Պուտինը չի բացառել, որ Ուկրաինայում կտեղակայվեն ՄԱԿ-ի խաղաղապահներ, Կիևը բողոքում է ձևակերպման դեմ
Ելույթ ունենալով հեռավորարևելյան տնտեսական ֆորումում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ—արևելքում ՄԱԿ—ի զինված խաղաղապահներ տեղակայելու գաղափարն իրեն ճիշտ է թվում: Խաղաղապահ առաքելությունը, նրա խոսքով, հակամարտության գոտում մոնիթորինգ անցկացնող ԵԱՀԿ ներկայացուցիչներին պաշտպանելն է:
Այն, որ Դոնբասի հակամարտության գոտում անհրաժեշտ է խաղաղապահ կոնտինգետ, ի սկզբանե պնդում էր Ուկրաինան: Համաձայն Մինսկի համաձայնագրի՝ դա պետք է դառնար առաջին քայլը, որպեսզի անջատողականների կողմից այժմ վերահսկվող տարածքներում անցկացվեն տեղական ընտրություններ՝ ուկրաինական օրենքներով:
Սակայն Պուտինի հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է, որ խաղաղապահները կտեղակայվեն բացառապես միայն կողմերի սահմանազաման գծի վրա: Այն դեպքում, երբ Ուկրաինան անհրաժեշտ է համարում նրանց վերահսկողությանը հանձնել նաև ռուս—ուկրաինական սահմանը, որով, ինչպես ենթադրում է Կիևը, Դոնբասը ստանում է ռազմական օգնություն է և ռուս վարձկաններ:
Հետևաբար, Ուկրաինայի ԱԳՆ—ն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ «Ռուսաստանը փորձում է աղճատել խաղաղապահ գործողության գաղափարը և նպատակները»:
Կիևը հայտարարել է, որ Մոսկվան հերթական անգամ փորձում է Ռուսաստանի ագրեսիան ներկայացնել որպես Ուկրաինայի ներքին հակամարտություն:
Սակայն Ուկրաինայի ԱԳՆ—ն նաև ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել Ռուսաստանի նախագահի հայտարարությունը՝ Դոնբասում ՄԱԿ—ի խաղաղապահներ տեղակայելու հավանականության վերաբերյալ:
Միջազգային փորձագետները կարծում են, որ խաղաղապահների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը ցանկացած դեպքում նշանակում է հստակ զիջում այս հակամարտության մեջ: Դոնբասում ՄԱԿ—ի խաղաղապահների հայտնվելը կնշանակի ռազմական բախումների և սադրանքների ավարտ, ինչպես նաև զգալիորեն կբարդացնել հակամարտության սրումը: