Կրեմլի շահերի մասին․ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ընկերոջ՝ Հայաստանի նախկին նախագահի ծննդյան օրը
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը։ Նրանք երկուսն էլ չեն թաքցնում ընկերական հարաբերությունները։ Հայկական լրատվամիջոցները հաղորդում էին անգամ, որ Պուտինը Հայաստանի նոր իշխանություններին խնդրել է կալանքից ազատ արձակել Քոչարյանին, երբ նա դեռ բանտում էր։
Քոչարյանը կալանավորվել է 2018 թ–ի հուլիսի 28–ին։ Հայաստանի նախկին նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Խոսքը 2008 թ–ի մարտին տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ էր զոհվել։
Հայաստանի կառավարությունը, որն իշխանության է եկել 2018 թ–ի «թավշյա» հեղափոխությունից հետո, այս գործին առանձնակի ուշադրություն է դարձնում։
Քոչարյանի փաստաբանները բազմիցս պահանջել են փոխել խափանման միջոցը, և երեք անգամ նրանց հաջողվել է հասնել դրան, որ իրենց վստահորդը կալանքից ազատվի։ Վերջին անգամ Քոչարյանն ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանի 2020 թ–ի հունիսի 19–ի որոշմամբ 2 մլրդ դրամ գրավով։ Սա գրավի աննախադեպ մեծ գումար է Հայաստանի համար։ Գլխավոր դատախազությունն ազատ արձակման որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն այն դեռ չի քննվել։
Այսպես կոչված «Մարտի 1»–ի գործով դատավարությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրված Հայաստանի նախկին նախագահին, շարունակվում է։
• Պուտինը Երևանում հանդիպել է Հայաստանի նախկին նախագահի տիկնոջ հետ
• Հաղթանակի շքերթին մասնակցելու Հայաստանի վարչապետի մերժումը չի նեղացրել Մոսկվային
• Հայաստանի նախկին նախագահը բանտից դուրս գալուց հետո առաջին մեծ հարցազրույցն է տվել
Քոչարյանի աշխատանքի գնահատականը
Կրեմլի կայքը հաղորդում է, որ այս տարի ՌԴ նախագահը ոչ միայն «ջերմորեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին» հեռախոսով, այլև պաշտոնական հեռագիր է հղել նրան։ Դրանում, մասնավորապես, ասված է․
«Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը JAMnews–ին իր կարծիքն է հայտնել, թե ինչ են նշանակում Ռուսաստանի նախագահի ամենամյա շնորհավորանքները․
«Շնորհավորանքը քաղաքական աջակցության յուրօրինակ ժանր է։ Երեկ, օրինակ, Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան օրն է շնորհավորել Ռամզան Կադիրովը, և դա նույնպես քաղաքական աջակցության նշան է։
Ռոբերտ Քոչարյանի պարագայում Վլադիմիր Պուտինն այդ կերպ արտահայտում է իր քաղաքական վերաբերմունքը։ Եվ ոչ միայն Քոչարյանին, այլև, օրինակ, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր–Պետրոսյանին, որոնց նա, կարծես, առանձնապես չի շնորհավորում։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նման հուզումնառատ վերաբերմունքը պատահական չէ։ Այդ կերպ նրանից Հայաստանում Ռուսաստանի շահերի գլխավոր պաշտպանի կերպար են հյուսում։ Իսկ դա գլխավոր գործոնն է, որով ղեկավարվում է ռուսական իշխանությունը»։