Դաժան մարտեր Ղարաբաղում, Հայաստանի սահմանամերձ գյուղերի և քաղաքների գնդակոծում։ Թարմացվում է։ Ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ
-
Ադրբեջանն ու Թուրքիան հերքել են խոցված հայկական գրոհիչի մասին լուրը
Ադրբեջանն ու Թուրքիան հերքել են Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած լուրը, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է հայկական ՍՈՒ-25 գրոհիչը։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Ֆահրեթին Ալթունն այս լուրը կեղծ է անվանել։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլին նույնպես հերքել է այս տեղեկությունը։
«Դա Հայաստանի պրոպագանդիստական մեքենայի հերթական հորինվածքն է», — նշել է նա։
-
Թուրքական կործանիչը խոցել է Հայաստանի Ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25-ը, օդաչուն զոհվել է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը
Թուրքական կործանիչն օդ էր բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էր Ադրբեջանի ավիացիայի և ԱԹՍ-ների գործողությունները, որոնք հարվածներ էին հասցնում Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված բնակավայրերին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Մարտական խնդիրը կատարելիս Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է»։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը խոցել է իսրայելական արտադրության Orbiter-1K ադրբեջանական հարվածային ԱԹՍ և ոչնչացրել հակառակորդի 12 տանկ։
-
Բաքվում Արյան բանկի մոտ կամավորների հերթ է գոյացել
Այսօր առավոտից Բաքվի Արյան բանկի շենքի մոտ կամավորների հերթ է գոյացել։ Մարդիկ եկել են արյուն հանձնելու ադրբեջանական բանակի զինծառայողների համար, որոնք շփման գծում են։
Արյան բանկի տվյալներով՝ դիմածների թիվը գերազանցել է 10 հազարը։
-
Գնդակոծության տակ է ընկել Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության ավտոմեքենան
Ադրբեջանի Թարթառի շրջանի Ղափանլի գյուղում հայկական զինուժի գնդակոծության տակ է ընկել Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության ավտոմեքենան։
Զոհեր չկան, ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
-
Հայկական կողմից խաղաղ բնակիչ է զոհվել։ Հայաստանի ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին մարտական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու մեջ
Վարդենիսի ուղղությամբ հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։
Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում հերքել էր Ադրբեջանի ՊՆ մեղադրանքները Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի ուղղությամբ Վարդենիսից հրթիռակոծության մասին։
«Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ», — ասված էր ԱԳՆ հայտարարությունում։
-
Ադրբեջանում ևս երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ընդհանուր՝ տասը զոհ կա
Ղարաբաղում սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված սրացումից ի վեր հայկական Զինված ուժերի գնդակոծության հետևանքով զոհվել է Ադրբեջանի 10 խաղաղ քաղաքացի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։
Եվս մոտ 30 մարդ է վիրավորվել։
Ադրբեջանում զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։ «Խազար» հետազոտական կենտրոնը սեպտեմբերի 27-ին հաղորդել է, որ 11 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, այս թիվը հիմնված է սոցցանցերի տեղեկությունների վրա։
Հայկական կողմից սեպտեմբերի 29-ի առավոտյան 84 զոհերի մասին է հայտարարվել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։
Qafqazinfo պարբերականը հաղորդել է, որ հայկական զինուժը երկու օրում երկրորդ անգամ է գնդակոծել բնակելի տներ Ադրբեջանի Տերտերի շրջանի Շիհարխ ավանում։
Տեսանյութ Շիհարխից․ -
Հայկական բանակն անցել է խոշոր տրամաչափի զենքի կիրառման, ուղղաթիռ է խոցվել
Այսպիսի որոշում է կայացվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ն շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակողական գործողությունների՝ կիրառելով ՏՕՍ-1, «Սմերչ» ՀԿՌՀ և այլ համակարգեր։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հաղորդել է, որ հակառակորդը հայկական կողմին ստիպում է անցնել ավելի մեծ տրամաչափի կրակային խոցման և ավելի հզոր հարվածային համակարգերի։ Դա, ըստ Շուշան Ստեփանյանի, փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալն՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:
Միաժամանակ հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ հայկական ԶՈՒ-ն Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ ուղղաթիռ է խոցել։
«Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ», — հաղորդել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
-
Ադրբեջանի Զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի զորամասը
Հայաստանի մամուլի քարտուղարի խոսքով՝ նաև ավիացիա է կիրառվել։
«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները», — հաղորդել է Շուշան Ստեփանյանը։
Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է հրդեհվել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոշտ պատասխան է խոստանում հայկական ԶՈՒ կողմից։
-
Դաժան մարտեր Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով․ Ադրբեջանի պաշտպանության նախարար
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը հայկական Զինված ուժերը բազմիցս փորձել են ապարդյուն հակագրոհել՝ վերադարձնելու համար Ֆիզուլի-Ջաբրայիլ և Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ կորցրած դիրքերը»։
«Հակառակորդը ստիպված է եղել նահանջել՝ կրելով կորուստներ», — հաղորդում է պաշտպանության նախարարությունը։ Լարված մարտերը շարունակվում են հենց այս պահին։
-
Նորություններ, ռեպորտաժներ, լուսանկարներ/տեսանյութեր Ղարաբաղում 2020 թ-ի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ
Ռազմակամ գործողություններ Ղարաբաղում, թարմացվում է։ Լուրեր և ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ
Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7-ին մասշտաբային ռազմական գործողություններ են սկսվել Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին։ Հաղորդվում է երկու կողմից տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։