Ռուսաստանցի լրագրող Պոզների այցը Թբիլիսիում բողոքի ցույցեր է առաջացրել
Ցույց Թբիլիսիում՝ Պոզների այցի դեմ
«Մենք Պոզներին թույլ չենք տա զվարճանալ Թբիլիսիում, որովհետև նա Պուտինի պրոպագանդիստներից է և հայտարարում է, որ Աբխազիան Վրաստանի մաս չի համարում»․ այսպիսի կարգախոսներով Թբիլիսիում բողոքում են ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզների այցի դեմ։
Նա Թբիլիսի է ժամանել չարտերային չվերթով մարտի 31-ին և ապրիլի 1-ին պատրաստվում է այդտեղ նշել իր ծննդյան օրը։ Նրա հետ Մոսկվայից ժամանել են նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ և լրագրողներ, ընդհանուր առմամբ՝ 50 մարդ։
Պոզները հյուրերի հետ ընթրելիս է եղել ռեստորանում, իսկ ակտիվիստներն այնտեղ անջատել են լույսը, հայհոյանքներ են վանկարկել և ոստիկանությունից պահանջել կասեցնել պարետային ժամի խախտումը, որը Վրաստանում գործում է ժամը 21.00-ից մինչև առավոտյան 6-ը։
ՆԳՆ-ն հայտարարում է, որ Վլադիմիր Պոզները չի խախտել օկուպացման մասին օրենքը, չի այցելել Աբխազիայի և Ցխինվալի շրջանի տարածք՝ շրջանցելով Վրաստանը, նա ԱՄՆ քաղաքացի է, և հիմքեր չկան նրան արգելելու Վրաստան գալ։
Ցույցի կազմակերպիչներից մեկը՝ «Դրոա» քաղաքացիական շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան, ասում է, որ մարդուն, որն ասում է, որ Աբխազիան չի կարող լինել Վրաստանի կազմում, չի կարելի երկիր թողնել։
Ակտիվիստները փորձել են արգելափակել «Վինոտել» հյուրանոցի մուտքը, որտեղ կանգ են առել Պոզներն ու նրա հյուրերը։