Նոյեմբերի 10-ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարությունը բողոքի ալիք է առաջացրել Հայաստանում։
17 քաղաքական կուսակցությունները, որոնք մինչ այդ արդեն միավորվել և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, ավելի կոշտ դիրքորոշում դրսևորեցին դրա ստորագրումից հետո։ Նույն օրվանից Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում նրանց համախոհների մասնակցությամբ։
Նախկին նախագահը հայտարարել է, որ ստորագրված փաստաթուղթը պետք է ընկալվի որպես կայացած իրողություն։ Նրա խոսքով, այս պահին պետք է գնահատել այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի։ Եվ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրա իրականացման և ղարաբաղյան հարցի վերջնական լուծման գործընթացին, քանի որ դա մոտ ապագայի խնդիր է։
Նոյեմբերի 12-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը հանդես էր եկել հայտարաությամբ, որի մեջ ասվում էր․ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին։
Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ կուսակցության այս հայտարարությունը սխալ է ընկալվել «թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում»։ Իրականում Հայ ազագային կոնգրեսը չի սատարում ներքաղաքական պայքարի մեջ մտած ճամբարներից և ոչ մեկին։
Ավելին, նախկին նախագահը նշել է, որ իշխանության համար մղվող առկա պայքարում կուսակցությունը ոչ մասնակից է, ոչ էլ կողմ.
«Մեզ մտահոգողը միայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է»: