Մոսկվա, կորոնավիրուս. «Սարսափ և սեփական ժողովրդի ցեղասպանություն». բժիշկները գնահատում են իշխանությունների գործողությունները
Մոսկվայում չմտածված անցաթղթային համակարգը հարյուրավոր մարդկանց կուտակում է առաջացրել մետրոյի մուտքերի մոտ: Զատկին սպասվում են նաև մարդկանց բազմաթիվ կուտակումներ եկեղեցիներում և դրանց շրջակայքում:
Այս ամենը 10-14 օրից Ռուսաստանում կարող է բերել կորոնավիրուսի նոր բռնկման:
Աղբյուր՝ Ազատություն ռադիոկայան
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 4,785 մարդ: Ընդհանուր առմամբ ապրիլի 18-ին վարակվել են 36,793 մարդ: Նրանցից 313-ը մահացել են:
Բարի մտադրություններ
Մոսկվայի իշխանությունները ապրիլի 14-ին հայտարարեցին կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին: Դրանցից մեկը Ռուսաստանի մայրաքաղաքի մուտքի անցաթղթային համակարգի ներդրումն էր:
Անցաթուղթ պետք է ստանային բոլոր նրանք, ովքեր տեղաշարժվում են քաղաքում՝ աշխատանքի, բժշկի, տարեց հարազատներին այցելելու (65 տարեկանից բարձր մարդկանց արգելված է դուրս գալ տանից):
- Պանդեմիա, Ռուսաստան․ վարակման բռնկում, բժշկական համակարգը անպատրաստ է, բայց իշխանություններն ուզում են մեղմել մեկուսացումը
- Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում. վարակված են բոլոր երկրամասերը, մահացել է Ինգուշեթիայի հոգևոր առաջնորդը
- Սպիրտով լի պահեստներ, և դեղատներ, որտեղ չկան ախտահանող միջոցներ
Ընդհանուր առմամբ, տրվել է շուրջ 2 միլիոն անցաթուղթ: Եվ հետո կազմակերպել են դրանց ստուգումը:
Քաղաքի բոլոր մուտքերի մոտ և մետրոյի կայարաններում անձնագրերն ու անցաթղթերը ստուգելու համար կանգնեցրել են ոստիկանության պարեկներ:
Արդյունքում Մոսկվայի մուտքի մոտ առաջացել են ժամեր տևող խցանումներ: Մետրոյի կայարաններում կուտակվել է հսկայական բազմություն, որտեղ մարդիկ ֆիզիկապես չէին կարող միմյանցից ինչ-որ չափով հեռավորություն պահպանել:
Սոցցանցերը հեղեղվել են ճանապարհների խցանումների և մետրոյի կայարանների լուսանկարներով և տեսանյութերով:
Դրա հետ մեկտեղ, այն մարդիկ, ովքեր այդ օրը փորձել են տեղաշարժվել քաղաքում, եղել են ամենաանհրաժեշտ մարդիկ՝ բժիշկներ, առաքիչներ, կոմունալ ծառայությունների աշխատողներ:
Բախվելով վրդովմունքի պայթյունի՝ իշխանությունները շուտով չեղարկեցին ստուգումները, բայց վնասն արդեն անդառնալիորեն հասցվել էր:
«Կարանտինի երկու շաբաթները անիմաստ գտնվեցին»
Բժշկական գիտությունների թեկնածու, «Մեդսի» խոշորագույն բժշկական ընկերության առաջատար մասնագետ Դավիթ Մաթևոսովը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցի ընթացքում այսպես է գնահատել Մոսկվայում տեղի ունեցածը:
«Սա աղաղակող է, սա սարսափ է, սա դժոխք է և սեփական ժողովրդի ցեղասպանություն, չգիտեմ, թե էլ ինչ բառեր օգտագործեմ: Գրեթե երկուս և կես շաբաթ կարանտինն ապարդյուն անցավ: Մենք հիմա ամբողջովին զրոյացրինք այն ամենն, ինչ արեցինք 2,5 շաբաթվա ընթացքում: Զրոյացրինք սեփական անմտության պատճառով։
Բժիշկների ողջ աշխատանքը, մարդկանց լուսաբանելու ողջ աշխատանքը, «տանը մնալու» այդ բոլոր կոչերը, այդ ամենի վրա խաչ քաշվեց գրչի մեկ հարվածով և իշխանությունների կացնային մեթոդների պատճառով»:
Կանխատեսում. հաջորդ սպառնալիքը Զատիկն է
Փորձագետները վախենում են նաև Զատկին բազմության հավաքվելուց: Մոսկվայում ծիսակատարությունները կանցկացվեն առանց հավատացյալների, բայց եկեղեցիները բաց կլինեն Ռուսաստանի կեսից ավելի մարզերում:
Մոսկվայի պատրիարքարանը չկարողացավ որոշում կայացնել այս հարցի շուրջ և տարածաշրջանային թեմերին թողեց ինքնուրույն որոշել այս հարցը: Իսկ աշխարհիկ իշխանությունները հարկ չհամարեցին միջամտել:
Սա կարող է հանգեցնել մայիսի սկզբին՝ ինկուբացիոն շրջանի ավարտից հետո, համաճարակի ավելի մեծ տարածման ողջ երկրում:
Մասնագետները կարծում են, որ 7-14 օրից հետո Ռուսաստանում սպասվում է նոր բռնկում: