Պուտինի վարկանիշը Ռուսաստանում հասել է վերջին հինգ տարվա իր առավելագույն ցուցանիշին
«Լևադա-կենտրոնի» նյութերի հիման վրա
Մոսկովյան «Լևադա-կենտրոն» սոցիոլոգների խումբը ծուղակ-հարցով փորձել է հասկանալ Պուտինի նկատմամբ մարդկանց տրամադրվածությունը: Նրանք հորինել են Ռուսաստանի նախագահի գոյություն չունեցող թեկնածու «Անդրեյ Սեմյոնովին» և նրա վերաբերյալ հարցում անցկացրել: Հարցն այսպես էր հնչում. Անդրեյ Սեմյոնովին աջակցում է Վլադիմիր Պուտինը, արդյո՞ք նախագահական ընտրություններին դուք պատրաստ եք աջակցելու այդ թեկնածուին:
Պարզվել է, որ «Սեմյոնովի» համար պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 18-ը: Ընդ որում, հարցվածների 15%-ը պատրաստ է սատարելու այդ թեկնածուին նույնիսկ չնայած այն բանին, որ ոչինչ չի լսել նրա մասին:
Նախագահական ընտրությունները պետք է կայանան Ռուսաստանում 2018թ-ի մարտին: «Լևադա-կենտրոնի» վերջին հարցման ժամանակ (2017թ-ի օգոստոս) ռուսաստանցիների 67%-ն ասել է, որ ուզում է՝ Վլադիմի Պուտինն իրենց երկրի նախագահ մնա 2018թ-ից հետո: Սա Պուտինի ամենաբարձր վարկանիշն է վերջին հինգ տարում:
Պուտինի գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնու օգտին այդ հարցման ընթացքում ցանկություն է հայտնել քվեարկելու հարցվածների 2%-ը:
«Լևադա-կենտրոնի» փորձագետները, սակայն, առաջարկում են հաշվի առնել, որ ավանդական սոցհարցումներն անպիտան են այն երկրներում, որտեղ գրաքննության, քաղաքական ընդդիմադիրների վախեցման և ուղղակի բռնաճնշումների փաստեր են գրանցվում: Այդ պայմաններում հարցվածները նախընտրում են տալ պատասխաններ, որոնք վկայում են իշխանության հանդեպ նրանց հավատարմության մասին: