Պուտին-Էրդողան հանդիպում. պայմանավորվածություններ տարածաշրջանի և ռիսկեր՝ Հայաստանի համար. կարծիք
Պուտին-Էրդողան պայմանավորվածություններ
Հայաստանի հասարակությունը լարված սպասում էր Պուտին-Էրդողան հանդիպմանը և քննարկում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների հնարավոր հետևանքները։ Փորձագիտական շրջանակներում ասում էին, որ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում «հայկական շահերն են, որպես կանոն, դառնում են սակարկության առարկա»։
Սոչիում օգոստոսի 5-ին կայացած բանակցությունների ավարտից հետո Կրեմլը հրապարակել է համատեղ հայտարարության տեքստը։ Տարածաշրջանին նվիրված է միայն մեկ պարբերություն, որում որոշումների դետալները բացակայում են.
«Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ, բաց և վստահելի հարաբերությունների առանցքային նշանակությունը՝ տարածաշրջանային և միջազգային կայունության հասնելու համար»։
Հայ վերլուծաբանի կարծիքն այն մասին, թե ինչ թեմաներ կարող էին շոշափել նախագահները, ինչպես կարող են նրանց պայմանավորվածություններն ազդել ողջ Հարավային Կովկասի վրա, ինչ ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Կովկասը՝ ռուս-թուրքական պայմանավորվածությունների սակարկության առարկա
«Հնարավոր չէ, որ Սոչիում Պուտինն ու Էրդողանը չխոսեին տարածաշրջանում առկա իրավիճակի, Լեռնային Ղարաբաղում լարվածության մասին։ Այս թեմաները, կարծում եմ, չորս ժամվա ընթացքում քննարկվել են մեծ փաթեթով։ Սա նշանակում է, որ ռուս-թուրքական «առևտրի» ենթակա հարցերը քննարկվել են բավականին մանրամասնորեն։
Այս համատեքստում հետաքրքիր է Պուտինի հետ հանդիպման պրոտոկոլային մասում Էրդողանի այն ձևակերպումը, թե «ամբողջ աշխարհն այժմ ուշադրությամբ հետևում է Սոչիի հանդիպմանը, և այս հանդիպումից հետո, հավանաբար, լավագույն արձագանքը կուղարկվի այդ շրջանակներին»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ իրենք «նոր էջ կբացեն թուրք-ռուսական հարաբերություններում»։
Նոր էջը նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում նոր տարր է մտցվել։
Ռուս-թուրքական հարաբերությունների հիմնական տարածաշրջանային թեմաներն են՝ Սիրիան, Լիբիան, Կովկասը՝ Ղարաբաղի հարցով, Ուկրաինան և մասամբ Կենտրոնական Ասիան։ Բալկանները կարող են նոր էլեմենտ դառնալ նոր էջում՝ հաշվի առնելով Կոսովոյի վերջին սրացումը։ Եվ չի բացառվում, որ Կովկասը կամ մեկ այլ ուղղություն կարող է սակարկության առարկա դառնալ նոր պայմանավորվածությունների շրջանակներում»։
Հայկական շահերը կրկին վտանգված են
«Ընդհանուր առմամբ, կայունությունը Կովկասում ռուսների համար կարևոր է ուկրաինական պատերազմի ֆոնին, ինչը զգալիորեն նվազեցնում է Ռուսաստանի կարողությունը՝ հետ մղելու ցանկացած ագրեսիա կամ էսկալացիա տարբեր ուղղություններով։ Բայց ի՞նչ գնով նրանք կարող են ստանալ այս կայունությունը տարածաշրջանում։ Սա, որպես կանոն, տեղի է ունենում հայերի հաշվին։ Ամեն անգամ ռուս-թուրքական գործարքն իրականացվում է հայկական շահերի հաշվին։
Այս համատեքստում պաշտոնական Երևանի հայտարարությունը միջազգային մեխանիզմների կիրառման հնարավորության մասին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ղարաբաղի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, ավելի շուտ կանխարգելիչ քաղաքական քայլ էր։
Պուտին-Էրդողան բանակցություններից մեկ օր առաջ Հայաստանի վարչապետը խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների պարտավորությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերից այստեղ տեղի ունեցած իրադարձությունները «ռուս խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ»։ Խոսքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, հայ զինվորականների գերեվարման ու տարածքների գրավման մասին է։
Փաշինյանի խոսքով՝ կան «խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր»։ Իսկ եթե Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունները բավարար չեն մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, ուրեմն «անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։
Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ եթե հերթական անգամ ռուս-թուրքական հարաբերությունները կառուցվեն հայերի հաշվին, ապա Հայաստանը, որն այլևս կորցնելու ոչինչ չի ունենա, կփորձի ներգրավել միջազգային խաղացողներին։
Այս մասին ասվել է Սոչիի հանդիպման նախօրեին և Արցախում ադրբեջանական ագրեսիայից հետո։ Իսկ Փաշինյանի հայտարարությունը գուցե հենց փորձ էր կանխել Պուտինի կողմից հերթական զիջումը Հայաստանի շահերի հաշվին»։
Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության գոտիների ընդլայնում
«Ռուսաստանը խոշոր խաղացող է, Թուրքիան էլ փորձում է ավելի կարևոր դառնալ։ Անկախ նրանից, թե ինչ ազդեցություն են ունենում տարբեր ուղղություններով նրանց ձեռնարկած գործողությունները, նրանք փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտիները և մեծացնել իրենց քաղաքական դերը։
Ռուսները թուրքերի հետ աշխատելու փորձ ունեն, և հիմա Ռուսաստանը ցանկանում է ակտիվացնել Թուրքիային՝ Բալկաններում վերջինիս հետ համագործակցելու համար։ Ռուսները կնախընտրեին, որ Թուրքիան Բալկաններում աշխատի ոչ թե ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի հետ, կամ գոնե նաև նրա հետ: Կոսովոյում տիրող լարվածությունը կարող է նպաստել նման ծրագրի իրականացմանը, հատկապես, որ Թուրքիան վաղուց է հետաքրքրված Բալկաններով:
Թուրքիան ուղղակիորեն չէր աշխատի Արևմուտքի դեմ՝ հասկանալով, որ առանց նրա խոշոր խաղացողի համար անհրաժեշտ կշիռ չունի։ Թուրքիան կփորձեր աշխատել երկու կողմերի հետ՝ վաճառելով իր ծառայությունները և՛ Ռուսաստանի Դաշնությանը, և՛ Արևմուտքին, ինչն էլ, ըստ էության, հիմա անում է»։
Ռիսկեր Հայաստանի համար
«Հայաստանից կարող են ինչ-որ բան քամել Ղարաբաղի հարցում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են պարտադրել Երևանի համար անընդունելի որոշումներ։
Իհարկե, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Եվ պետք է հաշվի առնել, որ մինչ այժմ ռուս-թուրքական լիարժեք համագործակցություն չի եղել, բայց, այնուամենայնիվ, ռիսկեր կան։
Ցավոք սրտի, ռիսկեր կան նաև հակառակ կողմից։ Մասնավորապես, ԱՄՆ-ն իր աջակցությունն է առաջարկել Ալիևին և հայտարարել ճանապարհների շուտափույթ ապաշրջափակմանն աջակցելու պատրաստակամության մասին։
Արդյոք այս հայտարարությունը մրցակցում է ռուս-թուրքական կամ առանձին վերցրած ռուսական դիրքորոշման հետ, առայժմ դժվար է ասել, ոչինչ միանշանակ չէ։
ԱՄՆ-ը կարող է փորձել ինչ-որ կերպ հակադրվել Կովկասի քաղաքական օրակարգի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածություններին։ Եվ պարզ չէ, թե դա ինչպես կանդրադառնա Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա, կհանգեցնի՞ նրանց կապերի էլ ավելի սերտացման, թե՞ հակառակը՝ կբարդացնի նրանց հարաբերությունները։
Բայց կա նաև իրանական խնդիրը, որից սկզբունքորեն կախված են տարածաշրջանի մնացած բոլոր հարցերը։ Եթե Իրանի հարաբերություններն Արևմուտքի հետ գնան դրական և կառուցողական ուղղությամբ, ապա Արևմուտքը կփորձի նվազեցնել ռուս-թուրքական և թուրք-ադրբեջանական ազդեցությունը մեր տարածաշրջանում։
Եթե Արևմուտքը չկարողանա համաձայնության գալ Իրանի հետ, ապա կփորձի լուծել երկու խնդիր։ Առաջինը՝ թուլացնել ոչ միայն իրանական, այլև ռուսական ազդեցությունը, ինչպես նաև Իրան-Ռուսաստան կապի հնարավորությունը։ Երկրորդը՝ վերը նշված խնդիրների լուծման համար կփորձի ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, քանի որ այդ երկու երկրներն էլ բավականաչափ վերահսկելի են Արևմուտքի համար։
Չի կարելի բացառել նաև, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում կգործի ռուսների հետ համագործակցությամբ։
Օրինակ՝ հուլիսի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Լավրովի և Բլինքենի միջև, սա նրանց առաջին խոսակցությունն էր ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներն էին այցելել Կովկաս։ Ոչ ոք չի կարող բացառել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կփորձեն միասին ինչ-որ բան անել Կովկասում։ Եվ կրկին հնարավոր է, որ սա լինի Հայաստանի շահերի հաշվին։
Ոչինչ միանշանակ չէ, կան մեր ավանդական ռիսկերը՝ մեր շահերի ցավոտ առևտուր ռուս-թուրքական համագործակցության համատեքստում, ճնշման ռիսկեր Իրանի շուրջ լարվածության հետևանքով։ Ամեն դեպքում, ով էլ ինչ անի ամենը մեր շահերի հաշվին է լինելու, քանի որ մենք թույլ ենք»։
Պուտին-Էրդողան պայմանավորվածություններ