Պետանվտանգության ծառայություն. հատուկ գործողության արդյունքում չեզոքացվածն իսկապես Ահմեդ Չատաևն էր
© Impact Press Group / SIPA / Scanpix / LETA
Թբիլիսիում նոյեմբերի 22-ին անցկացված հատուկ գործողության արդյունքում իսկապես չեզոքացվել է Ահմեդ Չատաևը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետական անվտանգության ծառայության` հասարակայնության հետ կապերի ղեկավար Նինո Գիորգոբիանին։
Ահմեդ Չատաևը «Իսլամական պետություն» կազմակերպության ստորաբաժանումներից մեկի առաջնորդն էր, որը մեղադրվում էր 2015թ. Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչության կազմակերպման մեջ։
«Գաբրիել Սալոսի փողոցում անցկացված հատուկ գործողության արդյունքները հետևյալն են. ամերիկացի գործընկերների օգնությամբ անցկացված փորձաքննությունը, այդ թվում ԴՆԹ վերլուծություն և մատնահետքեր (դակտիլոսկոպիկ փորձաքննություն), հաստատել է, որ չեզոքացվածներից մեկը Ահմեդ Չատաևն է», — հայտարարել է Նինո Գիորգոբիանին։
Նրա խոսքով` այժմ պարզում են` ինչպես են այդ անձիք ներթափանցել Վրաստան։
«Հանցավոր խմբի մոտ որևէ նույնականացնող փաստաթուղթ չի հայտնաբերվել։ Նրանց ինքնությունը պարզելու գործընթացում ներգրավվել են մեր միջազգային գործընկերները։ Ընթացող քննությունը կպարզի` ինչպես է այդ խումբը հայտնվել Վրաստանում, ինչպես նաև նրանց հնարավոր կապերն այլ հնարավոր իրավախախտների հետ», — հայտարարել է Գիորգոբիանին։
Նոյեմբերի 22-ին Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում անցկացված հատուկ գործողության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները չեզոքացրել են ահաբեկչական խմբավորումների հետ կապված 3 մարդու։ Մինչ այդ նրանք ձերբակալել էին խմբի մեկ անդամի։