Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին
Հայաստանում կայացած ընտրություններում տարած հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Եվրամիության երկու տասնյակ երկրների ղեկավարներ։ Դաշնակից Ռուսաստանից, սակայն, դեռևս որևէ ուղերձ չի ստացվել։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է՝ սպասում են ՀՀ ընտրությունների վերջնական արդյունքներին։
«Գիտեք, կային շատ անհասկանալի կետեր։ Մենք տեսել ենք բազմաթիվ հաղորդագրություններ խախտումների մասին։ Հետևաբար, մենք, ամեն դեպքում, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացություններին»,- հայտարարել է Պեսկովը։
Ընտրություններին մասնակցող ռուսամետ ուժերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» ու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», կիսում են Մոսկվայի տեսակետն ու բարձրաձայնում, այսպես կոչված, խախտումների մասին։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե ամեն օր այս ուժերի հետ կապված ընտրակաշառքի բացահայտումներ էր անում քարոզարշավի ողջ ընթացքում և նույնիսկ ընտրությունների օրը։
Տեղական և միջազգային դիտորդական առաքելություններն արձանագրել են՝ ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն հայտնաբերվել։
«Ամենածիծաղելին այն է, որ աշխարհում միակ երկիրը, որտեղ հարցականի տակ է դրվում ՀՀ-ում կայացած ընտրությունների լեգիտիմությունն ու օրինակությունը, այս պահի դրությամբ ՌԴ-ն է»,- նկատում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Տելեգրամյան տարբեր ալիքներ հիշեցնում են, որ նախկինում Մոսկվան չի հապաղել շնորհավորել ՀՀ ղեկավարներին։ Չնայած ընտրակեղծիքներին և հետընտրական զարգացումներին՝ ՌԴ-ն ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց անմիջապես հետո շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան օրեր անց՝ հունիսի 14-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մինչ այդ ամփոփի վերահաշվարկի գործընթացը։
ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմումներ է ստացել 3 քաղաքական ուժերից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևեր» կուսակցությունից։ Խորհրդարան անցնելու համար ԲՀԿ-ին պակասում է ընդամենը 0,004 տոկոսային կետ։
Հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 9,934 տոկոս ձայն։
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
- ՀՀ խորհրդարանական ընտրություններ-2026. կարևոր իրադարձությունները, լուսանկարներ և տեսանյութեր
- Ճակատագրական ընտրություններ ՀՀ-ում. ընտրողների 40%-ը ոչ ոքի չի վստահում
«Ընդդիմության ճնշում և ԵՄ միջամտություն»․ էլ ի՞նչ է հայտարարել Մոսկվան
ՀՀ խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պնդել է՝ ընտրություններն անց են կացվել «ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում»։
«ԿԸՀ կողմից հրապարակված նախնական արդյունքները ցույց են տալիս, որ իր հաղթանակի մասին հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ»,- հայտարարել է նա։
Թեև ՔՊ-ն ավելի շատ քվե է ստացել (727․827 ձայն), քան 2021 թ․-ի արտահերթ ընտրությունների ժամանակ (688 761 ձայն), Զախարովան հակառակն է պնդել։ Մասնավորապես՝ նշել է, որ «նախորդ ընտրական ցիկլի համեմատ աջակցությունը զգալիորեն նվազել է»։
«Ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը խիստ բևեռացված է։ Այս պայմաններում Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը՝ առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա բաժանում և սոցիալ-տնտեսական ցնցումներ»,- նկատել է նա։
