է ստանում։
• Ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև միությունն է։
• Երկրի հիմնական օրենքում ներառվում է աստծո հասկացությունը․ «Նախնիների հիշատակ, որը մեզ ժառանգություն է թողել Աստված»։
Սակայն գլխավոր փոփոխությունը մեկն է․ բոլոր նախորդ նախագահական ժամկետների զրոյացում և նախագահի թեկնածություն առաջադրելու թույլտվություն բոլորին` ինչպես առաջին անգամ։
Դա նշանակում է, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն պաշտոնավարում է ավելի քան 20 տարի, կարող է ևս երկու անգամ վերընտրվել և այդ պաշտոնը զբաղեցնել մինչև 2036 թվականը։
Քվեարկություն ցանկի օգտին
Ռուսաստանցիները պետք է «փաթեթով» ասեն «այո» կամ «ոչ»՝ միանգամից 269 փոփոխություններին։ Թեև դրանք վերաբերում են հասարակական կյանքի բացարձակ տարբեր ոլորտների՝ քաղաքական համակարգից մինչև անձնական հարաբերությունների կարգավորում։
Քվեարկությունն անցկացվում է առանց լրագրողների և անկախ դիտորդների։
Քվեարկություն մի քանի անգամ
Իշխանությունները զեկուցում են, թե արդեն քվեարկել է քաղաքացիների 75 տոկոսը։ Ստորագրությունները թույլատրել են դնել՝ որտեղ պատահի, և դա ծայրահեղ անսովոր է։
Քվեարկել կարելի է անձամբ, առցանց կամ փոստով։
Անձնագիրը կարելի է ցույց տալ 2 մետր հեռավորությունից։
«Դոժդ» հեռուստաընկերության լրագրող Պավել Լոբկովը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ երկու անգամ հաջողությամբ քվեարկել է․ սկզբից գնացել է ընտրատեղամաս, հետո՝ մեկ ու կես ժամ անց, քվեարկել է տան համակարգչով։
Նույնպիսի փորձարկում է արել «Ձայն» շարժման փորձագետ Վասիլի Վայսենբերգը։
Իշխանությունների միակ արձագանքը դեռևս այն է, որ լրագրողի դեմ գործ են հարուցել, նրան տուգանք է սպառնում։
Զարմանալի ընտրատեղամասեր
Զարմանալի ընտրատեղամասերի վերաբերյալ սոցցանցերում արդեն հազարավոր գրառումներ կան։
Սուպերմարկետի սայլակում
Գյուղում կոճղի վրա
Թափքում
Ավտոբուսում
Շենքի մուտքի մոտ
Լրագրողների և դիտորդների բացակայությունն, ինչպես նաև ընտրատեղամասերի ազատ տեղակայումն իշխանությունները բացատրել են համավարակի ժամանակահատվածում մարդկանց առողջության մասին հոգ տանելով։