Մոսկվան հայտարարել է Երևանի կողմից ազատ ընտրություններ անցկացնելու ժողովրդավարական սկզբունքների և ընթացակարգերի «կոպիտ խախտման» մասին։
ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ընտրական գործընթացում ՀՀ ներկայիս վարչակազմը «հետապնդումները» կենտրոնացրել է բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք պաշտպանում են՝
- «հանրապետության կենսականորեն կարևոր միության ամրապնդումը Ռուսաստանի հետ,
- Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը, այդ թվում՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին»։
«Գեթ մեկ քվե չի կեղծվել»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը հայտարարել է՝ ձայների հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե չի գողացվել կամ կեղծվել․
«Որևէ տեղամասից չկա գոնե մեկ վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ, ով քվեարկության արդյունքների կեղծման մասին հասցեական ահազանգ կտա։ Չկա։ Չկա նաև նման բանի մասին վկայող որևէ տեսանյութ»։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ՝
- ձայների հաշվարկն իրականացնող ընտրական հանձնաժողովների անդամների կեսը (8–ից 4–ը) ընդդիմությունից էր նշանակված,
- բոլոր տեղամասերում եղել են հիմնական ընդդիմադիր ուժերի վստահված անձինք,
- համարյա բոլոր տեղամասերում եղել են դիտորդներ կամ լրագրողներ,
- տեղամասերի տեսախցիկների մոտ 98 տոկոսը նորմալ աշխատել է։
Փորձագետի գնահատմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված նախնական տվյալների և որոշ տեղամասերի արձանագրությունների միջև առկա տարբերությունները դեռ չեն նշանակում ընտրակեղծիք։
«Նախնական արդյունքները մուտքագրվում են ձեռքով, ու հնարավոր են տեխնիկական վրիպակներ։ Վերջնական արդյունքները ձևավորվում են ոչ թե այդ մուտքագրման, այլ տեղամասերում ստորագրված արձանագրությունների ստուգված տվյալների հիման վրա»,- ընդգծել է նա՝ հորդորելով սպասել վերահաշվարկի գործընթացի ամփոփմանն ու ընտրությունների վերջնական արդյունքներին։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի մեկնաբանությունը
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութեր, որոնցում արձանագրել է․
«Ռուսները սկսել են խոսել այն մասին, թե ՀՀ-ում ընտրությունները կեղծված են, ինչում ասես մեզ մեղադրում են։ Գիտեք՝ ինչի է նման, որ մարդ մի ալկաշ բարեկամ ունենա, որը քեզ հանկարծ ասի՝ լսի, խմելը լավ բան չի, դու մի խմի։ Կամ պատկերացրեք, մեղմ ասած, բարոյական արժեքներից զուրկ մարդ լինի, ով ձեզ ասի՝ պիտի բարոյական ապրես։
Ո՞վ է խոսում ընտրակաշառքներից, ընտրակեղծարարություններից, ով է խոսում ընդհանրապես թափանցիկ ընտրություններից։ Մի հատ վերջին իրենց նախագահական ընտրությունները նայեք, թե ինչ է կատարվել իրենց երկրում։
Ինչո՞ւ է Ռուսաստանի ռեակցիան այսպես խայտառակ։ Ինչո՞ւ են ՌԴ նախագահի խոսնակը, ԱԳՆ խոսնակը հանկարծ որոշել քննարկել ՀՀ-ում ընտրական գործընթացների որակը։
Ռուսներն, ըստ էության, պաս են տալիս Հայաստանում իրենց գործակալական ցանցին, պաս են տալիս այստեղ իրենց գործիքներին, որպեսզի վերջիններս սկսեն խժդժություններ, ինչ-ինչ «հետընտրական գործընթացներ», կասկածի տակ դնեն ՀՀ-ում ընտրական գործընթացների որակը՝ դրանով իսկ թուլացնեն Հայաստանի իշխանություններին և ՀՀ-ն։
Ընդ որում, կա 2 սցենար՝
- կամ ուզում են հենց հիմա հիբրիդային նոր առճակատում սկսել Հայաստանի դեմ,
- կամ հող են նախապատրաստում ավելի հարմար պահի, երբ կսաստկացնեն նաև իրենց տնտեսական ու էներգետիկ հարվածները, հարցը բարձրացնելու համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին